News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երեւանի կենդանաբանական այգում հյուրընկալել են համատեղ ծրագրերից մեկի` հիպոթերապիայի ծրագրի երկրորդ փուլի մասնակից հաշմանդամություն ունեցող երեխաներին եւ նրանց ծնողներին։

Դեռեւս երկու հազար տասնհինգ թվականի հունիսին Երեւանի կենդանաբանական այգու տարածքում ներառական առաջին խաղահրապարակի բացումով մեկնարկել էր FPWC-ի, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության եւ Երեւանի քաղաքապետարանի համագործակցությամբ իրականացվող բազմաբաղադրիչ միջոցառումների շարքը, որի հիմնական առաքելությունը հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրումն ու նրանց վերականգնողական գործընթացին նպաստելն է:

Այս տարի հիպոթերապիայի ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերին։ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ՝  ավելացել է հիպոթերապիայով զբաղվելու օրերի քանակը. նախկին երկուսի փոխարեն` շաբաթական երեք օր, ինչի շնորհիվ բուժական ձիավարության դասերին մասնակցելու հնարավորություն են ունեցել ինչպես նախորդ տարվա շահառուները, այնպես էլ՝ նոր գրանցված երեխաներ: Ծրագրին մասնակցության համար գրանցվել է ավելի քան 80 երեխա:

Հիպոթերապիան բուժական ֆիզկուլտուրայի տեսակ է` վերականգնողական գործընթաց, որն իրականացվում է ձիերի հետ շփման եւ ձիավարության միջոցով: Վերջին տասնամյակներում այն համարվում է հաշմանդամություն ունեցող անձանց ու հատկապես երեխաների հետ աշխատանքի ամենաարդյունավետ ձեւերից մեկն ամբողջ աշխարհում:

«Բուժական ֆիզկուլտուրայի այս տեսակը շատ հետաքրքիր է եւ կարեւոր: Կարելի է, իհարկե արդյունք ստանալ բժշկությանը հայտնի տարբեր ճանապարհներով: Այս մոտեցումը, սակայն, յուրահատուկ է: Երեխան հաճույքով միանում է իր իսկ առողջության վերականգնման գործընթացին՝ այն ընկալելով որպես ոչ թե միջամտություն, այլ՝ խաղ: Դրանով նա նպաստում է ակնկալվող արդյունքի հասնելուն: Կարծում եմ, որ մարդ-բնություն կապն ապահովող ծրագիրը հոգեբանական տեսանկյունից դրական ազդեցություն է թողնում նաեւ ծնողների վրա: Ուրախ եմ արձանագրել, որ մեր համագործակցության շնորհիվ նման ծրագիր է իրականացվում մեր երկրում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ծրագրում ներգրավված երեխաներն այգու ձիարշավարանում անվճար ձիավարելու եւ հատուկ վարժանքների մասնակցելու, ձիերի հետ շփման` նրանց կերակրելու եւ խնամելու հնարավորություն էին ստացել:

Նախաձեռնության հիմնական առավելություններից մեկը նաեւ ձիարշավարանի տեղակայումն է: Ի տարբերություն քաղաքից դուրս գտնվող հիպոթերապիայի կենտրոնների, այգու տարածքում տեղակայված ձիարշավարանը, հատկապես երեւանաբնակ երեխաների եւ նրանց ծնողների համար, անհամեմատ ավելի հասանելի է եւ հնարավորություն է ընձեռում ծրագրին միանալ առանց լրացուցիչ ճանապարհածախսի:

Նախորդ տարի ծրագրին մասնակցել է երեք տասնյակից ավելի երեխա: Հաշվի առնելով փոքրիկների ինտեգրման եւ ֆիզիկական վերականգնման գործում ծրագրի կարեւորությունն ու մասնակցության համար գրանցված երեխաների թիվը՝ նախաձեռնության հեղինակները որոշել են այն դարձնել շարունակական:

Տպել
Ամենաշատ