News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


28 տարի առաջ այս օրը՝ 1988-ի դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին, Սպիտակի ավերիչ երկրաշարժը ցնցեց Հայաստանը: Ստորգետնյա ցնցումները կես րոպեում ավերեցին հանրապետության գրեթե ամբողջ հյուսիսային մասը: Ցնցումները զգացվել են նաեւ Երեւանում ու Թբիլիսիում: Պաշտոնական տեղեկություններով՝ զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ է դարձել, անօթեւան է մնացել 530 հազար բնակիչ: Երկրաշարժի հետեւանքով հիմնովին ավերվել է Սպիտակ քաղաքը, տարերքն ընդգրկել է 21 քաղաք ու ավան, 324 գյուղ:

Երկրաշարժի տարելիցի կապակցությամբ այսօր Գյումրի է այցելել վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նա ծաղկեպսակ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին, այցելել երկրաշարժի հետեւանքով տներից զրկված եւ նոր բնակարաններ ստացած քաղաքացիների: Շիրակի համայնքապետերի հետ էլ վարչապետը քննարկել է մարզի հիմնախնդիրները: Կարեն Կարապետյանն առաջնահերթ է համարել մարզում բիզնեսը զարգացնելու եւ աշխատատեղերի ստեղծման խնդիրները: Նա համայնքապետերին նաեւ կոչ է արել իրենց համայնքների զարգացման համար հստակ ծրագրեր մտածել եւ աշխատել դրանց իրագործման ուղղությամբ, իրենք էլ կօգնեն: Ներկաներից մեկը «թասիբի» հարց է համարել աղետից տուժած բոլոր քաղաքացիներին բնակարաններով ապահովելու խնդիրը: Նշենք, որ կառավարությունը խոստանում է տուժածների բնակարանային հարցն ամբողջությամբ լուծել 2017 թվականին՝ ողբերգությունից 29 տարի անց միայն:

Ազգային ժողովի նիստն այսօր մեկնարկել է մեկ րոպե լռությամբ. խորհրդարանում հարգել են 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը: Կառավարության անդամներն այսօր վարչապետի գլխավորությամբ Ազգային ժողով էին եկել՝ պատասխանելու պատգամավորների հարցերին: Խորհրդարանականների հարցերը հիմնականում ուղղված են եղել Կարեն Կարապետյանին եւ վերաբերել են գազի գնին, ընտրություններից հետո գազի սակագնի թանկացման հավանականությանը: Կարապետյանը վստահեցրել է. նման բան տեղի չի ունենա:

Տիգրան Ուրիխանյանն էլ նախ հայտարարել է, որ «Հայռուսգազարդ»-ի պետական մասնաբաժինը 300 մլն դոլար պարտքի դիմաց «Գազպրոմ»-ին զիջելու գործարքի ժամանակ Կարեն Կարապետյանը «Գազպրոմ»-ի ղեկավար կազմում է եղել, եւ հետաքրքրվել, հիմա Հայաստանի կառավարությունը գլխավորող Կարապետյանը  ճի՞շտ է համարում այդ գործարքը: Գազի սակագնի հնարավոր թանկացման եւ դրա դիմաց որեւէ ռազմավարական օբյեկտով վճարելու հավանականության մասին Կարեն Կարապետյանին հարց է ուղղել նաեւ Նիկոլ Փաշինյանը: Նրան նաեւ հետաքրքրել է. ճի՞շտ են մամուլի հրապարակումները, որ «Ամերիկանո» սուրճը «Ռուսիանո» վերանվանելու գաղափարի հեղինակը Հայաստանի վարչապետն է: Իրավիճակը զվարճացրել է Կարապետյանին:

Իսկ խորհրդարանի միջանցքներում իրադրությունն այսօր թեժ է եղել: Պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, պարզվում է, հայհոյել ու հարվածել է Hraparak.am-ի լրագրող Վահե Մակարյանին: Լրագրողը պատմել է, որ ինքը Հակոբյանին հարցրել է ՀՅԴ-ի գաղափարախոսության մասին, ինչին պատգամավորը պատասխանել է, որ պետք է այդ մասին կարդալ եւ հարցեր չտալ: Ռուբեն Հակոբյանը նաեւ հայտարարել է, թե այլեւս չի պատասխանելու լրագրողի հարցերին: Երբ առանձնացել են, լրագրողի պնդմամբ, պատգամավորը հարվածել է իրեն: Միջադեպի արդյունքում Վահե Մակարյանի աչքը կարմրել է, այտին քերծվածք է եղել: Ռուբեն Հակոբյանը լրագրողներին պարզաբանել է, որ Վահեն իրեն խուլիգանի նման է պահել, փորձել է էթիկայի դասեր տալ իրեն:

Ողբերգական վթար Արարատի մարզում: Նորաշեն գյուղի զորամասի մոտակայքում «UAZ» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 300 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում: Պատահարի հետեւանքով մահացել է 56-ամյա Արամ Մանուկյանը, որը որդու եւ ընկերների հետ որսի էր գնում: Նրա որդին՝ 27-ամյա Արտակ Մանուկյանը եւ մյուս երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել:

Մահվան ելքով պատահար Երեւանում: Հալաբյան եւ Արզումանյան փողոցների խաչմերուկում «Volksvagen Passat» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին եւ հայտնվել Թումանյանի այգում՝ աստիճանահարթակի վրա: Մեքենայի մոտակայքում հայտնաբերել են վարորդի՝ 29-ամյա Մայիս Կ.-ի դին, իսկ ուղեւորը՝ 27-ամյա Գրիգոր Կ.-ն, հիվանդանոց է տեղափոխվել: Ըստ տեղեկությունների՝ նրանք հորեղբորորդիներ են:

Երեւանում եռյակ է ծնվել: Դեկտեմբերի 6-ին կեսարյան հատման միջոցով լույս աշխարհ են եկել երեք տղաներ: Նորածինների եւ նրանց մոր՝ Երեւանի 29-ամյա բնակչուհի Նվարդ Թումանյանի վիճակը բավարար է:

Դեկտեմբերի 7-ին դոլարի վերելքը շարունակվել է: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 516, ռուբլունը՝ 7 դրամ 57 լումա, ֆունտինը՝ 606 դրամ։

Դեկտեմբերի 8-ին հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով, 8-ի ցերեկն ու 9-ի գիշերը՝ կնվազի: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ