Հայաստանում «Իսկանդեր» ռուսական հրթիռային համալիրների տեղակայումը հարկադիր միջոց էր՝ ուղղված տարածաշրջանում կայունության ապահովմանը։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»–ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Կարծում եմ, որ դա (Հայաստանում  «Իսկանդերների» տեղակայումը խմբ.) հարկադիր միջոց էր, որպեսզի ինչ–որ կերպ հավասարակշռվի մեր տարածաշրջանում ռազմական իրավիճակը։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը վերջին մի քանի տարվա ընթացքում կանոնավոր կերպով նորագույն սպառազինություններ է գնում։ Մենք նման հնարավորություններ չունենք, ինչպիսին որ Ադրբեջանն ունի, ես նկատի ունեմ ֆինանսական հնարավորությունները, բայց մենք ամբողջ ընթացքում ջանում ենք հավասարակշռել իրավիճակը՝ գտնելով դրա հակաթույնը։ Կարծում եմ, որ այս դեպքում «Իսկանդեր»–ը հենց նման հակաթույն է»,– ասել է Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին։

«Իհարկե, սպառազինությունների մրցավազքը վատ իրավիճակ է, եւ մենք չենք ուզում գնալ այդ քայլին, բայց ի՞նչ անել, եթե քեզ ամեն օր սպառնում են պատերազմով եւ ֆիզիկական բնաջնջմամբ։ Դու պետք է համապատասխան քայլեր ձեռնարկես»,– հավելել է Սերժ Սարգսյանը։

Նախագահը նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման մասին համաձայնագիր ունեն։ «Կարծում եմ, որ Ռուսաստանը, ելնելով դրանից, ընդառաջ է գնացել մեր խնդրանքին եւ մեզ է տրամադրել այդ ռազմական իմաստով հիանալի համակարգը։ Իհարկե, հնարավոր է, որ մարդկության  համար լավ լիներ, եթե նման համակարգեր երբեք չլինեին, բայց երբ դու ստիպված ես, դու գնում ես այդ քայլին»,– կարծում է Սերժ Սարգսյանը։

ՀՀ նախագահը նշել է, որ ընդհանուր առմամբ Ռուսաստանը առանցքային դեր է խաղում մեր տարածաշրջանում, այդ թվում՝ խաղաղության եւ կայունության պաշտպանության հարցում։