News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին եւ հանձնաժողովի անդամներին:

Վարչապետը, ջերմորեն ողջունելով հյուրերին, նշել է, որ մեծ պատիվ է կառավարությունում ընդունել Նիկոլայ Ռիժկովին, ով իր ավանդն է ներդրել հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները եւ նշել, որ դրանք ավելի քան անկեղծ են: Կարեն Կարապետյանի խոսքով՝ երկու երկրներն ունեն մեծ ներուժ էլ ավելի ընդլայնելու եւ խորացնելու համագործակցությունը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ միջխորհրդարանական, միջկառավարական եւ միջտարածաշրջանային հարթակներում: «Մենք ունենք լավ հնարավորություններ հայ-ռուսական հարաբերություններն օրինակելի դարձնելու համար: Բարեկամությունը մշտապես ամրապնդվում է, եթե այն արդյունավետ է, ազնիվ եւ ճիշտ»,- նշել է ՀՀ վարչապետը:

Նիկոլայ Ռիժկովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ Կարեն Կարապետյանին մաղթել հաջողություններ ՀՀ վարչապետի պաշտոնում: Նիկոլայ Ռիժկովն ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ կապերի հետագա զարգացմամբ եւ ավելացրել, որ միջխորհրդարանական հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել են նաեւ զբոսաշրջության եւ մշակույթի բնագավառներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահի խոսքով՝ Հայաստանն ունի տնտեսությունն առաջ մղելու լուրջ խնդիր եւ ընդգծել, որ պատրաստ է աջակցություն ցուցաբերել հայաստանյան գործընկերներին՝ տարբեր հարցերի եւ խնդիրների լուծման գործում:

Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում համագործակցությանը՝ Կարեն Կարապետյանը հույս է հայտնել, որ օրերս կընդունվի որոշում, որով ՌԴ քաղաքացիներին կթույլատրվի Հայաստան այցելել ներքին անձնագրերով, ինչը կնպաստի նաեւ զբոսաշրջության խթանմանը: Այդ համատեքստում, կարեւորվել է նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ նախապատրաստվող միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանն ուղղված համաձայնագրի ստորագրումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ