Հնագետները պարզել են Երուսաղեմում Տիրոջ գերեզմանի ծագումը, որի մեջ, առասպելի համաձայն, խաչելությունից հետո թաղվել է Հիսուս Քրիստոսը: Այս մասին հայտնում է The Independent-ը:
National Geographic-ի հնագետ Ֆրեդերիկա Հիբերթի կարծիքով՝ դամբարանի պարունակությունը «ակնհայտորեն ապացուցում է, որ ժամանակակից ուխտավորների երկրպագության վայրն իսկապես այն նույն գերեզմանն է, որը Հռոմի Կոնստանտին 1-ին կայսրը (ավելի ճիշտ, նրա մայրը՝ Ելենան) գտել է IV դարում»:
Երբ հնագետները հանել են սպիտակ մարմարե սալը, որը ծածկում էր գերեզմանը, նրանք կրաքարե դարակ են հայտնաբերել, որի վրա հավանաբար դրված է եղել Հիսուս Քրիստոսի մարմինը: Նրանք նաեւ երկրորդ մարմարե սալ են հայտնաբերել, որը նախկինում հետազոտողներին հայտնի չէր, եւ որի վրա, նրանց կարծիքով, XII դարում խաչակիրները խաչ են փորագրել:
Հնագետների հայտնաբերած մարմարե սալը գորշ գույնի է եւ քողարկված էր փոշու հաստ շերտով: Գիտնականների կարծիքով՝ հենց այս սալը կարող է դառնալ այն ապացույցը, որ հետազոտվող գերեզմանը այն նույն գերեզմանն է, որը IV դարում գտել է Կոնստանտին 1-ին կայսրը: