News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այսօր մեկնարկել է «Զինված խմբի» աղմկահարույց գործով դատավարությունը: Առաջին նիստը մեկ ժամ ուշացումով է սկսվել. չէին սպասում, որ մեծ թվով լրագրողներ եւ ամբաստանյալների հարազատներ կգան: Եթե հարազատներին կարողացել են համոզել եւ ներս է մտել ընդամենը 11 մարդ, լրագրողներին համոզել չի ստացվել. բոլորը, թեեւ կանգնած, մասնակցել են դռնբաց դատական նիստին:

Ամբաստանյալներից Վահան Շիրխանյանը լուրջ առողջական խնդիրների պատճառով նիստին չէր ներկայացել: Գործով նաեւ նոր հանրային պաշտպաններ էին ներգրավվել, որոնք նույնպես ժամանակ են խնդրել՝ 37 հատորանոց նյութերին ծանոթանալու համար: Դատարանը որոշել է նիստը հետաձգել մինչեւ հունվար: Նշենք, որ նիստը տեւել է ընդամենը 10 րոպե: Լրագրողները հնարավորություն են ունեցել մի քանի հարց ուղղել խմբի ենթադրյալ պարագլուխ Արթուր Վարդանյանին: Նա, ի դեպ, բարձր տրամադրություն ուներ, իսկ հեռանալուց առաջ միասնության կոչ է արել: Ըստ մեղադրանքի՝ խումբը մտադիր է եղել զինված հարձակում գործել պետական հաստատությունների վրա, իշխանափոխություն անել, սակայն ավարտին չի հասցրել. 2015 թվականի նոյեմբերին հայտնաբերվել է Ազգային անվտանգության ծառայության կողմից: Գործով 20 ամբաստանյալ կա, այդ թվում՝ ազատամարտիկներ:

Արցախում վիրավորված զինծառայողների վիճակը կայուն ծանր է: Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետի տեղեկացմամբ, Երեւան են տեղափոխվել ժամկետային զինծառայող 19-ամյա Կարապետ Միքայելյանը եւ 24-ամյա Քաջիկ Բադալյանը: Արամ Ասատուրյանը նշել է նաեւ, որ Կարապետ Միքայելյանը գլխի թափանցող վիրավորում է ստացել, Քաջիկ Բադալյանը՝ որովայնի թափանցող, գնդակային վիրավորում, վնասվել են նրա աղիները եւ աջ ազդրը: Վիրավորված մեկ այլ զինծառայող՝ 32-ամյա Գագիկ Պողոսյանը, Ստեփանակերտի հոսպիտալում է: Գագիկ Պողոսյանն ու Քաջիկ Բադալյանն Արցախի Աշան գյուղից են:

Իսկ նոյեմբերի 22-ին Արցախի մարտական դիրքերում վիճաբանության ժամանակ, նախնական տվյալներով, ծառայակցի կողմից հրազենային վիրավորում ստացած Ազնավուր Բալեյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Նա վերակենդանացման բաժանմունքում է, անգիտակից վիճակում: Բալեյանը գլխի շրջանում հրազենային վնասվածք ունի: Զինծառայողը Գեղարքունիքի Ծովազարդ գյուղից է, մեկ ամսից զորացրվելու է: Ազնավուր Բալեյանին վիրավորում հասցնելու կասկածանքով ձերբակալվել է նրա ծառայակից Ա.Ներսեսյանը:

Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը: Հայկական կողմը կորուստներ չունի: Հայկական դիրքերի ուղղությամբ ավելի քան  2000 կրակոց է արձակվել: Միաժամանակ, Արցախի պաշտպանության բանակի տեղեկացմամբ, ապատեղեկատվություն է ադրբեջանական կողմի տարածած լուրերը, իբր, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղի ունեցած «դաժան մարտերի ընթացքում» հայկական կողմը տվել է 1 զոհ եւ 9 վիրավոր: Այս պահի դրությամբ սահմանային իրավիճակը հանգիստ է:

Սոթքի ոսկու հանքավայրում կեսգիշերին մոտ կրակոցներ են հնչել: Մի տղամարդ կրակոցներ արձակելով փորձել է ներխուժել «Գեո Պրո Մայնինգ Գոլդ» ընկերությանը պատկանող ոսկու հանքի տարածք: Անվտանգության աշխատակիցը՝ Սոթք գյուղի 35-ամյա բնակիչ Յուրի Մելնիկինը, ոտքի շրջանում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել: Հարձակվողը՝ Վարդենիսի 31-ամյա բնակիչ Վահագն Մանուկյանը, զինաթափվել եւ ձերբակալվել է, նրա ԱԿՄ տիպի ինքնաձիգն առգրավված է:

Դանակահարություն Երեւանում: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 30-ամյա Հարություն Վանյանը դանակի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Նա բժիշկներին ասել է, որ վնասվածքները ստացել է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ գտնվող Լունապարկում, սակայն դեպքի իրական հանգամանքների մասին ոչինչ չի հայտնել: Հավելենք, որ Վանյանը նախկինում դատապարտված է եղել:

Կրթության նախարարին մտահոգում է «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի սաների դժգոհությունը նորանշանակ տնօրենից: Ըստ Լեւոն Մկրտչյանի, եթե 6 տարվա ընթացքում 5-6 տնօրեն է փոխվում, նշանակում է` մի բան այն չէ: Հիշեցնենք, որ կրթահամալիրի սաները դժգոհում են նորանշանակ տնօրենի կոպիտ վերաբերմունքից, հաստատությունում տիրող անառողջ մթնոլորտից: Նախարարը, միաժամանակ, հիշեցնում է, որ այս կրթահամալիրում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են սովորում, նրանց նկատմամբ պետք է առավել զգույշ ու նրբանկատ լինեն: Հավելենք, որ այսօր Լեւոն Մկրտչյանի նախաձեռնությամբ կրթահամալիրի կառավարման խորհրդի արտահերթ նիստ է հրավիրվել: Քննարկվել է ստեղծված իրավիճակը, նաեւ որոշվել է փոխել կրթահամալիրի կանոնադրությունը, խորհրդի կազմը եւ կառավարման ձեւը:

Լրագրողների հետ հանդիպմանը Լեւոն Մկրտչյանն անդրադարձել է նաեւ երեխաների շրջանում սուր շնչառական վիրուսներով եւ գրիպով հիվանդանալու դեպքերին: Ասում է՝ դասերը դադարեցնելու անհրաժեշտություն չկա: Նախարարի հավաստմամբ՝ հիվանդությունների պատճառով դպրոցականներին արձակուրդ տալու որոշումը, իհարկե, իրենք են կայացնում, սակայն առողջապահության նախարարության հետ խորհրդատվության արդյունքում:

Դեկտեմբերի 2-ին դոլարի ու եվրոյի վերելքը շարունակվել է: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 511, ռուբլունը՝ 7 դրամ 48 լումա, ֆունտինը՝ 605 դրամ։

Դեկտեմբերի 3-ին հանրապետության առանձին շրջաններում քամու ուժգնացում է սպասվում: Շրջանների մեծ մասում տեղումներ կլինեն, լեռնային եւ նախալեռնային շրջաններում՝ ձյուն: Օդի ջերմաստիճանն էականորեն չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ կլինեն. բարձրադիր վայրերում՝ թաց ձյուն, ցածրադիր գոտիներում՝ ձնախառն անձրեւ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ