Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը կողմ է քվեարկել «1000 դրամների» մասին օրինագծին, քանի որ զինծառայողները սահմանին կանգնած մեզ են պաշտպանում:

«Մեր զինվորներն են, պիտի օգնենք, ես օգնել եմ ու շարունակելու եմ օգնել»,- այսօր` նոյեմբերի 17-ին, Ազգային ժողովում նախագծի քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Ալեքսանյանը:

Դիտարկմանը` ասում են, որ թող թալանված գումարները վերադարձնեն բյուջե, գործարար պատգամավորը նշեց. «Ես ոչ գիտեմ թալանել են, ոչ գիտեմ` չեն թալանել: Դա ինձ հետ կապ չունի, ինձ հարցնում եք` օգնում եք բանակին, ես էլ ասում եմ, որ օգնել եմ ու շարունակելու եմ օգնել»:

Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 17-ին, 102 կողմ, 3 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել է Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերը:

Հիշեցնենք, որ  պաշտպանության նախարարի այս նախաձեռնությունը մեծ աղմուկ էր հանրության շրջանում։ Սոցիալական ցանցերում սկիզբ առած դժգոհության ալիքը տեղափոխվել էր Ազգային ժողով, քառօրյայի ընթացքում բազմաթիվ քննադատություններ հնչեցին այս նախաձեռնության առնչությամբ։ Ընդդիմադիր պատգամավորները պնդում էին, որ նվիրատվությունը պետք է հարկադրված չլինի, ոմանք էլ ասում էին, որ յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց ամսական 1000 դրամ գանձելու փոխարեն հարկավոր է ստիպել ապօրինաբար հարստացած գեներալներին եւ պաշտոնյաներին վերադարձնել պետությունից գողացածը։ Այնուհանդերձ, նույնիսկ այս խնդիրները բարձրաձայնող պատգամավորների մեծ մասը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու նախագծին։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրինագծի եւ ուղեկցող օրինագծերի փաթեթի համաձայն՝ աշխատող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ վճարի զինծառայողների օգնության հիմնադրամին:

Զոհվածների եւ 1-ին խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները միանվագ կստանան 10 մլն դրամ (2-րդ խմբի հաշմանդամները՝ 5 մլն), իսկ հետագայում՝ 20 տարվա ընթացքում՝ ամսական 300 հազար դրամ: Սպաների համար այդ գումարը կկազմի ամսական 300 հազար դրամ, ենթասպաների համար՝ 250 հազար դրամ, շարքայինների համար՝ 100 հազար դրամ (զոհվածներն ու 1-ին խմբի հաշմանդամները): Այս դեպքում սպային կամ նրա ընտանիքին 20 տարի շարունակ կհատկացվի 82 մլն դրամ, ենթասպաներին՝ 70 մլն, շարքայիններին՝ 58 մլն:

2-րդ խմբի հաշմանդամների համար նախատեսված է համապատասխանաբար 200, 150 եւ 100 հազար դրամ ամսական: