News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Համբուրգում Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպման ձեւաչափը դեռեւս պարզ չէ։ Անդրադառնալով ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հնարավոր հանդիպմանը՝ այս մասին հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Ինչ վերաբերում է հիմնախնդրի բանակցություններին ընդհանրապես, Քոչարյանն այսօր առաջընթաց չի տեսնում:

Խոսելով սպառազինության գնման շուրջ ադրբեջանական կողմի բանակցությունների մասին՝ Շավարշ Քոչարյանը կարծիք է հայտնել, որ խնդիրը միայն զենքի տեսակի եւ քանակի մեջ չէ: Պետք է նաեւ հաշվի առնել այլ գործոններ, որոնցից ամենակարեւորը, բնականաբար, մարդկային ոգին է, գիտակցությունը, որ ժողովուրդը պայքարում է իր հողի համար: Իսկ պետության համար լավագույն անվտանգության երաշխիքը սեփական ուժերի վրա հույս դնելն է։ Բայց չի կարելի անտեսել նաեւ ժամանակակից սպառազինությունները: Հայկական կողմն իրավիճակը հավասարակշռելու կարիք ուներ: Հիմա «Սմերչեր», «Սոլնցեպյոկներ», «Իսկանդերներ» ունենք, բայց վատն այն է, որ դա բերում է սպառազինությունների նոր մրցավազքի: Իսկ սրանից երկու ելք կա:

Արցախի մարտական դիրքերից մեկում ծառայակից Ա.Ներսեսյանի հետ վիճաբանության ընթացքում գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած Ազնավուր Բալեյանը Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղից է: Այս պահին զինծառայողը Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում է, կայուն ծանր վիճակում: Ազնավուր Բալեյանը 6 ամսից զորացրվելու է: Նախնական տվյալներով՝ վեճն առաջացել է դիտակետում քնելու հարցի պատճառով. փոխադարձ հայհոյանքներ են հնչել, ապա Ա.Ներսեսյանը կրակոցներ է արձակել Բալեյանի ուղղությամբ: Ներսեսյանը ձերբակալվել է:

Նոր զարգացումներ ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով: Հնարավոր է` մոտ ապագայում նոր մեղադրանքներ առաջադրվեն «Շենգավիթ» բժշկական կենտրոնի այն բժիշկներին, որոնց մասով լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն էր նշանակվել: Պարզվել է, որ հուլիսի 26-ին եւ 27-ին ծննդկանի հետ առնչված բժիշկների գործողություններում թերացումներ եւ բացթողումներ են արձանագրվել: Խոսքը ծննդատան վարիչ Աշոտ Սիրունյանի, բուժգծով տնօրենի տեղակալ Դավիթ Մխիթարյանի, հուլիսի 26-ին հերթապահած բժիշկ Տիգրան Սարգսյանի ու ռեանիմատոլոգ Արամ Գրիգորյանի մասին է: Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի գործից մի մասն արդեն առանձնացվել եւ ուղարկվել է դատարան, որով երկու մեղադրյալ կա` Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը:

Երկաթուղային կայարանի երկաթգծերի մոտ գտնվող վագոն տնակում, որտեղ գիշերում են տարածքի անօթեւանները, տղամարդու դի է հայտնաբերվել՝ դեմքին եւ գլխին վնասվածքներով: Իրավապահները պարզել են, որ նա Էրեբունի վարչական շրջանի հասցեներից մեկում հաշվառված 56-ամյա Գագիկ Ներսիսյանն է, որը, սակայն, մշտական բնակության վայր չի ունեցել: Պարզվել է, որ դիակի հայտնաբերումից երկու օր առաջ այդ վագոնում վիճաբանություն եւ ծեծկռտուք է եղել: Ներսիսյանը դիմել է իր ծանոթ ոմն Արայի եւ հայտնել, որ վագոնում գիշերելու համար այսինչ մարդն իրենից փող է ուզում: Արան էլ եկել ու ծեծել է գիշերելու համար Գագիկից փող պահանջած տղամարդուն, հետո պարզել է, որ Ներսիսյանը ստել է: Գագիկ Ներսիսյանը մահացել է գլխուղեղի վնասվածքից: Քրեական գործ է հարուցվել: Արա Սահակյանը ձերբակալված է: Նա նախկինում տարբեր հանցանքների համար մի քանի անգամ դատապարտված է եղել:

Դպրոցականների շրջանում սուր շնչառական վարակներ եւ գրիպ է տարածված, բայց դասերը դադարեցնելու որեւէ հիմք Կրթության նախարարությունն առայժմ չունի: Առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ միայն նոյեմբերի 21-ին հիվանդ վիճակում դպրոց կամ մանկապարտեզ հաճախած շուրջ 1800 երեխայի տուն են ուղարկել: Հիշեցնենք, որ Հայաստանում, ինչպես նաեւ եվրոպական տարածաշրջանի մի շարք երկրներում վերջին մեկ ամսվա ընթացքում գրիպի A տեսակի H3 ենթատեսակը եւ այլ շնչառական վարակների հարուցիչներ են շրջանառվում: Այս օրերին հիվանդանոցներում ազատ տեղեր չկան: Խոսակցություններ կան, որ այդ պատճառով նույնիսկ հնարավոր է պլանային վիրահատություններ հետաձգվեն:

Նոյեմբերի 23-ին դոլարը պահպանել է կայուն դիրքերը: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 479 դրամ, եվրոյինը՝ 508, ռուբլունը՝ 7 դրամ 46 լումա, ֆունտինը՝ 593 դրամ։

Նոյեմբերի 24-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում օդի ջերմաստիճանն աստիճանաբար 3-4 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ