Արցախում երկու պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Նրանք Աշան գյուղի բնակիչներ են՝ 32-ամյա Գագիկ Պողոսյանն ու 30-ամյա Քաջիկ Բադալյանը: Քաջիկը տեղափոխվել է Երեւանի Կենտրոնական զինվորական հոսպիտալ. նրա վիճակը ծանր է գնահատվում: Իսկ Գագիկը Ստեփանակերտի հոսպիտալում է, կոտրվածքներ ունի, ծնոտի, թոքի եւ բազմաբեկորային վնասվածքներ:
Կոտայքի մարզի Կարենիս գյուղում այսօր զինվորական կարգով հուղարկավորել են հոսպիտալում մահացած 20-ամյա Նարեկ Ասատրյանին: Ներկա են եղել նաեւ Նարեկի ծառայակից ընկերները, հրամանատարական կազմը: Զինծառայողը գլխի շրջանում ծանր վիրավորում էր ստացել հուլիսի 16-ին` զորացրվելու նախորդ օրը: Նարեկը տան միակ երեխան էր, դպրոցական տարիքից աշխատում էր` հիվանդ ծնողներին խնամելու համար: Նա առաջնագծում էր ծառայում, նաեւ մասնակցել է ապրիլյան պատերազմին: Հայտնի չէ, թե ինչ հանգամանքներում է վիրավորվել 20-ամյա երիտասարդը. պաշտպանության նախարարությունը պաշտոնապես որեւէ հաղորդագրություն չի տարածել, քանի որ, ըստ նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի, «պարտադիր» չէ:
Ադրբեջանական զինուժն այս գիշեր ակտիվ է եղել սահմանին: Հայկական կողմը ստիպված է եղել պատասխանել: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 75 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2000 կրակոց: Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար Արցախի պաշտպանության բանակի առաջապահ ուժերը ստիպված են եղել պատասխան գործողությունների դիմել:
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում, որ դեկտեմբերի սկզբին Համբուրգում կհանդիպի ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումը, սակայն, դեռեւս հաստատված չէ: Ավելի վաղ Մինսկի խմբի համանախագահները հույս էին հայտնել, որ դեկտեմբերի 8-ին եւ 9-ին կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների հավաքի շրջանակում կկայանա Նալբանդյան-Մամեդյարով հերթական հանդիպումը:
Գործադիրը Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն է ստեղծում: Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտնել է Կարեն Կարապետյանը: Վարչապետի խոսքով՝ այն լինելու է հանրային-մասնավոր գործընկերության ձեւաչափով: Նախարարություններին եւ գերատեսչություններին հանձնարարվել է կառավարության աշխատակազմ ներկայացնել իրավական տեսանկյունից արդեն գործող բոլոր ռազմավարություններն ու բարեփոխումների հայեցակարգերը, որպեսզի նորաստեղծ կենտրոնն ամփոփի դրանք:
Վարչապետը մի շարք հանձնարարություններ ուներ՝ ուղղված առողջապահության նախարարին: Հարկավոր է դեղերի շուկայի ուսումնասիրություն, իրավական կարգավորումների վերլուծություն կատարել եւ ներկայացնել կառավարության աշխատակազմ: Բացի այդ, նախարարությունը պետք է բժշկական էթիկայի նորմեր, նաեւ դրանք խախտելու համար պատասխանատվության մեխանիզմներ մշակի:
Գլխավոր դատախազին էլ հանձնարարվել է հանդիպում կազմակերպել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ: Նրանք քրեական գործերի շուրջ մտահոգություններով դիմել են վարչապետին:
2017 թվականի պետբյուջեի նախագծում վերջին շտկումներն են արվում: Ֆինանսների նախարարն այսօր ներկայացրել է նախագծի ցուցանիշներում արված փոփոխությունները, կառավարությունն էլ հաստատել է դրանք: Այս ընթացքում պատգամավորներից բազմաթիվ առաջարկներ են ստացել:
Կառավարությունը խզել է քաղաքային կայանատեղիները մասնավոր ընկերություններին հանձնելու պայմանագիրը։ Դրանք այսուհետ կտնօրինի Երեւանի քաղաքապետարանը: Միաժամանակ, քննարկվելու է կայանատեղիների հավատարմագրային կառավարման հարցը։
Գյուղնախարարությունը կողմ է, որպեսզի պարարտանյութերի շուկան բացվի, պետությունը սուբսիդավորում չանի, բոլոր ցանկացողներն էլ կարողանան ներկրել դրանք: Հիմա բանակցություններ են ընթանում՝ հասկանալու համար, թե գնային ինչ ազդեցություն կունենա այդ քայլը, որպեսզի ֆերմերի համար պարարտանյութը չթանկանա: Լրագրողներն Իգնատի Առաքելյանին հարցրել են նաեւ գյուղացիական տնտեսություններին պետբյուջեից սուբսիդավորվող պարարտանյութի մատակարարման հարցում բացահայտումների մասին: Նշենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերջին ուսումնասիրությունը ջրի երես է հանել շատ խոշոր մութ պատմություն, որը վերաբերում է 4 տարի շարունակ պետբյուջեից սուբսիդավորմամբ գյուղացիական տնտեսություններին պարարտանյութի մատակարարմանը: Այս պատմության մեջ շրջանառվում է հատկապես ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի անունը: Մամուլի հրապարակումների համաձայն՝ Կարեն Կարապետյանն ուզում է Խաչատրյանին զրկել «յուղոտ բիզնեսից»:
Արցախցի գեներալ Վահան Բադասյանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Վահան Բադասյանը հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ Մովսես Հակոբյանը եղբոր՝ Արայիկ Հակոբյանի հետ երկար տարիներ լինելով «Սիփան» ընկերության փաստացի սեփականատերը, չարաշահել է պաշտոնեական դիրքը եւ շուկայականից բարձր գնով ցորենի ձեռքբերման պայմանագիր կնքել ընկերության հետ: Արդյունքում պաշտպանության նախարարությունից մի քանի տասնյակ միլիոն դրամ է յուրացվել: Քննության արդյունքներով հանցադեպ չի բացահայտվել: Մեզ հետ զրույցում Բադասյանը նշել է, որ սպասում էր նման որոշման: Ասում է՝ ամեն դեպքում պետք է քրեական գործ հարուցեին: Եթե զրպարտություն էր, իր հայտարարություններն իրականությանը չէին համապատասխանում, պետք է իրեն պատասխանատվության կանչեին, հակառակ դեպքում՝ պատասխանատվության ենթարկեին Մովսես Հակոբյանին:
Սնանկացած «Աշտարակ կաթ» ընկերությունը պատրաստվում է գնել «Ադրա Ռեմար» ընկերությունը: Տնտեսական զարգացումների եւ ներդրումների նախարարությունում տեղի ունեցած հանդիպումից հետո գնորդի ներկայացուցիչ Արտակ Ասատրյանը տեղեկացրել է, որ ընկերությունը գրանցված է Միացյալ նահանգներում, մինչ այսօր Հայաստանում որեւէ գործունեություն չի ծավալել: Ընկերության սեփականատերն Արտակ Ավագյանն է, որը նախարար Սուրեն Կարայանի հետ այսօր ներդրումներին վերաբերող հարցեր է քննարկել: Թեեւ իրավական հարցերն ամբողջությամբ դեռեւս կարգավորված չեն, մի քանի օր է՝ հավանական գնորդը թողարկում է «Աշտարակ կաթ»-ի արտադրանքը: Արտակ Ասատրյանը վստահեցրել է, որ գյուղացիների մթերումների պարտքերը մաս-մաս կվճարելեն:
Ավտովթար Վրաստանի մայրաքաղաքում, որի արդյունքում Հայաստանի քաղաքացիներ են տուժել: Թբիլիսիում տեղի ունեցած պատահարի հետեւանքով հիվանդանոց են տեղափոխվել 33-ամյա Արտավազդը, 38-ամյա Արմանը, 30-ամյա Էդգարը: Արտավազդի եւ Էդգարի վիճակը բժիշկները բավարար են գնահատել, իսկ Արմանն առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել:
Դանակահարություն Արարատի մարզում: Խաչփար գյուղի երիտասարդների միջեւ վեճ է ծագել ավտոմեքենաները կայանելու շուրջ: Վիճաբանության ժամանակ էլ երիտասարդներից մեկը դանակահարել է մյուսին: Տուժածը կրծքավանդակի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 1-ին դոլարի ու եվրոյի հետ միասին սկսել է թանկանալ նաեւ ռուբլին: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 511, ռուբլունը՝ 7 դրամ 51 լումա, ֆունտինը՝ 602 դրամ։
Դեկտեմբերի 2-ին հանրապետության շրջանների մեծ մասում տեղումներ են սպասվում, լեռնային եւ նախալեռնային շրջաններում՝ ձյուն: Օդի ջերմաստիճանն էականորեն չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ կլինեն. բարձրադիր վայրերում՝ թաց ձյուն, ցածրադիր գոտիներում՝ ձնախառն անձրեւ: