News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ապահովող ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման եւ համակարգի ավտոմատացման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Հարությունյանն անձամբ է աշխատանքից ազատման դիմում գրել, քանի որ ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը ստախոս է եւ Հանրապետության նախագահին իրականությանը չհամապատասխանող փաստեր է ներկայացրել։

«Ես նրա ենթակայությամբ չեմ կարող աշխատել, նա ստախոս է, ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդում»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հարությունյանը:

Նա ԴԱՀԿ–ում աշխատում է 2004թ.–ից, ոչ մի պետի հետ խնդիր չի ունեցել։ Արմեն Հարությունյանի հետ հակասություններ են սկսվել, երբ նա նախագահին ու վարչապետին հայտնել է, թե պարտապաններին իրազեկման համար մշակված «Թելեգրամ» համակարգի բոտը դեռ գտնվում է թեստային փուլում, մինչդեռ այն շահագործման է հանձնվել դեռեւս 2015 թ. դեկտեմբերից. «Ակնհայտ սուտ գրություն է ուղարկվել նաեւ Արդարադատության նախարարին, մասնավորապես 20 մլն դրամ եւ 3 մլն դրամ անհրաժեշտ լինելու մասին։ Այնինչ իմ կողմից բազմիցս զեկուցվել է, որ ՍՄՍ-ով ծանուցումների մեխանիզմ մշակելու եւ ներդնելու համար անհրաժեշտ է ընդամենը մաքսիմում 10 օր եւ ոչ մի լումա»։

Նշենք, որ Գագիկ Հարությունյանն ազատման դիմում է ներկայացրել նոյեմբերի 14–ին։ Երեկ արդեն ԴԱՀԿ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման եւ համակարգի ավտոմատացման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Հարությունյանի նկատմամբ:

Վերջինի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են՝ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն:

Տպել
Ամենաշատ