News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Երկար սպասված եւ օրեր շարունակ քննարկումների առիթ դարձած Հանրապետական կուսակցության համագումարը կայացավ: Միաձայն ՀՀԿ նախագահ վերընտրվեց Սերժ Սարգսյանը, կուսակցության Գործադիր մարմնի 21 հոգանոց կազմում ընդգրկվեցին նաեւ նորաթուխ հանրապետականներ Կարեն Կարապետյանն ու Վիգեն Սարգսյանը: Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջարկեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իսկ Արմեն Աշոտյանը շտապեց բաց քվեարկություն կազմակերպել:

Մինչ այդ ունեցած հաշվետու ելույթում Սերժ Սարգսյանը նաեւ վերջակետ դրեց կարճաժամկետ կառավարության կազմի մասին խոսակցություններին. 2017 թվականի ընտրություններում հաղթանակի դեպքում կառավարությունը կրկին կգլխավորի գործող վարչապետը: Սերժ Սարգսյանը խոսեց կուսակցության ներքին խնդիրների մասին: Ասաց՝ խնդիր կա կուսակցականների հանրային խոսքի առումով: Չնայած վերջին տարիներին հանրապետականների հանրային խոսքի ոճն ու բովանդակությունը փոխվել է, բայց լուրջ տնային աշխատանքի կարիք կա: Հանրապետության նախագահը կարեւորեց գալիք երկու-երեք տարիները՝ Սահմանադրության անցումային դրույթներն արդյունավետորեն կյանքի կոչելու տեսանկյունից: Հասարակական-քաղաքական կյանքում կուսակցությունների դերի բարձրացում, քաղաքական ուժերի խոշորացում է սպասվում:

Եվս մեկ շեշտադրում վերաբերում էր ղարաբաղյան հիմնախնդրին. Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ, միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով: Ասաց, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալ ուժի ու բռնության կիրառմամբ, բայց ապրիլյան իրադարձություններն ապացուցեցին, որ Բաքվում իրատեսության հետ կապված լուրջ խնդիրներ կան:

Հավանայում հրետանու 21 համազարկով մեկնարկել է Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հրաժեշտի արարողությունը: Դրանից հետո ամբողջ երկրում իջեցվել են պետական դրոշները։ Հանգուցյալ նախագահի դիափոշով անոթը դրվել է Հեղափոխության հրապարակի Խոսե Մարտիի անվան հուշահամալիրում։ Ֆիդել Կաստրոն մահացել է նոյեմբերի 25-ին, 90 տարեկանում։ Նրա վախճանի կապակցությամբ Կուբայում 9-օրյա սուգ է հայտարարվել:

Ազատամարտիկին ծեծելով սպանելու մեջ մեղադրվող «Ջունգլ»-ը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել: Նա բուժհաստատություն է տեղափոխվել կտրած-ծակած վերքերով: Դեպքի հանգամանքները պարզվում են: Նշենք, որ կիրակի առավոտյան համացանցում տեղեկություն էր տարածվել, որ «Ջունգլ» մականվամբ հայտնի Գեւորգ Սարգսյանը փողոցում ծեծել է իր կնոջը: Տղամարդու ձեռքից կնոջը փրկել է դեպքի ականատես հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը: Հիշեցնենք նաեւ, որ ազատամարտի մասնակից, 52-ամյա Վարդան Թումանյանին ծեծելով սպանելու մեջ մեղադրվող «Ջունգլին» դատարանն ազատ էր արձակել՝ մերժելով խափանման միջոցը փոխելու եւ կալանք կիրառելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը: Ազատամարտիկի հարազատները նոր փորձաքննություն են պահանջում:

«Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի սաները պահանջում են նորանշանակ տնօրեն Վահագն Յաղմուրյանի հրաժարականը: Այսօր վաղ առավոտից կրթահամալիրի բոլոր սաներն ի նշան բողոքի շարային երթ են կատարել հրապարակում: Տնօրենն արտահերթ ծնողական ժողով է հրավիրել՝ հասկանալու սաների դժգոհությունը: Նշենք, որ Վահագն Յաղմուրյանը կրթահամալիրի տնօրեն է նշանակվել մոտ մեկ ամիս առաջ: Սաների պնդմամբ՝ նրա նշանակումից հետո մթնոլորտը փոխվել է, այլ է նույնիսկ սպայակազմի վերաբերմունքը: Իրավիճակն ուսումնասիրելու համար կրթության նախարարի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել: Մինչ այդ, փոխնախարար Մանուկ Մկրտչյանն այցելել է կրթահամալիր, որտեղ սաները մատնանշել են, որ ուսումնական աշխատանքների կազմակերպման ընթացքում առանձին դեպքերում մանկավարժական մոտեցումները չեն պահպանվում:

Արցախի մարտական դիրքերից մեկում վիճաբանության ժամանակ ծառայակցի կողմից հրազենային վիրավորում ստացած Ազնավուր Բալեյանին Երեւան են տեղափոխել: Կենտրոնական զինվորական հոսպիտալում նրան վիրահատել են: Ազնավուր Բալեյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Ազնավուր Բալեյանը գլխի շրջանում հրազենային վնասվածք ունի: Հիշեցնենք, որ Ազնավուր Բալեյանը Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղից է: Նախնական տվյալներով՝ զինծառայողների միջեւ վեճը ծագել է դիտակետում քնելու հարցի պատճառով. փոխադարձ հայհոյանքներ են հնչել, ապա Ա.Ներսեսյանը կրակել է Բալեյանի ուղղությամբ: Ներսեսյանը ձերբակալվել է:

Խանդի հողի վրա սպանել է կնոջը: Երեւանի Շենգավիթ համայնքում 37-ամյա Ալինա Մաղաքյանին սպանելու մեջ կասկածվող Արամ Մնացականյանը կալանավորվել է: Կնոջ դիակը՝ աջ ազդրի կտրած-ծակած վերքով, հայտնաբերել են նոյեմբերի 25-ին, Շենգավիթի տներից մեկում: Նախնական տվյալներով՝ տուժողն իր ժամանակավոր բնակության վայրում վիճաբանել է նույն տանը ժամանակավորապես բնակվող տղամարդու հետ, որի ժամանակ էլ վերջինը դանակով հարվածել է կնոջ աջ ազդրին: Երկուսն էլ ալկոհոլի ազդեցության տակ են եղել: Գործով մեղադրյալ 34-ամյա Մնացականյանն Արտաշատի բնակիչ է:

«Հաղթանակ» զբոսայգում երիտասարդը բռնաբարել է Երեւանին մերձակա մարզերից մեկի անչափահաս բնակչուհուն: Աղջիկը երիտասարդի հետ ծանոթացել է սոցիալական ցանցի միջոցով եւ Երեւան գալով՝ շտապել «Հաղթանակ» զբոսայգի, երիտասարդի հետ ժամադրության: Այստեղ էլ տղան բռնաբարել է նրան: Նշենք, որ անչափահաս աղջիկը Երեւան գալու եւ ժամադրության մասին գյուղում բնակվող հարազատներին չի պատմել: Վերջինները նրա անհետացման մասին ահազանգել են ոստիկանություն, իրավապահներն աղջկան որպես անհետ կորած որոնել են:

Նոյեմբերի 28-ին դոլարն ու եվրոն շարունակել են թանկանալ: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 479 դրամ, եվրոյինը՝ 510, ռուբլունը՝ 7 դրամ 39 լումա, ֆունտինը՝ 596 դրամ։

Նոյեմբերի 29-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էականորեն չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ