ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ մեղադրվող՝ Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին նոր մեղադրանք է առաջադրվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: Նրա խոսքով՝ Analitik.am կայքի աշխատակիցը զանգել է տարբեր կազմակերպությունների եւ գովազդ առաջարկել եւ այժմ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կազմակերպություններից մեկին զանգելու նպատակը եղել է շորթելը:
«Կայքի աշխատակիցներից մեկը զանգել է տարբեր կազմակերպությունների եւ գովազդ առաջարկել: Հիմա էդ գովազդների հիման վրա ենթադրում են, որ էդ կազմակերպություններից մեկին զանգելու նպատակը եղել է շորթելը: Հիմա դրա հիման վրա ենթադրություններ են արել, թե, եթե զանգել են՝ գումար են ուզել: Այս մեղադրանքն ընդամնեը հիմնված է ենթադրությունների վրա»,-ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ մեղադրվող Անի Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործում փոփոխություններ են կատարվել. Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի մասով նրա նկատմամբ հարուցված քրեական գործը՝ խոշոր չափով շորթման մեղադրանքով, կարճվել է, իսկ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մասով մեղադրանքը՝ վերաորակվել:
Առաջադրված մեղադրանքներից 182-րդ հոդվածի 3-րդ մասը հանվել է, ՔՕ 182-րդ հոդվածի 2-րդ մասը, որը վերաբերում էր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին, դարձել է 1-ին, (Շորթումը՝ անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաեւ անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ անձի, նրա մերձավորի գույքը կամ այլ անձանց տնօրինության կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու (վնասելու) սպառնալիքով ուրիշի գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը հանձնելու կամ գույքային բնույթի այլ գործողություններ կատարելու պահանջը), եւ առանձին ավելացել է ՔՕ 182-րդ հոդվածի 2-րդ մաս։
Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանը մեղադրվում է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ: Ըստ ոստիկանության՝ Ուրիխանյանը հաղորդում է տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաեւ իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ եւ վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու եւ հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազար դրամ:




























