News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը նամակ է հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ առաջարկելով վերագնահատել շքեղ առանձնատների արժեքը ու նոր միայն գույքահարկ սահմանել:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Ս.թ. նոյեմբերի 15-ին Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության կողմից Ձեզ ուղղված բաց նամակում առաջարկել էինք ծառայողական ավտոմեքենաների մեծ մասը հետ վերադարձնել պետությանը եւ նշել էինք պատճառները՝ հասկանալով, թե դա ինչ մեծ բեռ է պետական բյուջեի համար: Չստանալով ոչ մի պատասխան, այնուամենայնիվ, Ձեզ ենք հղում մեր երկրորդ առաջարկը, որի միջոցով հնարավոր կլինի բյուջեն համալրել հսկայական գումարներով, այն է՝ վերանայել գույքահարկերի գնահատման գործընթացը, քանի որ ՀՀ-ում գոյություն ունեցող հազարավոր առանձնատների եւ անշարժ գույքերի գնահատումը չի համապատասխանում իրականությանը:

Ըստ էության, համաձայն պաշտոնական տվյալների, Երեւան քաղաքում գոյություն ունեն մեկ տասնյակից ոչ ավելի առանձնատներ, որոնց գինը գերազանցում է կես միլիոն դոլարը, սակայն փաստ է, որ ոչ միայն Երեւանում, այլ նաեւ ամբողջ երկրում գոյություն ունեն  հազարավոր շքեղ առանձնատներ եւ գույք,  որոնց արժեքը անզեն աչքով նայելիս էլ ակնհայտ է՝ միլիոններ է կազմում: Կարծում ենք, որ անհրաժեշտ է իրականացնել գույքի վերագնահատում եւ իրական արժեքից իրական գույքահարկի գանձում պետական բյուջե: Վստահ ենք, որ այս քայլով ՀՀ բյուջեն կհամալրվի ահռելի միջոցներով:

Անհասկանալի է Ձեզ ուղղված հաղորդագրություններին, նամակներին չպատասխանելը եւ խմբակցության հետ հանդիպման առաջարկը ձգձգելը. չէ՞ որ Երեւանի ավագանին երեւանցիների կողմից ընտրված մարմին է, եւ մենք նույնպես ցանկանում ենք ունենալ արժանապատիվ կյանքով ապրող հայրենակիցներ եւ զարգացած պետություն»:

Տպել
Ամենաշատ