News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կենսաբազմազանությանը միտված ծրագրերն առավել նպատակային պետք  է լինեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /GIZ/   «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը/ԿԻԿ/ Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քարսթեն Շուլցի եւ ծրագրի խորհրդատուներ Աստղիկ Դանիելյանի եւ Ալլա Բերբերյանի  հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ բնապահպանության Նախարար Արծվիկ Մինասյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հյայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել  GIZ-ին տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության համար եւ համագործակցությունն արդյունավետ եւ նոր թափով շարունակելու պատրաստակամություն հայտնել: Անդրադառնալով ԿԻԿ  ծրագրի իրականացման ընթացքին՝ Արծվիկ Մինասյանը նշել է դրա կայուն եւ երկարաժամկետ լինելու կարեւորությունը:

Նախարարի խոսքով՝ կենսաբազմազանությանը միտված ծրագրերն առավել նպատակային պետք  է լինեն, կենսաբազմազանության կառավարման ապահովման եւ էկոհամակարգերի ծառայությունների արդյունավետության նպատակով անհրաժեշտություն կա կառավարման մոդելի պետություն-համայնք-մասնավոր հատված փոխգործակցության, ինչը, անշուշտ,պետք է հաշվի առնվի Կենսաբազմազանության ազգային ռազմավարության մշակման աշխատանքներում:

Նախարարը կարեւորել է  մարդկային ռեսուրսների եւ կարողությունների զարգացման ուղղությամբ աջակցությունը, ինչը հնարավորություն կտա կադրերի վերապատրաստման եւ տեխնիկական վերազինման համար, նշել բնության  հուշարձանների անձնագրավորման եւ մոնիթորինգի անհրաժեշտությունը:Բոլոր աշխատանքներում Արծվիկ Մինասյանը հանրության իրազեկվածությունն առաջնային է համարել, ինչը նաեւ շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ նոր արժեհամակարգի ձեւավորման երաշխիք կարող է լինել:

Քարսթեն Շուլցը շնորհակալություն է հայտնել ընդունելության եւ ծրագրի բազմաթիվ խնդիրներին անդրադարձի համար:Նա նշել է, որ ԿԻԿ ծրագրի շրջանակում աշխատանքները երեք նախարարությունների հետ ինտենսիվ տարվում են եւ հավաստել, որ GIZ-ը կարող է իր ներուժը ներդնել ծրագրի իրականացման լավագույն արդյունք ստանալու համար:ԿԻԿ ծրագրի հայաստանյան թիմի ղեկավարը  նույնպես նշել է ռազմավարության կարեւորությունը եւ օրենսդրական համապատասխան դաշտի ձեւավորումը, համաձայնելով, որ ճիշտ կառավարման դեպքում բնության հուշարձաններն, իրոք, կարող են դառնալ եկամտի աղբյուր, ինչը բարեհաջող կարող է իրականացվել համայնքային բնակչության, պետության եւ մասնավորի համագործակցությամբ:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաեւ էկոկրթության, էկոհամակարգային ծառայությունների գնահատման մեխանիզմների, մեթոդների եւ ստանդարտների մշակման եւ մի շարք այլ հարցերի: Բնապահպանության նախարարի  տեղակալ Խաչիկ Հակոբյանը տեղեկացրել է, որ քննարկումները բոլոր խնդրահարույց հարցերի շուրջ շարունակվում են եւ առաջիկա օրերին արդեն նախանշված են  աշխատանքային հանդիպումներ բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման ավարտին կողմերը եւս մեկ անգամ վերահաստատել են երկարատեւ եւ արդյունավետ համագործակցությանը միտված հանձնառությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ