Չկա որեւէ ՀՀ քաղաքացի, որը դեմ լինի զինվորին եւ բանակին օգնելուն, խնդիրը վստահությունն է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ իր ելույթում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով  «1000 դրամ բանակին» նախաձեռնությանը. «Վստահո՞ւմ ենք այն կառույցներին, որոնց միջոցով մեր 1000 դրամը պիտի փոխանցվի բանակին եւ զինվորին՝ ոչ, այստեղ վստահության հարցն է՝ չկա որեւէ ՀՀ քաղաքացի, որը դեմ լինի զինվորին եւ բանակին օգնելուն»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ Արցախի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով, որ եթե չգիտեն բանակի թալանով զբաղվող, կաշառակեր գեներալներին՝ պատրաստ է տրամադրել նրանց անունները: Նաիրա Զոհրաբյանը դիմելով Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանին՝ հարցրեց, արդյոք պետք չէ պատասխանատվության ենթարկել բանակի թալանով զբաղվողներին. «Չե՞ք կարծում, որ պետք է պատասխանատվության ենթարկել բանակի թալանով զբաղված անձանց, որպեսզի քաղաքացին տեսնի, որ մեր երկրում գործում է պատասխանատվության ինչ-որ մակարդակ: Կարո՞ղ եք ինձ բացատրել, թե ինչպես են պաշտպանության նախրարության մի շարք գեներալներ զբաղվում ցոփ ու շվայտ կյանքով, իմ իմանալով Բիլ Գեյթսը չեն կամ ՏՏ ոլորտում հայտագործություններ չեն արել: Որտեղի՞ց իրենց այդ աստղաբաշխական ունեցվածքը»,- հարցրեց նա:

Նշենք, որ այսօր ԱԺ խորհրդարանում շարունակվում է Կառավարության կողմից ներկայացված  «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը: