News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առաջարկում եմ հետ կանչել բոլոր ծառայողական ավտոմեքենաների նվազագույնը 70 տոկոսը, այդ թվում նաեւ մեզ՝ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությանն ամրակցվածը: Այս մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղված բաց նամակում նշել է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղդասարյանը:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի պարոն վարչապետ,

Թույլ տվեք բաց նամակս սկսել` համաձայնություն հայտնելով վերջերս Ձեր հնչեցրած այն տեսակետի հետ, որ ՀՀ տնտեսությունը գտնվում է ծանր վիճակում, իսկ հազարավոր քաղաքացիների կարծիքով՝ կոմատոզ վիճակում: Այդ մասին են վկայում վերջին տարիներին հազարավոր ձեռնարկությունների փակվելն ու սնանկանալը, մեր հայրենակիցների չդադարող արտագաղթը:

Ճակատագրի հեգնանքով, մինչ պետական միջոցների ավելի արդյունավետ օգտագործման կապակցությամբ ձեւակերպվում էր առաջարկս, Ձեր կառավարությունը, հանձին պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի, հանդես եկավ աղմակահարույց նախագծով, որի նպատակը մարտական գործողությունների ընթացքում եւ մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարի ավելացումն է, կամ ինչպես ժողովրդի մեջ է այն անվանվել՝ «Ամսական 1000 դրամ բանակին» ծրագիրը:

Թե՛ վերջին ամիսներին ձեր կողմից հնչեցված բազում գնահատականներում ու նախաձեռնած քայլերում, թե՛ նաեւ այս վերջին օրենսդրական նախաձեռնության մեջ կարմիր թելի նման անցնում է «տնտեսությունը ծանր վիճակում է» թեզը, մինչդեռ ստացվում է, որ իր մեծամասնության մեջ աղքատացած ժողովուրդը պետք է հավելյալ բեռ ստանձնի երկրի անվտանգության ապահովման գործում:

Քաջատեղյակ եք, որ այս օրերին հանրության տարբեր շրջանակներ մատնացույց են արել բազում այլընտրանքային աղբյուրներ, որոնց հաշվին կարող են լուծվել նաեւ հիշատակված խնդիրները, որոնց կարեւորությունը ոչ մեկ կասկածի տակ չի դնում: Այդ նույն լույսի ներքո ու կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում ձեզ եմ դիմում միանգամայն այլ առաջարկով, որը, կարծում եմ, նպատակամետ կլինի: Եվ այսպես. առաջարկում եմ հետ կանչել բոլոր ծառայողական ավտոմեքենաների նվազագույնը 70 տոկոսը, այդ թվում նաեւ մեզ՝ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությանն ամրակցվածը:

Ըստ բազում հաշվարկների ու անժխտելի փաստերի՝ մեկ ծառայողական մեքենային հարկատուի գրպանից ամսական տրամադրվում է (թվերը մոտավոր են) 150.000 դրամի վառելիք, 150.000 դրամ վարորդին աշխատավարձ, եւս 150.000 դրամ՝ սպասարկման ծախսերի համար, ուստի ակնհայտ է մեկ ծառայողական ավտոմեքենայի համար ծախսվող գումարի չափը: Սա այն դեպքում, երբ բազմաթիվ զարգացած պետություններում կան մի քանի տասնյակ ծառայողական մեքենաներ: Կոռուպցիոն ռիսկերի նվազեցում հետապնդող ու հարյուր հազարավոր դրամների խնայողություն ենթադրող այս առաջարկը հիմնավորում եմ հետեւյալով. նախ՝ սրանով կվերանան բոլոր անարդյունավետ ծախսերը՝ սկսած թանկարժեք մեքենաների ձեռքբերումից, հատկացվող վառելիքից, մեքենայի սպասարկումից, ապահովագրումից մինչեւ անվադողեր ու այլ ծախսեր, որոնք պետական բյուջեից հայտնվում են տարբեր չինովնիկների կողմից ստեղծված ՍՊԸ-ներում, ՊՈԱԿ-ներում, ԾԻԳ-երում ու այլ կոռուպցիոն սխեմաներում:

Սրա կողքին շարքային քաղաքացին այսօր դժվարությամբ է առաջնային պահանջմունքները բավարարում, չնայած՝ համաձայն Սահմանադրությամբ ամրագրված հոդվածի՝ մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ինչպե՞ս է ստացվում, որ երկրի տեր ժողովուրդը հայտնվում է ծայրահեղ ծանր սոցիալ-տնտեսական կոմայի մեջ, իսկ նրա ծառաները, ի դեմս պետական չինովնիկների, ապրում են ճոխ պայմաններում:

Ինչպե՞ս է ստացվում, որ երկրի տնտեսության վիճակը այլ է, մինչդեռ պաշտոնյաների ու նրանց փոխկապակցված անձանց ներկայացրած եկամուտների հայտարարագրերում նրանց ունեցվածքն ու շահույթները անշեղորեն աճում են: Եւ ինչպե՞ս կարելի է նորմալ համարել այն, որ այսպիսի անարդյունավետ ծախսերի, կոռուպցոն ռիսկեր պարունակող սխեմաների պայմաններում դեռ մի բան էլ ակնկալում ենք, որ քաղաքացին հերթական զոհաբերությունը պետք է կատարի հանուն մեր սահմանները պահպանող զինվորի: Մինչդեռ, ինքներդ էլ քաջ գիտեք, որ տակավին ճոխություններով ապրող պետծառայողների ու պետական գործիչների կողքին մեր շարքային քաղաքացիները եւ նրանց զավակները բանակում իրենց պարտքը կատարելիս զրկված են անգամ տարրական արժանապատիվ պայմաններից: Ըստ որում, երբ դեռեւս հոդաբաշխ բացատրություն չի ստացել հարցերից ամենագլխավորը՝ ինչու՞ են բանակում ծառայում միայն անապահով ընտանիքների երեխաները, իսկ նույն պաշտոնյաների ու մեծահարւստների զավակները՝ խուսափում…

Ցանկության եւ շահագրգռվածության դեպքում այս ու այլ շատ հարցեր, այդ թվում՝ ստեղծված ծանր վիճակից ելք գտնելու ճանապարհներն առաջարկում ենք քննարկել մեր խմբակցության հետ հանդիպման ժամանակ:

Տպել
Ամենաշատ