News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Սերժ Սարգսյանը հանդես է եկել Երեւանի եւ Բաքվի միջեւ «թեժ գիծ» ստեղծելու օգտին: «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում Հայաստանի նախագահն ասել է, որ դա թույլ կտա օպերատիվ արձագանքել Լեռնային Ղարաբաղում շփման գծում իրադարձություններին: Սերժ Սարգսյանը «պատրաստ է հսկողություն սահմանել եւ ճշգրիտ ասել, մերոնք կրակում են, թե՞ չեն կրակում, իհարկե՝ նույնպիսի վերաբերմունք սպասելով ադրբեջանական ղեկավարության կողմից»: Նա նշել է, որ նման փորձ եղել է դեռեւս 1990-ականների սկզբին, երբ Հայաստանի պաշտպանության նախարար էր եւ ուղիղ կապ ուներ Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ:

Արցախի հերոս, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը նոյեմբերի 16-ին կդառնար 20 տարեկան։ Որքան հույսեր եւ ծրագրեր մնացին չիրագործված... Մայրը՝ Աննա Աբաջյանն ասում է՝ որդին շատ էր սիրում իր ծննդյան օրը: Երիտասարդի քեռին էլ պատմել է, որ Ռոբերտը կյանքով լի էր: Ասում է՝ նրան կարելի է «դարի ուրախություն» անվանել: Հիշեցնենք, որ Ռոբերտ Աբաջյանը զոհվել է ապրիլի 2-ին, Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ, Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս։

Խորհրդարանի 6 խմբակցություններից 4-ը կողմ են զինծառայողների ապահովագրական ֆոնդին հազար դրամ գանձելու մասին օրինագծին։ Ազգային ժողովում այսօր օրենքի նախագծին կողմ են արտահայտվել ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն: Իսկ ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը կողմ են զինվորականներին օգնելուն, բայց դեմ են չունեւորներից գումար գանձելուն: Օրինագիծը ներկայացրած պաշտպանության նախարարը եզրափակիչ ելույթը սկսել է քննարկումների առիթով գոհունակություն հայտնելով, նույնիսկ՝ քննադատական հայտարարությունների: Ասում է՝ այս օրերի ընթացքում հասկացել է, որ այս հարցով անտարբեր չեն: Վիգեն Սարգսյանին, սակայն, անհանգստացրել է այն հայտարարությունների առատությունը, որով ցեխ էին շպրտում բարձրաստիճան զինվորականների վրա, քանի որ ցեխի մեջ թաթախված գեներալների կողքին նաեւ ազնիվ զինվորականներ կան, եւ հարկավոր է զգույշ լինել:

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ հավաքագրվող գումարները, իհարկե, կարելի էր նաեւ բյուջեից գտնել, բայց ինքը նպատակ է ունեցել տարանջատել բյուջեից, որպեսզի սա ժողովրդի հարգանքի տուրքը լինի հայրենիքի համար զոհված կամ այն պաշտպանելիս հաշմանդամ դարձած մարդկանց: Նախարարը բոլորին կոչ է արել «կողմ» քվեարկել օրինագծին, նույնիսկ նրանց, ովքեր սկզբունքորեն դեմ են դրան: Օրինագիծը քվեարկության կդրվի Ազգային ժողովի վաղվա նիստում:

Այսօր Ազգային ժողովում էին նաեւ կառավարության անդամները: Հարցուպատասխանի ընթացքում ամենաուշագրավը, թերեւս, Դավիթ Հարությունյան-Լեւոն Զուրաբյան «մենամարտն» էր: Զուրաբյանին հետաքրքրել է, թե ինչու են իշխանությունները պետական փողերով սեփական քարոզչությունն անում: Հայտարարության պատճառը մամուլի հրապարակումներն են, որոնց համաձայն՝ Կառավարության աշխատակազմում գործող տեղեկությունների եւ վերլուծությունների կենտրոնը տարեկան 191 մլն դրամ է ստանում, որից սոցցանցերում կառավարության մասին յուրաքանչյուր դրական հրապարակման համար 15 հազար դրամ է վճարում: Հարությունյանը, ըստ էության, չի հերքել, որ ՊՈԱԿ-ը գումար է վճարում նման հրապարակումների համար, բայց ասել է, որ իր աշխատակազմի բնական եւ պարտադիր գործառույթն է՝ հանրությանը տեղեկացնել կառավարության գործունեության մասին: Ամեն դեպքում, Դավիթ Հարությունյանը չի զլացել նաեւ խայթել Լեւոն Զուրաբյանին եւ ՀԱԿ-ին:

Այս օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկը Կառավարության նորանշանակ անդամների՝ իշխող Հանրապետական կուսակցությանն անդամագրվելն է: Վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է պահել ինտրիգը. երբ անդամագրվի ՀՀԿ-ին, հանրությունն այդ մասին կիմանա: Չնայած դրան՝ մամուլում տեղեկություններ կան, որ վարչապետը դառնալու է կուսակցության փոխնախագահը: Ինչ վերաբերում է նախարարներին. առաջինը Վիգեն Սարգսյանը հրապարակավ հայտարարեց, որ հաստատապես Հանրապետականի անդամ է դառնալու: Գյուղնախարար Իգնատի Առաքելյանը դեռեւս չի կողմնորոշվել, այդ մասին որոշում չի կայացրել նաեւ տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը: Նախարարները, թերեւս, սպասում են նոյեմբերի 26-ին նախանշված ՀՀԿ համագումարին, որի ժամանակ, մամուլի հրապարակումների համաձայն, փոփոխություններ են սպասվում:

Հուլիսին ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի գրավման օրը վիրավորված եւ 2 շաբաթ անց մահացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի գործով մեղադրանք է առաջադրվել Արմեն Բիլյանին: Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբանն էլ դիմել է նախաքննական մարմնին, որպեսզի ստանա գործի նյութերը՝ հասկանալու համար, թե ինչպես է հիմնավորվել, որ հենց Բիլյանն է կրակել Մկրտչյանի վրա: Հիշեցնենք, որ երեկ էլ մյուս ոստիկանի՝ Յուրի Տեփանոսյանի սպանության համար մեղադրանք էր առաջադրվել Սմբատ Բարսեղյանին: Միաժամանակ, նախաքննական մարմինը դեռ գաղտնի է պահում, թե գնդի գրավման օրը ով է սպանել Արթուր Վանոյանին:

Գյումրիի «Եռանկյունի» ռեստորանում այսօր վիճաբանություն է տեղի ունեցել, որից հետո կրակոցներ են հնչել: Մեր տեղեկություններով՝ վիճաբանությունը ծագել է ռեստորանի տիրոջ՝ «Դարբին Գագիկի» որդու եւ Վահրամաբերդում բնակվող ոմն Վահրամի միջեւ: Ըստ շրջանառվող լուրերի՝ Վահրամը մոտ մեկ շաբաթ առաջ ընկերների հետ «Եռանկյունի» ռետորանում է եղել, վիճաբանել են աշխատակիցների հետ, որին միջամտել է ռեստորանի տիրոջ որդին։ Նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել: Ըստ երեւույթին՝ այսօր տեղի ունեցածը նախորդի շարունակությունն է եղել: Իրավապահ մարմինները դեռեւս պաշտոնապես ոչինչ չեն հայտնում դեպքի մասին:

Մահվան ելքով վթար Վայոց ձորում: Վաղ առավոտյան Մալիշկա գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել հողաթմբին եւ շրջվել: Վարորդը՝ 28-ամյա Վաղինակ Նազարյանը, տեղում մահացել է: Մեքենան հաշվառված է նրա համագյուղացու՝ Կարեն Շտոյանի անունով:

Նոյեմբերի 16-ին դոլարը շարունակել է թանկանալ, իսկ եվրոն կտրուկ էժանացել է: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 479 դրամ, եվրոյինը՝ 513, ռուբլունը՝ 7 դրամ 33 լումա, ֆունտինը՝ 596 դրամ։

Նոյեմբերի 17-ին հանրապետության տարածքում ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով: Երեւանում նույնպես վաղը ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ