News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է 20-ամյա զինծառայող Նարեկ Ասատրյանը: Երիտասարդի հոր՝ Վլադիկ Ասատրյանի խոսքով, որդին մահացու վիրավորում է ստացել հուլիսի 16-ին՝ զորացրվելու նախորդ օրը, խրամատում ականի պայթյունի հետեւանքով: Վեց ամիս անց, գիտակցության չգալով, տղան մահացել է: Նարեկ Ասատրյանն ապրիլյան պատերազմի մասնակից էր: Նա Կոտայքի մարզի Կարենիս գյուղից էր, ընտանիքի միակ զավակը: Հոր խոսքով՝ այս ընթացքում պաշտպանության նախարարությունն իրենց ընդամենը 100 հազար դրամ է տրամադրել, որպեսզի ծնողները կարողանան Երեւան գալ՝ որդուն տեսության: Հայրն առաջարկել է նաեւ տանել արտերկիր՝ բուժման, բայց ասել են, որ եթե տեղաշարժեն, կմահանա:

Կառավարությունում այսօր նիստ չէր, բայց վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության էր կանչել նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարներին: Զեկուցել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքը: Նախ՝ վարչապետն ավետել է. դեկտեմբերին գործադիրն արտակարգ ռեժիմով է աշխատելու:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը զեկուցել է. գործարար միջավայրի հետ երկխոսության, ներդրումային ծրագրերի հավաքագրման հարթակ են ստեղծել: Արդեն իսկ 6 ներդրումային ծրագիր են ստացել: Վարչապետին հստակություն էր պետք: Սուրեն Կարայանն ասել է, որ զգալիորեն ակտիվացել է ադամանդագործության ոլորտը, հնարավոր է դարձել ավելի որակյալ ու մատչելի հումք ձեռք բերել: Մի քանի կազմակերպությունների էլ օգնել են, որ առանց խնդիրների մուտք գործեն ԵՏՄ շուկա:

Առողջապահության ոլորտում ակտիվորեն օպտիմալացում են կատարում: Վերջնական արդյունքում 1.8 մլրդ դրամ կտնտեսենք: Բացի այդ, վերանայվել են դժվարամատչելի, սոցփաթեթով տրամադրվող ծառայությունների գները, նպատակ ունեն նվազեցնել դրանք: Արտեմ Սարգսյանը խնդիր է տեսնում հաշմանդամության կենսաթոշակների մասով: Նախարարությունը հունվարին պիլոտահաշվառման նոր մոդել է ներկայացնելու, փորձելու են ամեն ինչ անել, որպեսզի քաղաքացիներն ավտոմատ թոշակառու չդառնան: Կարեն Կարապետյանը վճռական է տրամադրված նաեւ սոցիալապես անապահովության համար գումար հատկացնելու հարցում: 

Կրթության ոլորտի մասին. դպրոցական կանոնակարգերում լրացումներ են կատարվել՝ ուղղված տնօրենների ընտրությունների թափանցիկության բարձրացմանը: Քայլեր են կատարվում նաեւ հանրակրթության համակարգում բիզնես կրթություն եւ սոցիալական ձեռնարկատիրություն դասավանդելու, ավագ դպրոցների ծրագրերի արմատական բեռնաթափման ուղղությամբ: Այս դեպքում նույնպես վարչապետը կոնկրետ ծրագրեր է պահանջել:

Քաղավիացիայի գլխավոր վարչության պետն էլ զեկուցել է բյուջետային ավիաընկերությունների մասին: Դեկտեմբերից Գյումրիից կսկսի չվերթներ իրականացնել ռուսական «Պոբեդա»-ն: Սերգեյ Ավետիսյանը տեղեկացրել է, որ 2016 թվականին ուղեւորահոսքերի ռեկորդային ցուցանիշ կարձանագրվի՝ ավելի քան 2 մլն մարդ: Ընդ որում՝ աճը պայմանավորված է ներգնա հոսքերի ավելացմամբ:

Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով տուժած 26-ամյա Սմբատ Պողոսյանը Բեսլանից տեղափոխվել է Հայաստան: Նա Բեսլանի ավտովթարից տուժած վերջին ուղեւորն էր, այս պահին գտնվում է Վանաձորի բժշկական կենտրոնում: NEWS.am-ի հետ զրույցում Սմբատ Պողոսյանը պատմել է, որ  վթարի պահին քնած է եղել եւ չի տեսել՝ ինչպես է տեղի ունեցել պատահարը: 26-ամյա երիտասարդը Բեսլանի բուժկենտրոնում ստացած բուժօգնությունից դժգոհություններ չունի, այնտեղ իրեն լավ են վերաբերվել եւ անմիջապես կազմակերպել բոլոր հետազոտությունները:

Մանրամասներ «Ջունգլ» մականունով հայտնի Գեւորգ Սարգսյանի դանակահարության մասին: Մեր տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Աբովյան քաղաքի «Քրեյզի» գիշերային ակումբում: Տերյան փողոցում կնոջը ծեծելուց հետո Ջունգլը շտապել է գիշերային ակումբ, որտեղ վեճի է բռնվել ակումբում գտնվողներից մեկի հետ: Այդ ընթացքում էլ դանակի հարվածներ է ստացել: Նրան դանակահարելու մեջ կասկածվում է «Չեչեն» մականունով Աբովյանի բնակիչը: Հավելենք, որ կնոջը ծեծելու փաստով Գեւորգ Սարգսյանի դեմ քրեական գործ է հարուցվել: Կինը տուժող է ճանաչվել, իսկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նա հրաժարվել է ցուցմունք տալ: Հիշեցնենք, որ «Ջունգլ»-ին մեղադրում էին նաեւ ազատամարտի մասնակից, 52-ամյա Վարդան Թումանյանին ծեծելով սպանելու մեջ:

78 տարեկանում կյանքից հեռացել է ֆիզիկոս, ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանը: Նա մեծ ներդրում ունի լազերային ֆիզիկայի եւ ոչ գծային օպտիկայի նոր ուղղությունների ասպարեզում: Գիտական գործունեությունը սկսել է ավելի քան 50 տարի առաջ՝ Երեւանի պետհամալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում: Մասնակցել է Հայաստանի առաջին լազերի հավաքմանն ու թողարկմանը: 2009 թվականին արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման:

Նոյեմբերի 29-ին դոլարի փոխարժեքը հատել է 480 դրամի սահմանը: Այսպիսով, դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 508, ռուբլունը՝ 7 դրամ 39 լումա, ֆունտինը՝ 598 դրամ։

Նոյեմբերի 30-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էականորեն չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ