News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երևանում անցկացվող մինչև 19 տարեկանների մրցաշարին հետևելու էր եկել Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բերնար Շալանդը, ով այս պահին աշխատում է որպես սկաուտ շվեյցարական «Բազել» ակումբում: NEWS.am թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում մասնագետը պատմեց Հայաստանի հավաքականում իր աշխատանքի, լավ արդյունքներ չունենալու, Արթուր Պետրոսյանի և շատ այլ բաների մասին:

Բերնար Շալանդը գլխավորել է Հայաստանի հավաքականը 2014-2015 թթ-ին:

Պարոն Շալանդ, բոլորին հետաքրքրում է` ինչու՞ եք ժամանել Հայաստան:

Ես այժմ աշխատում եմ որպես սկաուտ շվեյցարական «Բազել» ակումբում: Մենք հետևում ենք Շվեյցարիայի բոլոր տարիքային հավաքականներին, և 19 տարեկանների հավաքականը նույնպես հետաքրքիր է մեզ: Երբ պարզ դարձավ, որ սկաուտներից մեկը պետք է գա Հայաստան, ինձ ասացին, որ ես լինեմ: Մեծ հաճույքով եկա այստեղ հետևելու այս մրցաշարին, ինչպես նաև Հայաստան – Մոնտենեգրո խաղին:

Երկու տարի առաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն էիք: Այժմ աշխատում եք որպես սկաուտ: Հե՞շտ է այդքան շրջադարձային փոխել կարիերան:

Այժմ աշխատում եմ Շվեյցարիայի լավագույն ակումբում, բայց հույս ունեմ հետագայում նոր բան կարող եմ գտնել: Հայաստանում աշխատելը մեծ փորձ էր ինձ համար: Ներկայիս աշխատանքը շատ եմ սիրում: Մեր թիմը խաղում է Չեմպիոնների լիգայում, բայց ես այլ տարբերակներ ևս քննարկում եմ, չէ՞ որ ես մարզիչ եմ:

Ի՞նչ է փոխվել  Հայաստանում, մեր ֆուտբոլում` սկսած այն պահից, երբ հեռացաք այստեղից:

Քաղաքում նոր շենքեր են կառուցվել: Ինձ համար այստեղ լավ էր: Մարդիկ լավն են: Մենք եղել ենք ֆուտբոլի ակադեմիայում, տեսել 14, 15 տարեկանների ելույթները: Լսել եմ, որ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը հաջող հանդես եկավ և անցավ հաջորդ փուլ: Հայաստանը պետք է աշխատի երիտասարդ սերնդի հետ, մենք պետք է աշխատենք լավ երիտասարդների հետ: Երբ ազգային հավաքականը լավ է հանդես գալիս, դա ուժ է տալիս երիտասարդներին: Մոնտենեգրոյի հետ վերջին խաղը լավ օրինակ է: Շատ ուրախ եմ Արթուր Պետրոսյանի համար: Նա շատ լավ աշխատանք է կատարել: Թիմը երկրորդ խաղակեսում շատ լավ հանդես եկավ: Դա զարգացման համար լավ քայլ է: Ուրախ եմ նաև ֆուտբոլի ֆեդերացիայի համար: Երբ ես էի գխավոր մարզիչը մեր արդյունքները այդքան էլ լավը չէին, բայց ես տեսնում էի, որ մարդիկ շատ լավ ու բարեհամբույր են ինձ հետ: Ես շատ ուրախ եմ Հայաստանի հավաքականի համար, կարող եմ ասել՝ մեր հավաքականի համար:

Ի՞նչ կասեք Արթուր Պետրոսյանի մասին որպես մարզիչ: Աշխատել եք նրա հետ: Հետաքրքիր են  նրա առանձնահատկությունները:

Արթուրը լավ մարզիչ է: Նա քայլ առ քայլ անցել է իր ճանապարհը: Հիմա  ունի ՈՒԵՖԱ-ի մարզչական Պրո կարգի արտոնագիր: Ժամանակին իմ օգնականն էր: Լավ աշխատանք է կատարել «Ցյուրիխ» ակումբում: Նա պատրաստ է այս աշխատանքի համար: Ժամանակակից մարզիչ է: Արթուրը եղել է ֆուտբոլիստ ու շատ լավ հասկանում է խաղացողներին: Ես կարծում եմ, որ նրան կհաջողվի այս աշխատանքը: Ես նրան ու հավաքականին ամենայն բարիք եմ մաղթում:

Ասում եք՝ Ձեր մարզչական աշխատանքի ժամանակ գրանցած արդյունքները լավը չէին: Ի՞նչը խանգարեց Ձեզ արդյունքների հասնել:

Եթե նայենք արդյունքներին, ապա, այո, գոհ մնալու առիթ չկար, բայց եթե նայեինք խաղին, կտեսնեինք, որ հաճախ մեզ մի քիչ չէր հերիքում հաջողությունը: Որակավորման չորս խաղերում մենք մինչև յոթանասուներորդ րոպեն  գոլ բաց չէինք թողնում: Մեր խնդիրները սկսում էին 70-րդ րոպեից: Ես մարզիչն եմ ու պատասխանատուն փոփոխությունների համար: Երևի ճիշտ փոփոխություններ չէի անում: Մի քանի ֆուտբոլիստներ էլ պատրաստ չէին նույն մակարդակի վրա խաղալ մինչև վերջ: Պորտուգալիային նվազագյուն հաշվով պարտվեցինք: Դանիայի խաղում Մխիթարյանն ու Արզումանյանը վնասվածք ստացան: Սերբիային 11 մետրանոցը չխփեցինք, Ալբանիայի հետ կարմիր քարտ ստացանք: Մենք պետք  է նայենք նաև հանգամանքներին: Եթե հաջողություն ունենայի, ավելի շատ կմնայի Հայաստանում: Բայց ես ընդունեցի իրավիճակը: Եթե ինձ չհաջողվեց արդյունք ունենալ, ես պետք է գնայի: Բայց շատ երջանիկ եմ, որ աշխատեցի այստեղ: Դա ինձ շատ բան տվեց: Եվ հիմա ուրախ եմ վերադառնալ ու այսքան ընկերներ գտնել այստեղ:

Արթուր Պետրոսյանը վերջերս ասաց, որ ցանկանում է հրավիրել Յուրա Մովսիսյանին, բայց ֆեդերացիայի նախագահը դեմ է: Դուք ազա՞տ էիք Ձեր գործողությունների մեջ: Ում ցանկանայիք կարո՞ղ էիք հրավիրել ու ընդգրկել կազմում:

Միշտ էլ կային տարբեր խնդիրներ, բայց մենք գտնում էինք լուծումները: Օրինակ, Ալբանիայի հետ խաղին Օզբիլիսն ու Մովսիսյանը վնասվածք ունեին: Այն ժամանակ այլ իրավիճակ էր:

Ես նկատի ունեմ` Ձեզ վրա ճնշումներ չեն գործադրվե՞լ հրավիրել կամ չհրավիրել ֆուտբոլիստներին:

Ոչ, երբեք խնդիրներ չեն եղել: Ես որոշումներ եմ կայացրել, ու ամեն ինչ նորմալ էր:

Փաստորեն միակ խնդիրը վնասվածքնե՞րն էին:

Տարբեր իրավիճակներ էին: Օրինակ, տեսե'ք, Մոնտենեգրոյի հետ խաղի վերջին վայրկյաններին որոշվեց հանդիպման ելքը: Հաղթում ես` լավն ես, չէ՝ ընդունում ես պարտությունդ: Ես չհասա արդյունքի ու գնացի:

Համաձա՞յն եք, որ Ձեր թիմը ավելի պաշտպանողական ֆուտբոլ էր խաղում, իսկ Արթուր Պետրոսյանը ավելի հարձակողական ֆուտբոլ խաղացող թիմ է ուզում կառուցել:

Ես այդպես չեմ կարծում, բայց Դուք մարզական լրագրող եք և կարող եք այդ կարծիքն ունենալ:

Հայաստանում Ձեզ հիշում են որպես խոհարար – մարզիչ: Դուք հաճախ էիք համեմատականներ անցկացնում խոհանոցի և ուտելիքների հետ: Հաճախ Ձեզ այդպես էլ անվանում են ֆուտբոլասերները՝ խոհարարը: Հասցնո՞ւմ եք Ձեր այդ հոբիին ժամանակ հատկացնել:

Այո, շատ լավ տարբերակ էր համեմատել ֆուտբոլիստներին լավ կերակրատեսակների հետ: Մարզիչը խոհարար է: Նա պատրաստում է իր թիմի հետ: Նա պետք է լավ ուտեստ պատրաստի այդ թիմից:

Վերա Մարտիրոսյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ