News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի հերթական քառօրյայի առաջին օրվա քննարկումների հիմնական թեման զոհված եւ հաշմանդամ զինծառայողների ընտանիքների ապահովագրական ֆոնդին քաղաքացիների աշխատավարձերից 1.000-ական դրամի վճարման հարցն է եղել: Վիգեն Սարգսյանը նախ տեղեկացրել է. պաշտպանության նախարարությունն արդեն նամակներ է ստանում նախագիծը սատարող քաղաքացիներից:

Մի շարք ընտանիքներ, սակայն, կազատվեն վճարում կատարելու պարտավորությունից:

Խաչատուր Քոքոբելյանը պաշտպանության նախարարին է փոխանցել հասարակության շրջանում տարածվող մտավախությունը. նման հիմնադրամ է ստեղծվում, որովհետեւ պատերազմ է լինելու: Պատգամավորը վստահ է, որ նման վտանգ չկա, բայց ցանկացել է, որ նախարարն անձամբ փարատի կասկածները:

Պատգամավորը նաեւ հայտարարել է, որ բանակին օգնություն պետք է հավաքել ոչ թե աղքատներից, այլ պատասխանատվության կանչել ստվերային բիզնեսը: Նրա կարծիքով՝ չի կարելի նույն գումարը գանձել համեստ աշխատավարձերից եւ խոշոր պաշտոնյաներից կամ ձեռներեցներից:

Վիգեն Սարգսյանի ելույթում Արամ Մանուկյանի ուշադրությունը գրավել է նվիրատվություն բառը: Ասում է՝ նվիրատվությունը կամավորություն է ենթադրում, իսկ այս օրինագծով քաղաքացիներին լրացուցիչ բեռ է պարտադրվում. գուցե հարկավոր է պետբյուջեո՞ւմ լրացուցիչ միջոցներ գտնել եւ տրամադրել ծրագրի իրականացմանը:

Նաիրա Զոհրաբյանին էլ հետաքրքրել է, թե ինչպես են ծախսվել արդեն գոյություն ունեցող նմանատիպ մյուս հիմնադրամների, օրինակ՝ «Մարտիկ» հիմնադրամի միջոցները: Ասում է՝ դրա շուրջ աղմուկը չի դադարում:

Նախարարը, սակայն, խուսափողական պատասխան է տվել՝ նշելով, թե հաջողված եւ չհաջողված հիմնադրամներ կան, եւ յուրաքանչյուրին կարելի է պատասխանատվության կանչել՝ ծախսած միջոցների շարժը հասկանալու համար։ Ինչ վերաբերում է կոնկրետ «Մարտիկ»-ին. Վիգեն Սարգսյանը խոստացել է անպայման հետաքրքրվել:

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին բոլորովին այլ հարց է հուզում. նա Ազգային ժողովի խոսնակից կրկին փորձել է պարզել, թե ինչու Հանրային հեռուստատեսությունը չի ցուցադրում իր ելույթները:

Նոյեմբերի 13-ին Արցախում զոհվել է 1995 թվականին ծնված զինծառայող Վարդան Հովհաննեսի Առաքելյանը: Նախնական տվյալներով՝ N մարտական դիրքում հերթապահող կրտսեր սերժանտը խախտել է մարտական հերթապահության կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոցներ է արձակել նույն զորամասի մեկ այլ մարտական դիրքի ուղղությամբ, ինչի հետեւանքով շարքային Առաքելյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել: Քրեական գործ է հարուցվել, պարզվում են զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները: Վարդան Առաքելյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Նշենք, որ Առաքելյանների ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում: Ընտանիքը կորցրել է բանկում գրավադրված տունը, հիմա էլ պահանջում են ազատել Արազափ գյուղում վարձակալած տունը: Առաքելյանները երեք որդի ունեին. ավագն ավարտել է ծառայությունը, իսկ Վարդանը եղբոր հետ ծառայում էր Արցախում:

2014 թվականի նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված Մի-24 ռազմական ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամներից Ազատ Սահակյանի ծննդավայր Չարենցավանում բացվել է 1990-ից մինչ օրս զոհված 33 հայ օդաչուների հիշատակին նվիրված հուշարձանը: Հեղինակը հայկական զինված ուժերի զինծառայող, կրտսեր սերժանտ Սամվել Սարգսյանն է: Հուշարձանը բացել են Մի-24-ի անձնակազմի զոհված հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանի որդիները՝ Արթուրն ու Ալեքսանդրը, եւ արցախյան ազատամարտում զոհված ռազմական օդաչու Իոսիֆ Միքայելյանի որդին՝ Մամիկոնը:

Հրաձգություն Շենգավիթի «Լիա» գեղեցկության սրահում: Երեք երիտասարդներ տեղափոխվել են հիվանդանոց, ավելի ուշ նրանցից երկուսը մահացել են: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Գեղեցկության սրահը պատկանում է ոմն «չարբախցի Գեղամի»: Մահացածներից մեկը 25-ամյա Գեւորգ Ավետիսյանն է: Մայրը պատմել է, որ որդին տանը հաց էր ուտում, երբ ծանոթներից մեկը զանգահարել եւ կանչել է: Կինը չգիտի, թե իր որդին ինչ կապ է ունեցել գեղեցկության սրահի տիրոջ եւ այնտեղ ծեծկռտուք սկսած անձանց հետ: Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գտնվող Արամ Պետրոսյանի վիճակը կայուն ծանր է: Որոշ տեղեկություններով՝ վիճաբանությունը ծագել է փողի պատճառով, «չարբախցի Գեղամի» եւ «Ճվճվ Արոյի» տղաների միջեւ: Բնակիչներն ասում են՝ այստեղ հաճախ են քրեական դեմքեր հավաքվում եւ «փողի ռազբորկա» անում:

Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է Անդրեյ Դավիդյանը: 60-ամյա երաժիշտը հիվանդանոց է տեղափոխվել ուղեղի կաթվածով, որը կոմայի պատճառ է դարձել: Երգչի ներկայացուցիչը հայտարարել է, որ Դավիդյանի մահվան պատճառ կարող էին դառնալ ընդհանուր անզգայացմամբ կույրաղիքի վիրահատության հետեւանքները: Մոսկվայի դատախազությունն արդեն զբաղվում է Անդրեյ Դավիդյանի մահվան հանգամանքները պարզելով: «Մեծ արտիստ», «տաղանդավոր երաժիշտ», «կատարյալ մարդ». այսպես են բնորոշում Դավիդյանին նրա գործընկերները: Դեկտեմբերի 7-ին կայանալու էր երգչի հոբելյանական համերգը:

Նոյեմբերի 14-ին դոլարի փոխարժեքն աճել է, եվրոյինը՝ նվազել: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 514, ռուբլունը՝ 7 դրամ 23 լումա, ֆունտինը՝ 597 դրամ։

Նոյեմբերի 15-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ