«Փոքր Մհեր» կրթահամալիրում ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ է ստեղծվել: Այս մասին հայտնում ենք Կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունից:
ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հանձնարարությամբ կրթահամալիր են այցելել փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, նախարարության մարզա-ռազմական եւ արտաուսումնական կրթության վարչության պետ Արկադի Պետրոսյանը եւ ԿԳՆ այլ աշխատակիցներ:
Վերջիններս հանդիպել եւ զրուցել են կրթահամալիրի սովորողների հետ, ստեղծված իրավիճակը քննարկել նաեւ կրթահամալիրի տնօրենի, կառավարման խորհրդի նախագահի հետ: Սովորողները ԿԳՆ ներկայացուցիչների հետ հանդիպմանը հարց են բարձրացրել, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրում ուսումնական աշխատանքների կազմակերպման ընթացքում առանձին դեպքերում չեն պահպանվել մանկավարժական մոտեցումները: Նախարարի հանձնարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի գլխավորությամբ, որը իրավիճակի ուսումասիրությունից եւ անհրաժեշտ պարզաբանումից հետո կներկայացնի հիմնախնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ առաջարկություններ:
Այս պահին ուսումնական գործըթացը վերականգվել է:
Նշենք, որ ավելի վաղ կրթահամալիրի տնօրենը մեզ հետ զրույցում հաստատել էր, որ երեխաների շրջանում դժգոհություն կա:
«Երեխաներն ինչ-որ բան են ուզում ասել, հիմա մենք արտահերթ ծնողական ժողով ենք հրավիրել, որ քննարկենք: Փորձում ենք օրենքի յուրաքանչյուր կետ կիրառել, երեխաները երեւի թե մինչեւ այդ ազատ են եղել, իրանց համար անհասկանալի է: Երեխա են, չեն պատկերացնում… երեխաներն ուզում են, որ իրենց ծնողները գան, մենք էլ հրավիրել ենք արտահերթ ծնողական ժողով»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կրթահամալիրում տիրող իրավիճակն այսպես էր պարզաբանել նորանշաակ տնօրեն Վահագն Յաղմուրյանը




























