News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունից հետո տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ արձանագրված միջադեպերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննության արդյունքում որոշում է կայացվել դադարեցնել բոլոր 19 մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է   ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

2015 թվականի հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյան ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ռուսական թիվ 102 ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու պահանջով 2015 թվականի հունվարի 15-ին` ժամը 17:00-ին, Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում սկսվել է ինքնաբուխ հավաք, երթ, որի ժամանակ արձանագրվել են տարբեր միջադեպեր. խաթարվել է Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի երթեւեկությունը, տարբեր առարկաներ նետվել իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նշված դեպքերի առթիվ 2015 թվականի հունվարի 16-ին հարուցվել է քրեական գործ, նախնական ապացույցների հիման վրա 19 անձ ներգրավվել որպես մեղադրյալ՝ խուլիգանություն կատարելու համար։

Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկել է մեծաքանակ քննչական գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որն ընդգրկել է շուրջ 112 մետր տարածք, առգրավվել դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները եւ դրանք, ինչպես նաեւ դեպքի վերաբերյալ տարբեր ԶԼՄ-ների տեսագրությունները ենթարկվել զննության։

Նշանակվել դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական եւ դատաապրանքագիտական համալիր, դատապայթունատեխնիկական, դատակենսաբանական եւ դատանյութագիտական համալիր, ինչպես նաեւ՝ դատահողագիտական փորձաքննություններ, որոնց եզրակացություններն ստացվել են:

Հարցաքննվել են 100-ից ավելի անձինք, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցներ, Գ.Նժդեհի փողոցի շրջակայքում տեղակայված շենքերի բնակիչները, հավաքի մասնակիցներ։

Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ  2015 թվականի հունվարի 15-ին Գյումրի քաղաքում տեղի է ունեցել ինքնաբուխ հավաք, որին միացել են նաեւ տուժողների հոգեհանգստին մասնակից անձինք եւ պահանջել Ավետիսյան ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վ.Պերմյակովին հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին, որի ժամանակ էլ առանձին մասնակիցների կողմից հնչել են հայհոյանքներ, նետվել տարբեր առարկաներ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ նշված անձանց գործողություններին իրավական գնահատական տալիս վարույթն իրականացնող մարմինը հաշվի է առել նաեւ խուլիգանության հանցակազմի վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի իրավական վերլուծությունները։  2012 թվականի մարտի 30-ին Շահեն Նշանի Հախվերդյանի վերաբերյալ գործով ՎԴ-ն արձանագրել է, որ արարքը ենթակա է որակման որպես խուլիգանություն միայն այն դեպքում, երբ գործով ձեռք բերված ապացույցներով կհիմնավորվի հասարակական կարգի խախտման կոպիտ լինելը եւ, միաժամանակ, հասարակության նկատմամբ այդ խախտմամբ արտահայտված անհարգալից վերաբերմունքի բացահայտ լինելը:

Վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր դեպքում արարքը խուլիգանություն որակելու համար անհրաժեշտ է քննության առնել նաեւ այն, թե արդյոք այդ արարքի հետեւանքով հասարակության անդամներին լուրջ անհանգստություն է պատճառվել: Բացի այդ, արձանագրվել է, որ անհարգալից վերաբերմունքը բացահայտ է ոչ թե այն պատճառով, որ կատարվում է հասարակական վայրերում կամ հասարակության անդամների ներկայությամբ, այլ այն պատճառով, որ կատարվում է հենց հասարակության նկատմամբ հանցավորի անհարգալից վերաբերմունքը ցուցադրելու նպատակով: Այլ խոսքով՝ կոնկրետ դեպքում խուլիգանության հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող արարքների՝ հասարակական կարգի կոպիտ խախտման եւ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսեւորման առկայությունը կամ բացակայությունը գնահատելիս անհրաժեշտ է պարզել խուլիգանության հանցակազմի սուբյեկտիվ կողմի առկայությունը, այն է՝ հասարակական կարգը կոպիտ խախտելու եւ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու հանցավորի դիտավորությունը, նպատակը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ արարքը, ժեստը, բառը, եւ այլն չի կարող գնահատվել որպես հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում, եթե ուղղված է կոնկրետ անձին եւ չի հետապնդում հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու նպատակ, թեկուզ հանցավորը հասկանում է, իսկ որոշ դեպքերում պարտավոր է հասկանալ, որ կոնկրետ անձին ուղղված իր արարքը տեսանելի եւ ընկալելի է հասարակության համար:

Ա.Խաչատրյանի գործով որոշման մեջ ՎԴ-ն նշել է, որ «Խուլիգանությունը կարող է կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ: Խուլիգանական արարքը կարող է կատարվել միայն խուլիգանական մղումներից ելնելով: Իսկ արարքը համարվում է խուլիգանական մղումներով կատարված, եթե այն կատարվում է հասարակության եւ բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանքի հողի վրա, երբ մեղավոր անձի վարքը հանդիսանում է բացահայտ մարտահրավեր` ուղղված հասարակական կարգի դեմ եւ թելադրված է լինում շրջապատին հակադրվելու, վերջինիս հանդեպ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու ցանկությամբ: Հետեւաբար, եթե մեղավոր անձի գործողությունները կատարվել են ոչ խուլիգանական մղումներով եւ չեն զուգորդվել հասարակական կարգի կոպիտ խախտմամբ, դրանք չեն կարող որակվել որպես խուլիգանություն:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ ոչ բոլոր դեպքերում է, որ այլ հանցակազմի հատկանիշներ պարունակող արարք կատարելը, որն իրենում բովանդակում է նաեւ հասարակական կարգի կոպիտ խախտման եւ հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսեւորման տարրեր (օրինակ՝ կենցաղային հողի վրա, անձնական դրդապատճառներով հասարակական վայրերում առաջացած ծեծկռտուքն ու վիճաբանությունը, որոնք արտաքնապես ընկալվում են որպես հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք) կարող է որակվել խուլիգանություն: Ըստ ՎԴ-ի՝ արարքը խուլիգանություն որակելու համար էական նշանակություն ունի դրա բնույթն ու կատարման շարժառիթը:

Խուլիգանությունը կարող է կատարվել խուլիգանական դրդումներով, որի հիմքում ընկած են նաեւ անձի անզուսպ եսամոլությունը, սեփական անձի առավելությունն ընդգծելու միջոցով ներքին բավականություն ստանալու, զվարճանալու ձգտումը, խուլիգանություն կատարող անձն ինքնահաստատվում է, ձգտում հակահասարակական վարքագծով ապացուցել իր անկախությունը հասարակության մեջ ընդունված վարքագծի կանոններից, իր անձը հակադրելով հասարակությանը՝ ցույց տալ իր գերակայությունը եւ այլն: Միաժամանակ, ՎԴ-ն ընդգծել է, որ խուլիգանական դրդումներն անհրաժեշտ է սահմանազատել արարքը կատարելու պահին անձի մոտ առկա հուզական վիճակից, որն անձի մոտ առաջացնում է լարվածություն, էմոցիոնալ բռնկվածություն եւ այլն: Ապա նաեւ գտել, որ երբ հանցավորի վարքագիծն ուղղված է կոնկրետ անձի, պայմանավորված է նրա հակաօրինական կամ հակաբարոյական վարքագծով եւ հանդիսանում է հուզական վիճակի արտահայտություն, խուլիգանության հանցակազմը բացակայում է:

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված նախադեպային որոշման լույսի ներքո, մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից եւ քրեական գործով կատարված նախաքննությամբ հավաքված ապացույցները բազմակողմանի եւ օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցների վերլուծության, դրանք այլ ապացույցների հետ համադրելու, ինչպես նաեւ յուրաքանչյուր ապացույցը վերաբերելիության եւ թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից գնահատելու արդյունքում քննիչը պարզել է, որ քրեական գործով ներգրավված անձանց արարքներում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմը, որի պայմաններում անհրաժեշտ է մեղադրյալների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ