ՀՀ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել Հայաստանի շաքարավազի շուկան: ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը NEWS.am-ին հայտնեց, որ Հանձնաժողովը ֆիքսել է շաքարի գնի աճը եւ այժմ ուսումնասիրություն է կատարում գնի բարձրացման պատճառը հասկանալու համար:
«ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը ամենօրյա կտրվածքով մոնիտորինգ է իրականացնում առաջնային սպառման ապրանքային շուկաներում, և հատկապես ուշադրության կենտրունում է պահում այն շուկաները, որտեղ կան գերիշխող տնտեսվարողներ: Ձեր նշած շուկան ևս այդպիսին է, որտեղ Հանձնաժողովը վերջին ժամանակահատվածում գնային փոփոխություններ է արձանագրել: Նկատի ունենալով շուկայի կարևորությունը, ինչպխես նաև սոցիալական նշանակությունը, ՀՀ ՏՄՊՊՀ-ը ուսումնասիրություններ է սկսել այս շուկայում՝ շաքարավազի գնի բարձրացման պատճառների հիմնավորվածությունը պարզելու նպատակով: Ուսումնասիրության ավարտին Հանձնաժողովը կհրապարակի իր որոշումը»,-նշեց Գայանե Սահակյանը:
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |
Ավելի վաղ «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, որ Երեւանի խանութներում սրընթաց թանկանում է շաքարավազը: «Երեկվա դրությամբ «Երեւան Սիթիում» մեկ կիլոգրամ շաքարավազի գինը հասել էր 405 դրամի: Խնդիրն այն է, որ ինչպես շաքարը, այնպես էլ շաքարի հումքը վերջին ամիսներին աշխարհում թանկանում են: Սակայն այն շաքարավազը, որը հիմա վաճառվում է մեր խանութներում, արտադրվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանում: Իսկ այդ արտադրանքի հումքը ներկրվել է դեռ այս տարվա առաջին կեսին, երբ շաքարի համաշխարհային գները դեռ շատ ցածր էին: Համեմատության համար նշենք, որ այս տարի ներկրված շաքարի մեկ կիլոգրամի մաքսային արժեքը կազմել է 36 ցենտ, իսկ անցած տարի ներկրվածինը` 42 ցենտ: Այսինքն, շաքարի ներկրման գինը նվազել է 14 տոկոսով: Անցած տարի այս ժամանակ շաքարի մեկ կիլոգրամը, համաձայն ԱՎԾ պաշտոնական տվյալների, վաճառվում էր 350 դրամով, հիմա` 405 դրամով:
Այսինքն թանկացել է 15 տոկոսով: Եվ ուրեմն, ներկրվող շաքարը էժանացել է 14 տոկոսով, խանութներում այն թանկացել է 15 տոկոսով: Շաքարի շուկան Հայաստանում մոնոպոլիզացված է»,-գրել է թերթը:




























