News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ռուսերենը նույն վիճակում է, ինչ մյուս օտար լեզուները, եւ դա փոփոխման ենթակա չէ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զորւյցում նշել է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարականների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովայի հայտարարությանը, թե նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսաց լեզուն պետք է օրենսդրորեն կարգավիճակ ստանա:

«Այստեղ երկու տարբեր հարց կա. Հայաստանի պետական լեզուն հայերենն է, «Լեզվի մասին» օրենքը մեր անկախության հիմնարար արժեքներից մեկն է եւ փոփոխության ենթակա չէ: Երկրորդ թեման օտար լեզուների զարգացման հիմնախնդիրն է: Եթե մենք ուզում ենք ունենալ գիտակրթական պոտենցիալ ունեցող տարածք, մեր երկրի քաղաքացիները պետք է մայրենի լեզվի փայլուն տիրապետումից զատ ունենան նաեւ օտար լեւզուների իմացություն: Եվրոպական երկրներում սա արդեն ռեալ երեք լեզվի գործածություն է, բացի մայրենի լեզվից: Մենք դնում ենք առնվազն երկու օտար լեզվի խորացված ամբողջական կիրառման հարց»,-ընդգծեց նախարարը:

Լեւոն Մկրտչյանի խոսքով, դա պետք է տեղի ունենա երկու հարթությամբ՝ դպրոցներում օտար լեզվի կրթության բարելավում եւ խորացված ուղղություններով, որովհետեւ ունենք օտար լեզուների թեքումով դպրոցներ:

Ինչ վերաբերում է ռուս պաշտոնյայի հայտարարությանը, ԿԳ նախարարն ասաց. «Որեւէ օտար պաշտոնյա, պաշտոնատար անձ ցանկացած կարծիք դրսում կարող է հայտնել: Բայց մենք ունենք օրենսդրություն, որը փոխելու ոչ մի հարց չկա: Կարգավիճակ տալու խնդիր գոյություն չունի: Գոյություն ունի եղած լեզուները խորացված ուղղությունններով գնալու խնդիր: Ես ավարտել եմ Չարենցի դպրոցը, որն ուներ անգլիական թեքում: Բայց բացի օտար լեզուներից, որը բոլոր դպրոցներում են անցնում, օրինակ ունեինք անգլերեն լեզվի եւ գրականության փոքր կուրս, ունեինք Անգլիայի աշխարհագրություն, ամերիկյան գրականություն, որն օգնում էր լեզուն ավելի լավ հասկանալու համար: Ռուսերենը նույն վիճակում է, ինչ մյուս օտար լեզուները:

Ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգը 1998-ին է ընդունվել: Ռուսաց լեզվի պարագայում ունենք եւս մի կարեւոր դաշտ, որովհետեւ գտնվում ենք ԵՏՄ դաշտում եւ ռուսերենը այստեղ միջպետական հաղորդակցման լեզու է: Այստեղ ռուսերենն անհրաժեշտ է»:

Տպել
Ամենաշատ