ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է Բաքվին ավելի հստակ պահանջներ առաջադրեն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀԿ խորհրդանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Անդրադառնալով Համբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը՝ պատգամավորը նշեց, որ հիմնականում քննարկվելու են այն հստակ առաջարկներն ու լուծումները, որոնք Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում վերջին հանդիպումների ժամանակ հնչեցրել է նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես՝ կապված մոնիթորինգի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի առաքելության ընդլայնման հետ:
«Կարծում եմ՝ հայկական կողմը պահանջներ կհնչեցնի, որպեսզի այդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված համաձայնություններն իրականացվեն՝ իրական բանակցային գործընթացը վերականգնելու նպատակով: Բոլորս էլ գիտենք, որ այդ որոշումների իրականացմանը խոչընդոտում է Ադրբեջանը: Տարբեր ձեւաչափերով հանդիպումների ընթացքում Բաքուն, իհարկե, փորձում է խուսափել դրանից: Բայց ինչպես համանախագահները, այնպես էլ եռանախագահող երկրների նախագահները բազմիցս քննարկումներ են անցկացրել այդ հարցով, եւ կարծում եմ, որ պահանջները պետք է հստակեցվեն»,- ընդգծեց Գագիկ Մելիքյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառել Համբուրգում ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման հավանականությունը: Դեկտեմբերի 8-ին Համբուրգում մեկնարկելու է ԵԱՀԿ ԱԳ նախարարների գագաթաժողովը, որի շրջանակում ՄԽ համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում են ծրագրում: