News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ադրբեջանին որեւէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում: «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան՝ այս մասին նշել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը: Ռուսաստանյան «Ռոսիա Սեգոդնյա»-ին տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե հինգ տարի առաջ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստ են եղել Ադրբեջանին զիջել յոթ շրջաններ՝ Ղարաբաղի կարգավիճակը որոշող հանրաքվեի դիմաց, անգամ նման բովանդակության փաստաթուղթ է եղել, բայց Իլհամ Ալիեւը հրաժարվել է այն ստորագրել: Ե՞րբ է որոշում կայացվել Ադրբեջանին զիջել նախկինում ԼՂԻՄ-ը շրջապատող յոթ շրջանները, արդյո՞ք դա չի նշանակում, որ այդ դեպքում Լեռնային Ղարաբաղը կհայտնվի անկլավային վիճակում՝ զրկվելով Հայաստանի հետ ցամաքային կապից: Վլադիմիր Հակոբյանն «Ազատության»-ը պատասխանել է, որ Սերժ Սարգսյանն ընդգծել է. քանի դեռ «Արցախի կարգավիճակն անորոշության է մատնված, որեւէ այլ հարց լուծում չի կարող գտնել»:

«Ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման առաջարկի փաթեթն ամրագրում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ցամաքային կապի անհրաժեշտությունը: Սրան բազմիցս անդրադարձել են թե՛ Հայաստանը, թե՛ համանախագահները: Որեւէ անկլավային կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող: Խոսքը Հայաստանը Լեռնային Ղարաբաղին միացնող սոսկ ցամաքային ճանապարհի մասին չէ, այլ լայն, անվտանգ եւ անխափան ցամաքային այնպիսի կապի, որը լիարժեք ապահովված կլինի Ադրբեջանի կողմից որեւէ ոտնձգությունից»,- ասել է նախագահի մամուլի խոսնակը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրինագիծը: ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը կողմ է քվեարկել 95 պատգամավոր, 7-ը ձեռնպահ են մնացել։ Օրենքում ամրագրված է խորհրդարանից բացի այլ պետական պաշտոններ զբաղեցնելու, ձեռներեցությամբ զբաղվելու եւ ՏԻՄ պաշտոններ զբաղեցնելու արգելքը։ Եթե պատգամավորը բիզնեսում ինչ–որ ակտիվներ ունի, պետք է դրանք հանձնի ուրիշի տնօրինությանը: Նշենք, որ այս արգելքը գործում էր նաեւ նախկինում։ Այդուհանդերձ ընդդիմությունը շարունակում է իշխանական պատգամավորներին մեղադրել նրանում, որ օրենքներ կազմելիս նրանք առաջնորդվում են իրենց բիզնեսի շահերով։

Դեկտեմբերի 3-ին նախանշված է ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը: Կուսակցության մամուլի խոսնակը տեղեկացրել է, սակայն, որ նիստը փակ է լինելու: Նիստի ընթացքում քննարկվելու են առաջիկա ընտրությունների կազմակերպչական հարցեր, հստակեցվելու է մարզային այցելությունների ժամանակացույցը:

Տեսական եւ կիրառական քիմիայի միջազգային միությունը պաշտոնապես անուններ է շնորհել վերջերս բացահայտված 4 քիմիական տարրերին։ Դրանցից մեկը՝ 118-րդ տարրը (Og նշումով), ստացել է օգանեսսոն անվանումը՝ ի պատիվ քիմիկոս Յուրի Հովհաննիսյանի: 113 համարի տարրը կոչվում է նիհոնիումը, 115-րդ տարրը՝ մոսկովիում, 117-րդը՝ թեննեսին: Յուրի Հովհաննիսյանը ֆիզմաթ գիտությունների դոկտոր է, Ռուսական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս:

Կերուխումը սպանությամբ է ավարտվել: Ալավերդի քաղաքի տներից մեկում 65-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել: Նա Ալավերդիի բնակիչ է, անունը՝ Հայկ: Մեր տեղեկություններով՝ դին հայտնաբերելուց ժամեր առաջ նշված տանն ընկերներով խնջույք են կազմակերպել, որին մասնակցել է նաեւ մահացած տղամարդը: Հավաքույթի մասնակիցների միջեւ վիճաբանություն է սկսվել, իսկ ավելի ուշ հայտնաբերվել է նրանցից մեկի դին: Իրավապահները փորձում են պարզել, թե ինչ հանգամանքներում է նա մահացել: Նրան հարվածելու մեջ կասկածվող անձը, նույնպես Ալավերդիի բնակիչ, բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Քրեական գործ է հարուցվել

Մահվան ելքով վթար Գեղարքունիքում: Մարտունի-Վարդենիս ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2109» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները: Մեքենաներից   մեկի ուղեւորը՝ 66-ամյա Կոմիտաս Զաքարյանը, տեղում մահացել է, իսկ վարորդները եւ մյուս մեքենայի երկու 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նշենք, որ Կոմիտաս Զաքարյանը Վարդենիսի բուժկենտրոնի բժիշկներից էր:

Դպրոցահասակ երեխաներ ունեցող քաղաքացիների մեծ մասը համաձայն չէ Կրթության նախարարության որոշման հետ, որ երկրում սուր շնչառական հիվանդությունների եւ գրիպի պատճառով դպրոցներում դասերը հետաձգելու անհրաժեշտություն այս պահին չկա: Մայրաքաղաքի փողոցներում մեր անցկացրած հարցման մասնակիցները կարծում են, որ անհրաժեշտ է որոշ ժամանակով հետաձգել դասերը՝ վարակների տարածումը կանխելու համար: Ծնողներին անհանգստացնում է նաեւ այն, որ երեխաները հաճախակի բացակայությունների պատճառով ուսումնական ծրագրից հետ են մնում։ Բացի այդ, կրկնակի վարակման վտանգն ու երկարատեւ բուժումները մեծ ծախսերի հետ են կապված։

Դոլարն ու եվրոն կրկին թանկանում են: Արդյունքում նոյեմբերի 30-ին դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 510, ռուբլունը՝ 7 դրամ 41 լումա, ֆունտինը՝ 599 դրամ:

Դեկտեմբերի 1-ին հանրապետության շրջանների մեծ մասում տեղումներ են սպասվում, լեռնային եւ նախալեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 1-ի գիշերն օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով: Երեւանում նույնպես վաղը տեղումներ են սպասվում. բարձրադիր վայրերում՝ թաց ձյուն եւ ձնախառն անձրեւ, ցածրադիր գոտիներում՝ հիմնականում անձրեւ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ