Ապօրինի կերպով ծառայության չներկայանալու մեղադրանքով 2.5 տարվա ազատազրկման դատապարտված «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող սպա Ցոլակ Խաչատրյանն արդեն 10-րդ օրը հացադուլ է անում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց խմբագրություն զանգահարած Ցոլակ Խաչատրյանը: Նրա խոսոքով` ինքն առողջական լուրջ խնդիրներ ունի, բացի այդ հացադուլի պատճառով առաջացել են ճնշման եւ սրտի հետ կապված խնդիրներ:
«Ինձ շատ վատ եմ զգում, հիմա էլ եմ հազիվ խոսում` թույլ եմ: Ճնշման տատանումներ ունեմ եւ ցավեր` սրտիս շրջանում: Բայց չեմ դադարեցնելու հացադուլս, մինչեւ ինձ մոտ իմ պահանջած պաշտոնյաները չգան: Ինձ ապօրինի կերպով են դատապարտել եւ ես արդարացում եմ պահանջում»,-ասաց նա:
Ցոլակ Խաչատրյանը հանդիպում է պահանջում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի եւ ՀՀ գլխավոր դատախազի հետ: Նա նշեց` չի պատրաստվում դուրս գալ հացադուլից` մինչեւ իր պահանջը չկատարվի:
Ցոլակ Խաչատրյանը NEWS.am-ին պատմել էր, որ արդեն 2 տարի անազատության մեջ է՝ ծառայության վայրից արձակուրդ է գնացել, սակայն, արձակուրդի հրամանագրքի մեջ չգրանցելու պատճառով՝ դատապարտվել 2.5 տարվա ազատազրկման: