ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը ՊՊԾ գնդի այն տարածքում չի եղել, որտեղից կրակել են ոստիկանի վրա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արմինե Ֆանյանը: Նա նշեց, որ Արմեն Բիլյանին այդ մեղադրանքն ընդամենն առաջադրվել է ինչ-որ վկաների ցուցմունքների հիման վրա, այլ փաստեր չկան: Փաստաբանը նշեց, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով այլ մանրամասներ չի կարող նեկարայացնել:
Նշենք, որ Արմեն Բիլյանն իրեն առաջադրված մեղադրանքներում մեղավոր չի ճանաչում։
Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ Քրեական օրենսգրքի 238–րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (զենք զինամթերք շորթելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) եւ 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 11-րդ կետերով:




























