Կառավարության աշխատակազմում կա տեղեկությունների եւ վերլուծությունների կենտրոն, որն օգտակար աշխատանք է անում։ Այս մասին նոյեմբերի 16-ին ԱԺ–ում ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հարցին։

Զուրաբյանը մամուլում հրապարակումներից տվյալներ բերեց, որոնց համաձայն՝ այդ կենտրոնը 15.1 հազար է ստանում յուրաքանչյուր դրական հրապարակման համար, որը կհայտնվի սոցցանցերում, իսկ տարեկան 191 մլն դրամ է ստանում։

Դրան ի պատասխան՝ Հարությունյանն ասաց, որ Կառավարության աշխատանքի մասին տեղեկացնելը իր աշխատակազմի բնական եւ պարտադիր գործառույթն է։ Ոչ մի ամոթալի բան չկա, ասաց նա։ «Ես հասկանում եմ, իհարկե, որ իմ մեղադրանքներով իմ դեմ եմ հանում կառավարական աշխատավարձի վրա նստած մարդկանց մի ամբողջ բանակ։ Միգուցե, ես նրանց կողմից հարձակման ենթարկվեմ, բայց անգամ ուրախ կլինեմ, եթե նրանք հարձակվեն ինձ վրա։ Այդ ժամանակ կպարզվի, թե ովքեր են պատվիրում նման հրապարակումները»,– ասել է Զուրաբյանը։

Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ Զուրաբյանի վրա հարձակվել եւ նրան ոչնչացնել ցանկացող ամեն մեկը մեծ սխալ կկատարեր։ «Դրանով նա Ձեզ բացառիկ հնարավորություն կտար հայտնվել հասարակության ուշադրության կենտրոնում։ Կարծում եմ, որ եթե ինչ–որ մեկն ուզում է Ձեզ նման ծառայություն մատուցել,  դրանք միայն ձեր համախոհներն են, որոնք հետաքրքրված են Ձեր վարկանիշը բարձրացնելու հարցում։ Ինչ վերաբերում է այդ կենտրոնի հրապարակումների մասին տեղեկություններին, ապա վստահեցնում եմ Ձեզ, որ անձնական գաղտնիք չհամարվող բոլոր տեղեկությունները մենք Ձեզ կտրամադրենք»,– ասաց Դավիթ Հարությունյանը։