News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սառած ճանապարհով սլացող մեքենայի պատուհանից երեւացող տեսարանից շունչդ կտրվում է։ Շուրջն ամեն ինչ ծածկված է ձյունով։ Ճերմակ սարերը՝ լռակյաց ու անխռով, անհավանական հանդիսավոր տեսք ունեն փայլփլող, անբասիր ձյան տակ։ Չնայած մեքենայում տաքացուցիչն ամբողջ հզորությամբ աշխատում է, ոտքերս, այնուամենայնիվ, մրսում են։ 

- Ինչպե՞ս են մարդիկ ողջ մնացել այս սառնամանիքին․․․, - մտածում եմ ես, հիշելով 88-ի փաստագրական կադրերը։ Չնայած, մայրիկս պատմում էր,որ այդ տարվա դեկտեմբերի 7-ն այնքան էլ ցուրտ օր չէր։ Իսկական սառնամանիքները ավելի ուշ էին սկսվել՝ այդ ողբերգական իրադարձություններից մեկ շաբաթ անց։ 

- Պետք է հասցնել մինչեւ մութն ընկնելը, - ասում է վարորդը, ավելացնելով արագությունը,- գյուղերում հենց մութն ընկնում է՝ մարդիկ պառկում են քնելու։ Ձմռանը անելու բան չկա։

Շուտով հեռվում երեւում է «Սպիտակ» գունաթափված ցուցանակը։ Անցնելով դրա կողքով՝ մենք շարունակում ենք ճանապարհը դեպի Շիրակամուտ գյուղ, որն առաջ հայտնի էր որպես Նալբանդ։ 

1988-ի դեկտեմբերի 7-ին այդ հայկական գյուղը, որը հայտնվել էր սարսափելի երկրաշարժի էպիկենտրոնում, ջնջվել էր երկրի երեսից։ Հարյուրավոր մարդիկ ողջ - ողջ թաղվեցին սեփական տան փլատակների տակ։ Ավելի քան 200 երեխա մնաց ավերակների տակ։ 

Այսօր ոչինչ չի հիշեցնում այդ հրեշավոր ավերածությունների մասին։ Ողբերգությունից 28 տարի հետո գյուղը գրեթե ամբողջովին վերականգնվել է։ Տների մեծ մասը նորից կառուցվել են նախկին տեղերում։ Միայն մի բան կա, որը հնարավոր չէ չնկատել՝ տների կեսում լույս չի վառվում։ 

- Մեկը Ռուսաստանում է, մյուսը՝ արտասահմանում․․․ինչպես կարողանում են հացի փող են վաստակում, - ասում է կիսադատարկ խանութի հոգնած վաճառողուհին։ - Դուք միանգամից այն բակերը մտեք, որտեղ պատուհանից լույս է երեւում։ 

Եվ մենք մտնում ենք։ Հերթով թակում ենք բոլոր դռները՝ սխալվել այստեղ հնարավոր չէ։ Միայն թե ինչպես սկսել՝ չգիտենք։ Բայց նրանք առանց այդ էլ ամեն ինչ հասկանում են։ Բերում են լուսանկարներ, նստում սեղանի շուրջ, ու ձեռքներին լուսանկարները պահած, որքան էլ փորձում են զսպել իրենց, միեւնույն է հուզվում են։

Արեւիկ

Ալվարդ Պալյանը կորցրել է 2 դուստրերին եւ սկեսրոջը։ Երեխաները ողջ–ողջ այրվել էին երկրաշարժից հետո բռնկված հրդեհից։ Կրտսերը՝ Արգինեն, 2.5 տարեկան էր, Արեւիկը դեկտեմբերի 28-ին պետք է դառնար 4։
«Ես տնից դուրս էի եկել ջուր բերելու։ Ցնցումից հետո վազելով տուն հասա…միայն լսեցի, թե ինչպես է սկեսուրս բղավում. «Ալվա՛րդ, երեխաներիդ փրկի՛»։ Բայց ես մենակ չէի կարող։ Ես գյուղով մեկ վազում եւ օգնություն էի կանչում»։

Սոֆյա Իգիթխանյան

Վարդանուշ Իգիթխանյանը կորցրել է մորը՝ 69-ամյա Սոֆյային եւ զարմուհուն՝ 18-ամյա Մարինե Չարչյանին։
«Մենք Նալբանդ էինք տեղափոխվել Կիրովականից։ Երբ հայրս մահացավ, մայրս մենակ մնաց։ Իսկ այդ օրը Մարինեն եկել էր նրան այցելության»։

Մաքրուհի Սիմոնյան

Բավական Սիմոնյանը կորցրել է սկեսրոջը՝ Մաքրուհուն։
«Ես ավտոբուսում էի, աշխատանքից տուն էի վերադառնում։ Ամուսինս աշխատանքի էր, երեխաներս՝ դպրոցում։ Սկեսուրս տանն էր։ Հանկարծ ավտոբուսն այնպես ցնցվեց, որ անգամ ապակիները դուրս թռան, բայց վարորդը կարողացավ ղեկը պահել։ Մնացած ամբողջ ճանապարհին տեղս չէի գտնում, խելագարվում էի… որտեղ են երեխաներս, ինչ է եղել ամուսնուս հետ։ Երբ վազեցի տուն, տեսա սկեսուրս պատուհանի փլատակների տակ էր մնացել»։

Քնարիկ

Ալեքսանդրա Զախարովան ծնվել է Կուրգանում։ 1988–ին նա Նալբանդ գյուղում ռուսաց լեզվի ուսուցչուհի էր աշխատում։ Կորցրել է 16-ամյա դստերը՝ 9-րդ դասարանի աշակերտուհի Քնարիկին։
«Ես դպրոցում էի, դասի։ Նա անգինայով հիվանդ էր, տանը պառկած էր։ Տանն էր նաեւ ամուսինս։ Այդ պահին նա դուրս էր եկել… ամեն ինչ այնքան արագ պատահեց։ Ոչ ոք ոչինչ չհասցրեց հասկանալ… իսկ աղջիկս, Քնարիկս ավերակների տակ էր մնացել»։

Աննա

Վարուժան Երանոսյանը կորցրել է 2 հարազատ քույրերին՝ Աննային եւ Սուսաննային։ 
«Աննան եւ Անթառամը սովորում էին 10-րդ դասարանում։ Նրանք երկվորյակներ էին։ Երկրաշարժի պահին Աննան դասի էր, Անթառամը թույլտվություն էր խնդրել եւ հրաշքով փրկվել։ Սուսանան տանն էր երկու որդիների եւ սկեսրոջ հետ։ Նրանք պատրաստվում էին զբոսանքի գնալ, երեխաներին էին հագցնում։ Այդ օրը փրկվեց միայն նրա ամուսինը։ 

Աջից՝ Սուսաննայի երկու որդիները

Սոֆյան՝ ամուսնու՝ Գառնիկի հետ

Հրաչուհի Թորոսյանը կորցրել է ընկերուհուն:
«Սոֆյա Սարգսյանը մանկաբույժ էր։ Այդ օրը նա Սպիտակում էր իր երկվորյակ երեխաների հետ։ Երկրաշարժի պահին երեխաները սեղանի տակ էին։ Դա էլ նրանց փրկեց։ Փրկարարները նրանց 2 օր հանում էին։ Երբ հերթը հասել էր Սոֆյային, արդեն շատ մութ էր։ Տեխնիկան չէր բավականացնում։ Մինչեւ որոշում էին, թե ինչպես նրան հանեն, նա մահացել էր։ Նրա ամուսինը՝ Գառնիկը, երդվել էր այլեւս երբեք չամուսնանալ»: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ