News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Օրինապահ հարկատուները կարող են արտոնություններ ստանալ, բնակելի շենքերի տարածքում գործող գիշերային ակումբների հարցը կփորձեն լուծել, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներն էլ պետության անունից գործունեություն կծավալեն արտերկրում: Կառավարության այսօրվա նիստում քննարկված հարցերից են: Բայց նախ՝ զոհված եւ հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին ֆինանսական աջակցության հարցի մասին: Նախագահի հետ ծրագիրը քննարկած պաշտպանության նախարարն այսօր այն ներկայացրել է նաեւ կառավարության անդամներին: Հիշեցնենք, որ նախատեսվում է զոհված եւ առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին միանվագ 10 մլն. դրամ, երկրորդ կարգի հաշմանդամ զինծառայողներին՝ միանվագ 5 մլն. դրամ ապահովագրական վճար հատկացնել: Այդ նպատակով հավելյալ ֆինանսական միջոցներ կհատկացվեն հատուկ ֆոնդից, ուր կհավաքվեն պետության եւ հասարակության միջոցները. յուրաքանչյուր աշխատող քաղաքացի ֆոնդին ամսական հազար դրամ կվճարի:

«Զինվորական ծառայության անցնելու մասին» օրենքում փոփոխություններ պետք է կատարվեն: Դրանք Բժշկական համալսարանի Ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողների համար են: Վիգեն Սարգսյանի հավաստմամբ, մի շարք ուսանողներ պետության ֆինանսավորմամբ անվճար կրթություն են ստանում, բայց վերջին քննությունը պատահաբար ձախողում են:

15 երկրներում Հայաստանի դեսպանությունները տեղեկատվական տեխնոլոգիաների գծով Հայաստանի ներկայացուցիչներ կունենան: Առաջարկը ներկայացրել են հենց ոլորտի ընկերությունները: Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին հանձնարարել է նման հնարավորության հարցը նաեւ քննարկել բիզնեսի հետ:

Բազմաբնակարան շենքերից պետք է վերացնել գիշերային ակումբները: Վարչապետն առաջարկում է նման հաստատությունները շենքերից որոշակի հեռավորությամբ պահել, նաեւ օրենսդրական այնպիսի լուծում ներկայացնել, որ բիզնեսը նոր տեղ փնտրելու ժամանակ ունենա:

Բարեխիղճ հարկատուները, հնարավոր է, որոշակի արտոնություններ ունենան: Պետեկամուտների կոմիտեի նախագահն առաջարկել է հարկատուների դասակարգում մտցնել եւ օրինապահ հարկատու հասկացությունը ներդնել: Կենտրոնական բանկի նախագահին Կարեն Կարապետյանն առաջարկել է հարցը քննարկել առեւտրային բանկերի հետ:

Անդրադարձ է եղել նաեւ Ախթալայում գտնվող Միքայել Արամյանցի առանձնատան աղետալի վիճակին: 2013 թվականին այն ընդգրկվել է Նորահայտ պատմության եւ մշակույթի հուշարձանների ցանկում, բայց սեփականատերը չի կատարում ստանձնած պարտավորությունները: Խնդրով մտահոգ մտավորականները բաց նամակով դիմել են վարչապետին, նա էլ Դավիթ Հարությունյանին հանձնարարել է զբաղվել խնդրով:

Ինչպես է պաշտոնական Երեւանը վերաբերվում Ադրբեջանում անցկացվող լայնածավալ զորավարժություններին: Հարցը լրագրողներն ուղղել են արտաքին գործերի փոխնախարարին: Շավարշ Քոչարյանի կարծիքով՝ սա եւս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Բաքուն շարունակում է տորբեդահարել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները:

Գործադիրի նախորդ նիստից հետո Քաղցրաշեն համայնքի խաղողագործները գյուղնախարարին բողոքել էին մթերած խաղողի դիմաց կուտակված պարտքերի մասին: Իգնատի Առաքելյանից այսօր հետաքրքրվել են, թե ինչ առաջընթաց կա այս հարցում: Նախարարը վստահեցրել է. արդեն գործնական քայլեր են ձեռնարկվել:

Նաիրիտցիներն այսօր գործարանի վերագործարկման պահանջով կրկին ցույցի էին դուրս եկել: Այս անգամ նրանք կարճ ժամանակով փակել են Ամիրյան փողոցի եւ Տիգրան Մեծի պողոտայի երթեւեկությունը։ Ճանապարհները բացել փորձող ոստիկանների հետ նաեւ բախում է տեղի ունեցել: Ցույցի մասնակիցները դժգոհություն, միաժամանակ տարակուսանք են հայտնել գործարանի պահպանության ծառայության աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու կապակցությամբ: Սերգեյ Պապյանի տեղեկացմամբ, իրենց փոխարեն ոստիկանների են ընդունում։

Շոկոլադ՝ արտասովոր «հավելումով»: Վանաձորի բնակիչներից մեկը «Գրանդ Քենդի» ընկերության շոկոլադներից է գնել, որոնց մեջ որդեր են եղել: NEWS.am-ին այս մասին ահազանգած քաղաքացին պնդում է. առաջին դեպքը չէ, երբ իրեն ժամկետանց կոնֆետ են վաճառում: «Գրանդ Քենդի»-ի գլխավոր գրասենյակից պարզաբանում են. ընկերության արտադրանքը տարածվում է հանրապետության ամբողջ տարածքում, եւ իրենք պատասխանատու չեն այն բանի համար, որ որոշ խանութներում մի շարք ապրանքատեսակ չեն վաճառվում եւ դրանք իրացնում են նույնիսկ ժամկետն անցնելուց հետո:

Երեւանում այսօր ներկայացվել է ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը՝ նվիրված 1988-ի աղետին: Ֆիլմը հուզել է հանդիսատեսին պատմությամբ եւ հերոսների ապրումներով: Բայց դեռեւս պրեմիերայից առաջ այն հետաքրքրություն էր առաջացրել «Օսկար»-ի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ներկայացված լինելու փաստով: Ժապավենը, սակայն, այդպես էլ չի ընդգրկվել անվանակարգում։ Լրագրողների հետ զրույցում ռեժիսորը մանրամասնել է, թե ինչն էր «Օսկար»-ի չառաջադրվելու հիմնական խոչընդոտը:

Նոյեմբերի 9-ին դոլարը շարունակել է զիջել դիրքերը: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 521, ռուբլունը՝ 7 դրամ 54 լումա, ֆունտինը՝ 592 դրամ։

Նոյեմբերի 11-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ