Ավստրալացի խորհրդարանականներ Քրեյգ Քելլին ու Քրիս Բեքը ադրբեջանական իշխանությունների հաշվին Բաքու այցելելուց հետո հայտնել են, որ Ավստրալիան պետք է Ադրբեջանից սովորի, թե ինչպես է պետք ընտրություններ անցկացնել։
Ադրբեջանում սահմանադրական հանրաքվեին հետեւելու համար այդ երկրի իշխանությունների կողմից ամբողջովին վճարված ուղեւորությունից հետո սենատորները ողջունել են այն «երաշխիքները», որոնք տրամադրվել են ընտրական գործընթացի ժամանակ։ Այս մասին The Australian պարբերականում գրում է Ռոզի Լյուիսը։
Ուղեւորության համակարգողի դերում պատգամավոր Լյուք Սիմփքինսն էր, որը հայտնել է, որ «օգնում էր» Ադրբեջանի պատվավոր հյուպատոսին՝ վերջին ընտրություններին կրած պարտությունից հետո։ Նրա խոսքով, ինքը երբեք չի աշխատել հյուպատոսարանի համար ու իրեն երբեք չեն վճարել։ Սակայն Ավստրալիայի ու Ադրբեջանի միջեւ բարեկամական խումբ ստեղծելու նրա նախաձեռնությունը ու որպես պատվիրակության ուղեկցորդ՝ Բաքու կատարած ուղեւորություները առաջացրել են հայկական համայնքի մտահոգությունը։
Եվ այսպես, սահմանադրական հանրաքվեի ընթացքին հետեւելու համար մեկշաբաթյա ուղեւորության համար ամբողջովին վճարել էր հյուպատոս Աիդա Ռզաեւայի ընկերությունը։ Սիմքինսի խոսքով, Ադրբեջանը «հոյակապ հաղթահարում է դժվարությունները բարդ տարածաշրջանում»։ Ավելին, նա հնարավոր է համարում,որ Ադրբեջանը ներդրումներ անի Ավստրալիայում, մասնավորապես իր հարազատ նահանգում՝ Նոր ՀարավայիՆ Ուելսում։
Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Կաղրամանյանի խոսքով, Ադրբեջան կատարած ուղեւորությունից հետո սենատորները սկսել են գովազդել ժողովրդավարությունը այդ երկրում, որը համարվում է բռնապետական։ «Հաստատել, որ Ադրբեջանում հանրաքվեն ավելի թափանցիկ է անցել, քան Ավստալիայում․․․ ես վստահ չեմ, իսկապե՞ս նրանք այնտեղ հետեւել են հանրաքվեի անցկացման ընթացքին։ Գոյություն ունի միտում՝ Ադրբեջանը օգտագործում է իր նավթադոլարները, որպեսզի փոխի իր վարկանիշը արեւմտյան աշխարհում։ Մտահոգիչ է այն փաստը, որ ավստրալացի պատգամավորները նույնպես տրվել են խավիարային դիվանագիտությանը»,- ասել է Կաղրամանյանը։