News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի սպառողների միության գրասենյակի հերթական այցելուն նրա նախագահին պատմել էր հերթական նույն պատմությունը, ինչ որ նրա նախորդները: Հեռուստաալիքներից մեկում իրեն հանդիպել էր բավականին պարզ պատասխանով մի վիկտորինա: Եվ ինչը քիչ կարեւոր չէ, մի քանի տասնյակ հազար դրամ պարգեւով: Պահանջվում էր ընդամենը զանգահարել հեռուստաընկերություն, տալ պատասխանը եւ ստանալ մրցանակը:

Քաղաքացին զանգահարել էր եւ համբերատար սպասել, թե երբ են իրեն միացնելու հաղորդավարին: Եթերում հնչող երաժշտությունը լսելով՝ նա սպասել էր ուղիղ մեկ քառորդ ժամ, մինչեւ հասկացել էր, որ դա անիմաստ է: Իսկ կապի  մեկ րոպեն արժեր 500 դրամ: Այնպես որ դատարկ սպասումն արժեցել էր 8500 դրամ: Գումարը, համաձայնեք, փոքր չէ չաշխատող թոշակառուի եւ 2-րդ խմբի հաշմանդամի համար: Այդուհանդերձ նրա համար վիրավորականն այն էր, որ ինքն այդ պատմության մեջ հայտնվել է միամտաբար:

Խոսքը ոչ թե ռուսական հեռուստաալիքի մասին է, ինչի մասին հաղորդվում էր ընթացիկ տարվա սկզբին, այլ հայկական հեռուստաալիքի, որը մեծ լսարան ունի, քանի որ այն եթերային է, եւ դրանով է տարբերվում իր ռուսական «գործընկերոջից»:

Թեպետ մի տարբերություն եւս կա. «վիկտորինայի» անունը, որը մեր հեռուստաալիքի համար շատ երկակի է հնչում՝ «օդից փող»: Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ նման բողոքով իրեն դիմել են մի խումբ քաղաքացիներ: Բողոքը նույնն է. անպատասխան հեռախոսազանգը կլորիկ գումար է արժեցել:

ՀԿ-ի դիմումին ի պատասխան՝ ֆիքսված հեռախոսակապի օպերատորը նշել է, որ իրենք ոչ մի կապ չունեն «վիկտորինայի»  հետ: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից հայտնել են, որ դա «իրենց ոլորտը չէ»: Այնպես որ սկզբունքորեն խախտում չկա, չէ՞որ մեզ մոտ ձեռներեցության ազատություն է եւ այլն: Սպառողների միությունը նույնպես կարող է գործից գլուխն ազատել նույն «հիմնավորումներով»: Բայց Արմեն Պողոսյանը մտադիր է հասնել արդարության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ