News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կայացել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովին ներկա էին եւ ելույթներով հանդես եկան ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, Հայաստանի եւ Ֆրանսիայի մի քանի տասնյակ տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Իր բացման խոսքում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասել է.

«Ուրախ եմ ողջունել Ձեզ Երեւանում հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին, որը նաեւ երկրորդն է Երեւանում:

Կրկնակի հաճելի է այս դահլիճում տեսնել բազմաթիվ բարեկամների, ովքեր Ֆրանսիայից ժամանել են հատուկ այս միջոցառմանը մասնակցելու նպատակով։

Մեծապես կարեւորում եմ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ բարեկամական հարաբերությունների այս կարեւոր բաղադրիչը` համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով, ավանդական դարձած ապակենտրոնացված համագործակցության այս համաժողովը. ոչ այնքան այն պատճառով, որ եղել եմ ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական առաջին համաժողովի ակունքներում, երբ 2006թ. Հայաստանից Ֆրանսիա մեկնեց տարբեր մարզերի եւ քաղաքների ներկայացուցիչներից բաղկացած ավելի քան հարյուր հոգանոց պատվիրակություն` Հայաստանի վարչապետի գլխավորությամբ, այլ նրա համար, որ տեղական ինքնակառավարման օղակները, որպես ժողովրդին ամենամոտ կանգնած իշխանության կրողներ, լավագույնս են նպաստում երկրների միջեւ բարեկամության խորացմանը:

Տիկնայք եւ պարոնայք,

Հայ-ֆրանսիական քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը դրսեւորվում է երկկողմ բարձրաստիճան քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ, Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների պարբերական փոխայցերով, միջազգային հարթակներում կանոնավոր երկկողմ հանդիպումներով:

Հայ-ֆրանսիական փոխգործակցությունը տարբեր ուղղություններով վերջին տարիներին անշեղորեն զարգացել եւ ամրապնդվել է՝ նշանավորվելով միջխորհրդարանական կապերի առավել սերտացմամբ, տնտեսական համագործակցության ընդլայնմամբ, մշակութային եւ գիտակրթական կապերի շարունակական խորացմամբ: Զուգահեռ վերընթաց զարգացում է ապրել նաեւ մեր երկրների միջեւ դեռ հիսուն տարի առաջ սկիզբ առած եւ Հայաստանի անկախությունից ի վեր նոր թափ ստացած ապակենտրոնացված համագործակցությունը։

Այսօր Հայաստանի եւ Ֆրանսիայի քաղաքների ու շրջանների միջեւ յոթ տասնյակ հաշվվող փոխգործակցության համաձայնագրերի շրջանակներում ամեն տարի իրականացվում են բազմաթիվ համատեղ ծրագրեր զբոսաշրջության, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության եւ այլ ոլորտներում: Դա նաեւ հանդիսանում է մի յուրօրինակ օժանդակություն մեր մարզերի եւ համայնքների համաչափ զարգացման առումով, ինչը բարձր է գնահատվում Հայաստանի կողմից:

Ես կցանակնայի կարեւորել նաեւ այս համաժողովը Ֆրանկոֆոնիայի շրջանակներում ապակենտրոնացված համագործակցության համատեքստում։ Այդ ձեւաչափը լավ հեռանկարներ ունի. դուք տեղյակ եք որ Անտանանարիվուում Ֆրանկոֆոնիայի անդամ երկրները եւ կառավարությունները որոշում ընդունեցին կազմակերպության հաջորդ գագաթաժողովը 2018թ. անցկացնել Հայաստանում։

Հարգելի բարեկամներ,

Ինձ մեծապես հաճելի է տեսնել, որ համաժողովից համաժողով` հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունն առավել ընդլայնվում է` արձանագրելով վերընթաց զարգացում:

Վստահ եմ, որ այս չորրորդ համաժողովը կգա բացելու նոր հեռանկարներ, ի հայտ բերելու ապակենտրոնացված համագործակցության նոր բովանդակային հորիզոններ:

Կրկին ողջունում եմ բոլորիդ եւ մաղթում արդյունավետ աշխատանք եւ հաջողություններ Ձեր նոր նախաձեռնություններում»:

Նշենք, որ Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առաջին համաժողովը տեղի է ունեցել 2006թ. Փարիզում, երկրորդը` 2010թ. Երեւանում, իսկ երրորդը` 2013թ. Ֆրանսիայի Վալանս քաղաքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ