News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի ֆենոմենի, Հիլարի Քլինթոնի սխալների, ինչպես նաեւ Թրամփի հաղթանակից հետո Հայաստանի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշման հնարավոր փոփոխությունների մասին NEWS.am–ը զրուցել է California Courier թերթի խմբագիր, վերլուծաբան Հարութ Սասունյանի հետ։ 

Պարոն Սասունյան, ԱՄՆ 45–րդ նախագահի ընտրություններից առաջ կարծես թե բոլոր կանխատեսումները, թե քաղաքագետների, թե ԶԼՄ-ների կողմից Հիլարի Քլինթոնի հաղթանակի մասին էին ասում: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ էր պայմանավորված Դոնալդ Թրամփի անակնկալ հաղթանակը:

Սա շատ բարդ հարց է, գրեթե բոլորը սպասում էին, Հիլարի Քլինթոնի հաղթանակին։ Ինքը առաջատար դիրք էր զբաղեցնում, ընտրապայքարի վերջին ամիսներին։ Թրամփի հաղթանակը պայմանավորված էր նրանով, որ ամբողջ Ամերիկայում մեծ դժգոհություն կար ԱՄՆ ղեկավարության հանդեպ և ժողովրդին թվում էր, որ իրենք խաղից դուրս են մնում, Վաշինգթոնում ղեկավարներն անում են այն, ինչ ուզում են՝ անտեսելով ժողովրդի շահերը, իրավունքները և հետաքրքրությունը։ Այդ հսկայական դժգոհության ալիքն էր, որ Թրամփը իմաստություն ունեցավ շահագործելու, իսկ Հիլարի Քլինթոնը այդ դժգոհության ալիքը չօգտագործեց, նա չգիտեր, որ նման դժգոհություն կա, Հիլարին պարզապես ուզում էր շարունակել այն, ինչ Օբաման արել էր։ Այս նոր ստեղծված իրավիճակում էր, որ Թրամփը զգաց, որ մի բան կարելի է փոխել, և լայն խավը իրեն հետևեց։

Նախագահական ընտրություններից 24 օր անց ինչպիսի՞ տրամադրություն է տիրում Միացյալ Նահանգների քաղաքացիների մոտ: Թրամփի հաղթանակից հետո ԱՄՆ խոշոր քաղաքներում սկսվեցին բազմահազարանոց բողոքի ցույցեր, որոնք վերջին օրերին կարծես դադարել են: Ինչո՞վ է դա պայմանավորված: Արդյոք  այժմ շոկն աստիճանաբար անցնում է, և մարդիկ ընտելանում են Թրամփի հաղթանակին: 

Եթե խոսում ենք ընդհանրապես ամերիկացիների մասին, պետք է նկատի ունենանք, որ ամերիկացիները միատարր չեն։ Ինչպես տեսանք ընտրությունների ժամանակ, ամերիկյան ժողովուրդը բաժանված է երկու հսկա խավերի՝ նրանք, որ ուզում են շարունակել ԱՄՆ ուղղությունը ինչպես որ կա, և նրանք, ովքեր փոփոխություններ են ուզում։ Թրամփի կողմնակիցները շատ խանդավառ են, ուրախ են, տոնախմբության մեջ են, իսկ մյուս կեսը ընտրություններից անմիջապես հետո մեծ շոկ ապրեցին և կամաց-կամաց ընտելանում են նոր վիճակին, նոր նախագահին, բայց դժգոհությունը դեռ շարունակվում է այդ խավի մեջ։ Արժեթղթերի շուկան, որ նախատեսում էին, որ պետք է կործանվի, ճիշտ հակառակը՝ բարձրանում է։ Շուկայի թվերը հասել են պատմական բարձր թվերի։ Որոշ պաշտոններում նշանակումներ են արվում, որոշները բավականին վիճահարույց են, բայց արդեն մի քանի կին է նշանակվել պաշտոնների, սպասվում է, որ առնվազն մեկական իսպանական և սևամորթ թեկնածուների կնշանակի Թրամփը, և այդպես իր գրասենյակը մի քիչ բալանսի կգա, որովհետև մինչև հիմա հիմնականում սպիտակամորթ տարեց միլիոնատեր մարդիկ են, բացի երկու կանանցից, որոնց վերջերս ավելացրեց։ Կարծում եմ՝ եթե անակնկալներ, վատ դեպքեր չպատահեն, ժողովուրդը կամաց-կամաց կսովորի, որ սա է նոր նախագահը։

Ի՞նչ տարբերություն եք տեսնում Թրամփ-նախագահի թեկնածուի և Թրամփ-ընտրված նախագահի միջեւ։

Ընտրություններից անմիջապես հետո՝ նույնիսկ իր ընտրության գիշերը, երբ ասում էր իր հաղթանակի ճառը, արդեն նկատվում էին որոշ փոփոխություններ իր ոճի, խոսքի և դիրքորոշումների մեջ։ Իսկ դրանից հետո ընդհանրապես ավելի մեղմ է արտահայտվում իր կարծր, կոշտ դիրքորոշումներից կարծես հեռանում է։ Նախկինում ասում էր, որ 12 մլն օտարահպատակ մարդիկ, մեծ մասը՝ մեքսիկացիներ, որոնք ապօրինի են ԱՄՆ–ում, բոլորին պետք է հեռացնի երկրից, հիմա ասում է, որ միայն հանցագործներին է հեռացնելու, ոչ թե անմեղ ժողովրդին։ Ապահովագրությունը, որ հայտնի է Obamacare անունով, Թրամփը պետք է լրիվ հաներ՝ փոխարինելով նորով, իսկ հիմա ասում է, որ կթողնի, միայն որոշ բաներ կփոխի։ Այսինքն՝ շատ մեղմ է արտահայտվում արդեն, բայց մեկ է՝ մարդ չի կարող մեկ օրում փոխվել։ Տասնութ ամիս, որ մեծ-մեծ ճառեր էր ասում ամեն ինչի մասին ծայրահեղ ձևով, դրանից հետո փորձում է հիշեցնել, որ ինքը նույն Թրամփն է, շատ չի փոխվել։ Անշուշտ, հիմա իր շուրջը կան շատ անձինք, օգնականներ, որոնք անցյալից նախագահության փորձ ունեն, այդ մարդիկ իրեն հուշում են, գրում են իր ելույթները։ Իր որոշումների, ելույթների բովանդակությունը շատ ավելի մեղմ, ավելի նախագահական է, ինչպես ասում են։

Ինչո՞ւ էին, կամ ինչո՞ւ է ԱՄՆ հասարակության մի հատված այդքան վրդովված Թրամփի ընտրությամբ: Ձեր կարծիքով՝ Թրամփը այդքան վտանգավո՞ր է ԱՄՆ քաղաքացիների, փոքրամասնությունների և ԱՄՆ ապագայի համար, որքան ներկայացվում էր ԱՄՆ առաջատար լրատվամիջոցներով:

Երկու հարց կա՝ մեկն իր խոսելու ոճը, մյուսը՝ իր դիրքորոշումները անկախ ոճից։ Պարզ ժողովուրդը նայում է իր կոշտ ոճին, նրանք, ովքեր Թրամփի սիրահար են, սիրում են իր կոշտ դիրքորոշումները։ Ինքը շատ վիրավորական բաներ էր ասում օտարների, հիմնականում՝ իսպանացիների մասին, որոնք ապօրինի են գտնվում ԱՄՆ-ում։ Որոշ մասն ասում էր, որ նա կանանց հանդեպ վարվել է անընդունելի, անբարոյական կեցվածք է դրսևորել։ Նա ասաց, որ ընդհանրապես մուսուլմանները չպետք է մտնեն ԱՄՆ, հետո մի քիչ դա փոխեց։ Նույնիսկ  անհամաձայնություններ ունեցավ այլ հանրապետականների հետ, և նախկին երկու հանրապետական նախագահները՝ Բուշ կրտսերն ու ավագ Բուշը, Թրամփի դեմ դիրքորոշում ունեցան, նախագահական վերջին թեկնածուները՝ ՄքՔեյնը և Ռոմնին, իրենց շատ կոպիտ պահեցին։ Մեծ խզում կար ԱՄՆ–ում Թրամփի հետևորդների և հակառակորդների միջև։ Ճիշտ է՝ ընտրապայքարի ժամանակ երկու կողմերն էլ իրար քննադատում են, հաճախ թեժ ձևով, սակայն այսպիսի ծանր, կոշտ ու կոպիտ ձևով ԱՄՆ պատմության մեջ չի եղել մի թեկնածու, որ այսքան բացահայտ վիրավորական ամեն ինչ ասի իր հակառակորդին և ժողովրդի լայն խավերի դեմ, օտարերկրացիների դեմ, ՆԱՏՕ–ի դեմ։ Միակ մարդը, որի մասին դրական խոսեց, Ռուսաստանի նախագահ Պուտինն էր։  Իրենից զատ շատ կոշտ բաներ ասաց, որ եվրոպական երկրները պետք է իրենց պաշտպանության համար վճարեն, Սաուդյան Արաբիան պետք է վճարի, խիստ արտահայտվեց Իրանի, Կուբայի դեմ, գրեթե ոչ մեկին չթողեց թե ԱՄՆ–ի ներսում, թե աշխարհում, ում դեմ չխոսեր շատ ծանր ոճով։  

Ի՞նչ մի քանի կարևոր սկզբունքներ կարող եք կանխատեսել և նշել, որոնցով կառաջնորդվի նախագահ Թրամփը ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ: Ի՞նչ կտրուկ փոփոխություններ եք կանխատեսում Օբամայի վարած քաղաքականությունից:

Դա կախված է նրանից, թե որ Թրամփը կներկայանա որպես նախագահ հունվարի 20-ի երդմնակալությունից հետո։ Եթե ներկայանա այն Թրամփը, որը շատ ծանր, քննադատական խոսքեր էր ասում տարբեր երկրների մասին, որ քիչ առաջ նշեցի, ապա դա մեծ խնդիր կառաջացնի աշխարհում։ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը, որ կնքվել է ոչ միայն ԱՄՆ–ի, այլև հինգ երկրների և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հետ, նա ուզում է ամբողջությամբ աղբաման գցել և զրոյից սկսել։ Նույն բանը ուզում է անել Կուբայի հետ։ Օբաման վերջերս շատ դրական էր արտահայտվում Կուբայի մասին, ցանկանում էր դեսպանատուն բացել, իսկ հիմա Թրամփն ասում է, որ չպետք է գնա զիջումների Կուբայի հանդեպ։ Միակ բանը, որ դրական է, դա Պուտինի հետ անձնական կապն է, որը շատ հուսադրող է, և հուսանք, որ այդպես կմնա։ Սակայն իր դիրքորոշումները մյուս երկրների հանդեպ, ինչպես, օրինակ, խոսեց նաև Չինաստանի դեմ, գրեթե բոլոր երկրների դեմ խոսեց, բացի Ռուսաստանից։ Եթե լրջորեն հետևի իր ասածներին, մեծ խնդիր կունենանք ամբողջ աշխարհով մեկ։

Թրամփը մշտապես շեշտել է, որ ինքը կվերանայի Իրանի հետ միջուկային համաձայնագիրը, որը ստորագրվել է նախագահ Օբամայի օրոք: Ձեր կարծիքով՝ նա արդյոք կգնա՞ դրան, և դա ինչ հետևանքների կհանգեցնի:

Ինքն այնքան է շեշտել այդ հարցը, որ շատ զարմանալի կլինի, եթե մոռանա իր այդ սպառնալիքների մասին, բայց, ինչպես ասացի, այդ համաձայնագիրը միայն Իրանի և ԱՄՆ-ի միջև չէ, այլ հինգ երկրների և ՄԱԿ-ի հետ, և բոլորն էլ պետք է համաձայն լինեն իր կոշտ դիրքորոշմանը, որ վստահ եմ, որ համաձայն չեն։ Այդ երկրները ցանկանում են նորմալ հարաբերություններ ունենալ Իրանի հետ, առևտրային բիզնես կապեր հաստատեն Իրանի հետ։ Անշուշտ, ԱՄՆ–ը կարող է անջատվել մնացած երկրներից և ինքնուրույն սահմանափակումներ և պատիժներ սահմանել Իրանի հանդեպ, ինչը ներքին պառակտում կստեղծի ԱՄՆ–ի և մյուս դաշնակիցների միջև, քանի որ մնացած երկրները կցանկանան շարունակել լավ հարաբերություններն Իրանի հետ։ Թրամփն ասում է, որ ինքը չի հավանում ադ պայմանները, որ ստորագրվել են, ինքն ուզում է բանակցությունները վերսկսել և ավելի լավ պայմաններ հաստատել ի շահ ԱՄՆ–ի և աշխարհի։ Մարդկանց մի հատված, որ Թրամփի կողմնակիցներ չեն, համաձայն չեն իր այս կարծիքին, նրանք գտնում են, որ սա լավագույն համաձայնագիրն է, որ կարող էին ստանալ և, եթե Իրանն էլ չհամաձայնի Թրամփի պայմաններին, ապա ամեն բան փուլ կգա, Իրանը կունենա միջուկային զենք՝ դրանից բխող բոլոր վատ հետևանքներով։ Իմ կարծիքով՝ Իրանի հարցը լուրջ խնդիր է։

Ինչպե՞ս եք պատկերացնում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հարաբերությունները Թրամփի նախագահության ժամանակ։ Աշխարհաքաղաքական և Միացյալ նահանգների ներքին քաղաքականության տեսանկյունից ի՞նչ զարգացումների կարող են բերել ԱՄՆ-ի և ՌԴ-ի ապագա հարաբերությունները, և նաև Հայաստանի համար ինչ կարող է դա նշանակել:

Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, ապա դրականն այն է, որ Թրամփը և Պուտինը որպես երկու անհատ ղեկավարներ իրար հարգում են, սիրում են, միմյանց հասկանում են։ Դա դրական է թե ԱՄՆ–ի, թե Ռուսաստանի, թե աշխարհի համար, որ երկու գերհզոր պետություններ իրար հետ լավ հարաբերություններ ունենան։ Անձնական տեսակետից դա կարևոր է, բայց դրանից զատ կան այլ պետությունների հսկայական շահերը։ ԱՄՆ–ը ունի իր շահերը, Ռուսաստանն ունի իր շահերը և այդտեղ վստահ եմ, որ որքան էլ Պուտինն ու Թրամփը իրար սիրեն, նրանց միջև կա շահերի բախում, և տեղի են ունենալու շահերի բախումներ Ուկրաինայի, Վրաստանի հանդեպ, ընդհանրապես, Արևելյան Եվրոպա Ռուսաստանի ներթափանցման մասով, որից ԱՄՆ–ը խուսափում է։ Բացի այդ, կան Ռուսաստանի և Ամերիկայի միջև Սիրիայի ներսում լուրջ ուղղությունների և նպատակների բախումներ։ Այս բաները կարելի է ինչ-որ չափով անտեսել անձնական կապերի պատճառով, բայց վերջ ի վերջո  պետության շահերը պետք է ավելի նախընտրելի լինեն երկուսի համար էլ։ Եվ տեսնենք, թե այս մեղրամիսը երկուսի միջև դեռ որքան կտևի։

Թրամփը շատ կարևոր դեր է խաղալու որոշումների ընդունման մեջ, բայց իր շուրջ կան մարդկիկ, որ տարիների փորձ, դիրքորոշումներ ունեն։ Հենց իր Հանրապետական կուսակցությունը երկար տարիներ շատ կոշտ հակառուս և հակասովետական դիրքորոշում ուներ։ Այս մարդիկ այդ ամենը չեն մոռանալու, իրենց դիրքերը չեն փոխելու Թրամփի հետ և անընդհատ բախումներ են լինելու, նամանավանդ, որ ԱՄՆ–ում նախագահն ամեն ինչ չի որոշում. կա Կոնգրես, որի երկու պալատներն էլ մեծամասնությամբ հանրապետականների իշխանության տակ են, բայց այս մարդիկ կուրորեն չեն համաձայնելու Թրամփի բոլոր ասածներին։ Կլինեն ներքին բախումներ Թրամփի և Հանրապետական կուսակցության միջեւ, կլինեն նաև բախումներ Դեմոկրատների հետ, մյուս երկրների հետ, շատ լուրջ բախումներ կան այստեղ, որ պետք է հետևենք, թե ինչ է լինելու գալիք ամիսների և չորս տարիների ընթացքում։     

Հաշվի առնելով, որ հայամետ լոբբիի 97 տոկոսը վերընտրվել է ԱՄՆ Կոնգրեսում, մոտակա տարիների ի՞նչ կանխատեսում կարելի է անել հայ–ամերիկյան հարաբերությունների համար։

Թրամփի տեսակետից Հայաստանը փոքր երկիր է, և ամենակարևոր հարցը չէ հիմա։ Չեմ կարծում, որ նա Հայաստանի մասին մտածել է անցյալում կամ ներկայում։ Հավանաբար, երբ նախագահ լինի, ժամանակ առ ժամանակ որոշ հարցեր կլինեն, որոնցով պետք է զբաղվեն, հատկապես Արցախի հարցով։ Բայց մենք առնվազն տեղյակ չենք, որ նա հատուկ որևէ գաղափար կամ դիրքորոշում ունի Հայաստանի հանդեպ։ Թրամփը ունեցել է որոշ բիզնես կապեր Ադրբեջանի հետ, իր հյուրանոցների հետ կապված, պետք է այդ կապերը հաշվի առնենք, բայց պետք չէ չափազանցնել, որ այդ կապերի պատճառով ինքը պետք է լինի պրո-ադրբեջանական կամ պրո-թուրքական և հակահայ։ Ընդհանրապես, ամերիկահայերը երբևէ չեն առնչվել Թրամփի հետ և ընտրապայքարի ժամանակ էլ որևէ խոսք չեղավ հայության մասին։ Սակայն առնվազն գիտենք, որ որևէ պատճառ չկա թշնամական կամ վատ հարաբերությունների համար ԱՄՆ–ի և Հայաստանի միջև, ընդհակառակը թե տնտեսական, թե քաղաքական կապերը կշարունակվեն։ Մանավանդ, որ Պուտինից հետ Թրամփի կապերը դրական են, և եթե ԱՄՆ-ն և Ռուսաստանը շարունակեն պահել լավ կապերը, Հայաստանը չի մնա երկուսի միջև։ Փոքր երկրները միշտ վտանգի տակ են, եթե երկու հզոր պետություններ իրար հետ պայքարում են, ինչպես երկու փղերի միջև մի փոքր մարդ կարող է ճզմվել։ Եթե այդ երկու երկրները առնվազն իրար հետ համաձայնության գան, կարծում եմ, որ Հայաստանը կկարողանա շունչ առնել։ Սա նոր հնարավորություն է, որ Հայաստանը ավելի ազատ լինի՝ երկուսի հետ հարաբերվելու։ Եթե Ռուսաստանն ու ԱՄՆ-ն իրար դեմ լինեին, ամեն մեկը կուզենար ճնշում գործադրել Հայաստանի վրա, որ իր կողմը գրավի, եւ եթե հիմա արդեն հայաստանը Ռուսաստանի ազդեցության տակ է, ապա այդ ժամանակ ոչ թե 100%, այլ 200% Ռուսաստանի ազդեցության տակ կհայտնվի։ Բայց մոտ ապագայում այդպես չի լինի, և դա, կարծում եմ, լավ լուր է հայության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ