News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 25-29-ը Երեւանում անցկացվում է ԱՊՀ եւ Բալթյան երկրների թարգմանիչների եւ հրատարակիչների 4-րդ համաժողովը «Թարգմանական գրականության տարածումն ու ֆինանսավորումը» խորագրով:

Համաժողովն անցկացվում է Մշակույթի նախարարության հովանու ներքո, աջակցությամբ ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի  մոսկովյան գրասենյակի:

Հիմնադրամի նպատակն է նպաստել ԱՊՀ երկրների միջեւ միջմշակութային երկխոսության, միասնական հումանիտար դաշտի զարգացմանը:

Հոկտեմբերի 25-ին մեկնարկած ցուցահանդեսում ներկայացված էին շուրջ 50 հրատարակչություններ ու պարբերական հրատարակություններ: «Գրքի ցուցահանդեսն իբրեւ տեղեկատվական տարածք` ի նպաստ թարգմանական գրականության զարգացման» խորագրի ներքո անցկացվել են գրքերի շուրջ 30 շնորհանդեսներ, ներկայացվել գրահրատարակչական նորություններ, իրենց գրքերը  համատեղ ներկայացրել են հեղինակներն ու թարգմանիչները:

Համաժողովի պաշտոնական բացումը տեղի կունենա  հոկտեմբերի 27-ին, ժամը 10.00-ին «Առնո Բաբաջանյան համերգասրահի» դահլիճում` մասնակցությամբ 22 երկրներից (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Վրաստան, Բելգիա, Բուլղարիա, Բոսնիա, Իսպանիա, Իտալիա, Լեհաստան, Ռումինիա, Սերբիա, Ֆրանսիա) ժամանած 130 պատվիակների:

Համաժողովի հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես  կգա  ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով կընթերցի Սերժ Սարգսյանի ուղերձը, կհնչի նաեւ  ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան գրասենյակի տնօրեն Դենդեւ Բադարչի ողջույնի խոսքը: Ելույթով հանդես կգա ՀՀՄՀ գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն ԱՊՀ եւ Բալթյան երկրների հեղինակավոր ԶԼՄ-ների շուրջ 40 ներկայացուցիչներ, որոնք այդ օրերին ոչ միայն  կլուսաբանեն երեւանյան համաժողովը, այլեւ կմասնակցեն  «Արարատի փեշերին» խորագրով լրատվամիջոցների աշնանային դպրոցին:

Համաժողովի պլենար նիստին կմասնակցեն նաեւ «Ներկայի վերականգնումը» դրամատուրգիական ընթերցումների միջազգային 1-ին բաց փառատոնի մասնակիցները:

Կլոր սեղանների մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի նաեւ «Գրքի աջակցության մասին  դեկլարացիան», որը ստորագրվել է ԱՊՀ մի շարք երկրների կողմից ի նպաստ գրքի տարածմանն ու ընթերցանության խթանմանը:

Հոկտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին  ՀՀ մշակույթի նախարարությունում հանդիսավորությամբ նախարար Հասմիկ Պողոսյանին կհանձնվի «Կուլտուրա» հեռուստաընկերության կողմից  Հայաստանի, հայ մշակույթի ու  արվեստի գործիչների մասին նկարահանված ֆիլմերը Հայաստանում  ցուցադրելու համար:

Համաժողովի շրջանակներում ՀՀ բուհերի ուսանողների համար  կկազմակերպվեն հանդիպումներ գրողների, թարգմանիչների, լրագրողների, առաջատար հեռուստաընկերությունների ու հաղորդաշարերի հեղինակների  հետ, կանցկացվեն վարպետության դասեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ