News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆիդել Կաստրոյի աճյունով սգո ավտոշարասյունը Կուբայի արեւելյան Գրանմա նահանգի Բայամո քաղաքում կանգ առնելուց հետո այսօր ժամը 07։00-ին շարունակել է ճանապարհը Սանտյագո դե-Կուբայի ուղղությամբ։ Հազարավոր բնակիչներ փողոց էին դուրս եկել իրենց առաջնորդին վերջին հրաժեշտը տալու, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Սգո ավտոշարասյունն արդեն չորրորդ օրն է շարժվում է արեւմուտքից արեւելք՝ Սանտյագո-դե -Կուբա , որտեղ դեկտեմբերի 4-ին կկայանա Կուբայի առաջնորդի հուղարկավորությունը։ Ավտոշարասյունը հակառակ ուղղությամբ կրկնում է այն ճանապարհը, որը Կաստրոն ու նրա համախոհներն անցել էին 1959-ի հունվարյան հեղափոխության ժամանակ, որից հետո գահընկեց էին արել բռնապետ Ֆուլխենսիո Բատիստային։

Այսօր սգո ավտոշարասյունը կավարտի իր ճանապարհը հեղափոխության օրրան Սանտյագո-դե Կուբայում՝ հաղթահարելով մոտ հազար կիլոմետր տարածություն։

Միջոցառումները աչքի են ընկնում կազմակերպվածությամբ ու կարգուկանոնով։ Փողոցներում չկա ոստիկանական կամ զինվորական ուժեղացված հսկողություն։ Այսօր երեկոյան Սանտյագո-դե- Կուբա քաղաքի հրապարակում ծրագրված է հիշատակի զանգվածային ակցիա, որին ներկա կգտնվեն տարբեր երկրների նախագահներ, պետական ու հասարակական գործիչներ։ Իսկ դեկտեմբերի 4-ի առավոտյան Կուբայի հեղափոխության առաջնորդի աճյունը հողինկ հանձնեն սուրբ Իֆիգենիայի անվան գերեզմանոցում՝ Կուբայի ազգային հերոս Խոսե Մարտիի աճյունի կողքին։

Ֆիդել Կաստրոն մահացել է նոյեմբերի 25-ին 90 տարեկանում։ Նոյեմբերի 26-ից Կուբայում իննօրյա ազգային սուգ է հայտարարված։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ