News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով նախաքննությունը կատարվել է ոչ օբյեկտիվ` մեղադրյալ Յուրի Հակոբյանի նկատմամբ ակնհայտ մեղադրական թեքումով, միակողմանի, մակերեսային, թերի եւ քրեադատավարական օրենքի պահանջների կոպիտ խախտումներով: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասել է Հակոբյանի փաստաբան Արմեն Նադիրյանը:

Պարոն Նադիրյան, ինչպե՞ս եք գնահատում նախաքննության ընթացքը:

Իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն անհիմն է եւ վերջինիս նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման հետեւյալ պատճառաբանությամբ.

Նախ, առաջադրված մեղադրանքում մեղադրյալ Յուրի Հակոբյանն իրեն մեղավոր չի ճանաչել եւ իր ցուցմունքներում հայտնել է, որ դեպքի օրը` 2016թ. հունիսի 4-ին` ժամը 21:00-22:00-ի սահմաններում, ընկերոջ` Ռաֆայել Պետրոսյանի հետ իր անձնական օգտագործման ավտոմեքենայով գնացել են Էրեբունի թաղամասում գտնվող «Լիդո» ռեստորանային համալիր` օգոստոսին ծրագրած հարսանյաց արարողությունն այդ համալիրում անցկացնելու հարցի շուրջ պայմանավորվելու նպատակով: Ռեստորանում հանդիպել են նաեւ իրենց ընկերներ Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին եւ վերջինիս ընկերուհի Մարիամի Գրիգորյանին: Որոշ ժամանակ անց Արտաշես Չիչոյանի խնդրանքով նրան է տվել իր վերոհիշյալ ավտոմեքենայի բանալիները` կարճ ժամանակով տեղ գնալու եւ վերադառնալու համար, որից հետո վերջինս Արարատ Նիկողոսյանի եւ Մարիամ Գրիգորյանի հետ գնացել է: Վերջիններիս գնալուց հետո ինքն ու Ռաֆայելը մոտ 30-40 րոպե մնացել են ռեստորանում: Այնուհետեւ Ռաֆայելի հետ դուրս են եկել ռեստորանից եւ ճանապարհին հանդիպելով իրենց դասընկեր Գեւորգ Սարգսյանին` վերջինիս ավտոմեքենայով գնացել են վերը նշված ռեստորանի հարեւանությամբ գտնվող «Վիվառո» բուքմեյքերական գրասենյակի մոտ, որտեղ հանդիպել են իրենց ծանոթ տղաների, խոսել նրանց հետ, եւ քանի որ Արտաշեսի եւ Արարատի հետ չեն կարողացել հեռախոսակապ հաստատել` գիշերը ուշ ժամի ինքն ու Ռաֆայելը գնացել են տուն:

Յուրի Հակոբյանը միանշանակ հայտնել է, որ Եղիշե Պետրոսյանի սպանությանը որեւէ մասնակցություն չի ունեցել, վերջինիս երբեւէ չի տեսել ու նրա հետ ոչ մի շփում չի ունեցել:

Տուժողի մայրը ճանաչման ժամանակ հայտարարել է, որ Յուրի Հակոբյանը եղել է դեպքի վայրում եւ իր որդուն հարվածողներից մեկն է եղել:

Ճանաչման ժամանակ Էմմա Աբրահամյանի արված այն հայտարարության կապակցությամբ, որ ինքն էլ է հարվածել նրա որդուն, Յուրի Հակոբյանը հայտնել է, որ նա հաստատ սխալվում է, ինչ-որ մեկի հետ շփոթում է իրեն: Միաժամանակ նշել է, որ այս պատմության մեջ իրականը միայն այն է, որ ինքն իր մեքենան տվել է Արտաշեսին եւ նա գնացել է ինչ-որ տեղ: Յուրի Հակոբյանը հայտնել է նաեւ, որ ինքը պարզապես քրեական գործով տուժող ճանաչված Էմմա Աբրահամյանի` հուզական վիճակում տված ոչ ճիշտ ցուցմունքի զոհ է:

Վերոգրյալից ակնհայտ է, որ առաջին իսկ օրվանից Յուրի Հակոբյանն իր ցուցմունքներում հստակ ներկայացրել է իր այլուրեքությունը:

Քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո պաշտպանության կողմին ակնհայտ դարձավ, որ ի սկզբանե մեղադրյալ Յուրի Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմք են հանդիսացել բացառապես վերջինիս` վկա Էմմա Աբրահամյանի ճանաչմանը ներկայացնելու եւ նրանց միջեւ կատարված առերեսման վերաբերյալ կազմված արձանագրությունները, եւ պետք է փաստել, որ բացի նշվածից, վեց ամիս տեւած նախաքննությամբ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի կողմից Յուրի Հակոբյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորող որեւէ այլ, թեկուզեւ անուղղակի, ապացույց այդպես էլ ձեռք չի բերվել:

Բացի այդ, արդեն իսկ ծանոթ լինելով քրեական գործի նյութերին, պաշտպանության կողմը հաստատապես հայտարարում է, որ Յուրի Հակոբյանին առաջադրված մեղադրանքը հիմնված է բացառապես այլ օբյեկտիվ ապացույցներով չհաստատված գործի ելքով շահագրգռված անձի` տուժող Էմմա Աբրահամյանի իրարամերժ, հակասական եւ անարժանահավատ ցուցմունքների վրա:

Այնուհանդերձ, անդրադառնալով մեղադրյալ Յուրի Հակոբյանի մեղադրանքի հիմքում դրված վերը նշված երկու ապացույցներին, պետք է փաստել, որ տվյալ դեպքում, նախ` անհրաժեշտ է հաշվի առնել այն էական հանգամանքը, որ վկա Էմմա Աբրահամյանը, ելնելով իր հուզական հոգեվիճակից, պարզապես կարող էր շփոթել իրեն ճանաչման ներկայացված անձանց:

Բացի այդ, Յուրի Հակոբյանին վկա Էմմա Աբրահամյանի ճանաչմանը ներկայացնելը կատարվել է քրեադատավարական օրենքով սահմանված կարգի էական խախտմամբ, ուստի այդ քննչական գործողության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները եւ այդ կապակցությամբ կազմված արձանագրությունը քրեական գործով վարույթում որպես ապացույց չեն կարող օգտագործվել հետեւյալ պատճառաբանությամբ.

Նախ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ սահմանում է, որ ճանաչման ենթակա անձը ներկայացվում է ճանաչողին նույն սեռի եւ արտա-քինով ու հագուստով ճանաչվողին հնարավորին չափ նման առնվազն երեք այլ անձանց հետ:

Յուրի Հակոբյանին Էմմա Աբրահամյանի ճանաչմանը ներկայացնելու ժամանակ քրեադատավարական օրենքի այս պահանջը չի պահպանվել, քանզի Էմմա Աբրահամյանին 23-ամյա Յուրի Հակոբյանի հետ ճանաչման են ներկայացվել վերջինիս հետ տարիքային էական տարբերություն ունեցող անձինք, մասնավորապես` ճանաչման ներկայացված անձանցից մեկը ծնվել է 1982թ., մյուսը` 1998թ., իսկ երրորդը` 1991թ.-ին: Կատարված ճանաչման կապակցությամբ մեղադրյալ Յուրի Հակոբյանը հայտնել է, որ նշված քննչական գործողության ժամանակ իր հետ Էմմա Աբրահամյանի ճանաչմանն են ներկայացվել արտաքինով իրեն բացարձակապես նմանություն չունեցող, հենց այդ պահին փողոցից հրավիրված պատահական անցորդներ:

Բացի այդ, վկա Էմմա Աբրահամյանը 2016թ. հունիսի 5-ին տված իր առաջին ցուցմունքում հայտնել է, որ ավտոմեքենայից իջած եւ իր որդուն սկզբում ծեծի ենթարկած երեք տղաներից իր մոտ տպավորվել է ընդամենը մի հոգի, որը եղել է կարճաթեւ կարմիր վերնաշապիկով, մինչդեռ նախաքննությամբ հաստատվել է, որ այդ օրը Յուրի Հակոբյանը եղել է կապույտ վերնաշապիկով: Էմմա Աբրահամյանը նշել է, որ այդ պահին բավականին մութ է եղել եւ ինքը որեւէ անհատականացնող նկարագրեր չի կարող հիշել, ինչը, հաշվի առնելով վերջինիս հուզական հոգեվիճակը, միանգամայն ընդունելի եւ տրամաբանական է:

2016թ. հունիսի 16-ին կատարված լրացուցիչ հարցաքննության ժամանակ վկա Էմմա Աբրահամյանը, ի պատասխան նրա որդուն հարվածներ հասցրած բոլոր երիտասարդներին նկարագրելու  քննիչի առաջարկի` հայտնել է, որ ոչ բոլորին է հստակ հիշում: Հայտնել է, որ նրանցից որեւէ մեկի մոտ առանձնահատուկ նշաններ չի նկատել, միաժամանակ խնդրել է իրեն ճիշտ հասկանալ. իր աչքի առաջ սպանելիս են եղել որդուն եւ իր ուշադրությունն ամբողջությամբ բեւեռված է եղել նրան: Էմմա Աբրահամյանը նշել է, որ համացանցում տեսել է նաեւ որդու սպանության համար հետախուզվող երկու տղաների լուսանկարները. նրանցից Արտաշես Չիչոյանի դեմքն իր մոտ տպավորվել է, եւ համոզված է, որ դա այն երիտասարդն է, ով առաջինը հարձակվել է իր տղայի վրա ու սկսել հայհոյանքներ տալ եւ հարվածել նրան: Երկրորդ հետախուզվողի (Արարատ Նիկողոսյանի) դեմքը մի փոքր լավ չի հիշում, բայց եթե նրան կենդանի տեսնի ու նա ներկայացվի իր ճանաչմանը, համոզված է, որ նրան կճանաչի, իսկ նրանց հետ եղած երրորդ անձի հագուստը եւ դեմքը չի հիշում:

Վկա Էմմա Աբրահամյանի` վերը ներկայացված ցուցմունքներից ակնհայտ է, որ նա ոչ միայն դեպքի օրը մեքենայից իջած եւ իր որդուն սկզբում ծեծի ենթարկած երեք անձանցից երրորդի (ենթադրյալ Յուրի Հակոբյանի) նույնացման համար բավարար որեւէ հատկանիշ չի նշել, այլեւ հայտնել է, որ այդ անձի հագուստը եւ դեմքը չի հիշում:

Չնայած դրան, 2016թ. հունիսի 16-ին` վկա Էմմա Աբրահամյանի` վերը նշված լրացուցիչ հարցաքննությունից անմիջապես հետո Յուրի Հակոբյանն այնուամենայնիվ  ներկայացվել է վերջինիս ճանաչմանը: Նման պայմաններում Յուրի Հակոբյանին վկա Էմմա Աբրահամյանի ճանաչմանը ներկայացնելը որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, քանզի ակամայից հարց է ծագում. ինչպես կարելի է մեկին ճանաչման ներկայացնել այնպիսի անձի, ով միանշանակ հայտարարել է, որ այդ անձի` ճանաչվողի դեմքն ու հագուստը չի հիշում: Բացի այդ, անհասկանալի է նաեւ, թե Յուրի Հակոբյանն ընդհանրապես ինչից ելնելով, ինչի հիման վրա է ներկայացվել վկա Էմմա Աբրահամյանի ճանաչմանը, քանզի ճանաչման գործողության կատարման օրվա դրությամբ քրեական գործի նյութերում կատարված հանցագործությանը Յուրի Հակոբյանի առնչությունը մատնանշող որեւէ փաստական տվյալ ձեռք բերված չի եղել: Մինչդատական վարույթն իրականացնող մարմնի տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում ստացվում է, որ վկա Էմմա Աբրահամյանի ճանաչմանը պետք է ներկայացվեին նաեւ դեպքին նախորդող ժամանակահատվածում Արտաշես Չիչոյանի, Արարատ Նիկողոսյանի եւ Մարիամ Գրիգորյանի հետ «Լիդո» ռեստորանային համալիրում գտնված եւ նրանց հետ առնչված անխտիր բոլոր անձինք, մասնավորապես` Ռաֆայել Պետրոսյանը եւ Գեւորգ Սարգսյանը, եւ նույն հաջողությամբ հուզական հոգեվիճակում գտնվող էմմա Աբրահամյանը կարող էր մատնացույց անել նրանցից ցանկացածին:

Ավելին` վերոհիշյալ ճանաչման ժամանակ Էմմա Աբրահամյանն իրեն ճանաչման ներկայացված անձանց զննելուց հետո, հայտնել է, որ հստակ չի հիշում, բայց 2-րդ համարի տակ կանգնած տղայի դեմքը եւ ընդհանուր կառուցվածքը նման է այն տղային, որը եղել է մեքենայից իջած առաջին եռյակի մեջ: Այդ անձը նման է այն տղաներից մեկին, որը մյուսների հետ հարվածել է իր որդուն: Այսինքն` ճանաչման ժամանակ նույնպես վկա Էմմա Աբրահամյանն իր կողմից ճանաչված անձի նույնացման համար բավարար որեւէ հատկանիշ չի նշել, ավելին` նա հայտնել է, որ հստակ չի հիշում, այլ իրեն ճանաչման ներկայացված անձանցից մեկին ընդամենը նմանեցնում է իր որդուն հարվածներ հասցրած տղաներից մեկին:

Նկատի ունենալով, որ վկա Էմմա Աբրահամյանն իր ցուցմունքներում նշված`  դեպքի օրը մեքենայից իջած եւ իր որդուն սկզբում ծեծի ենթարկած երեք անձանցից երրորդի (ենթադրյալ Յուրի Հակոբյանի) նույնացման համար բավարար որեւէ հատկանիշ չի նշել, ավելին` հայտնել է, որ այդ անձի հագուստը եւ դեմքը չի հիշում, ուստի քրեադատավարական օրենսգրքի իմպերահիվ պահանջից ելնելով Յուրի Հակոբյանը Էմմա Աբրահամյանի ճանաչմանը չպետք է ներկայացվեր, իսկ կատարված ճանաչումն էլ չի կարող ճանաչվել հիմնավորված:

Վերոգրյալի հետ մեկտեղ գտնում եմ, որ նման պայմաններում հիմնավորված չեն կարող ճանաչվել եւ որպես թույլատրելի ապացույց չեն կարող օգտագործվել նաեւ դրանից բխող բոլոր գործողությունների, մասնավորապես` վկա Էմմա Աբրահամյանի եւ կասկածյալ Յուրի Հակոբյանի միջեւ կատարված առերեսման եւ վերջինիս վերաբերյալ Էմմա Աբրահամյանի հետագա հարցաքննությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները:

Բացի այդ, մեղադրյալ Յուրի Հակոբյանի վերաբերյալ Էմմա Աբրահամյանի տված ցուցմունքների անարժանահավատության մասին է վկայում նաեւ այն, որ դեպքից ամիսներ անց` 2016թ. հոկտեմբերի 31-ին կատարված լրացուցիչ հարցաքննության ժամանակ, քննիչի այն հարցին, թե ինչպես կբացատրի այն հանգամանքը, որ ճանաչման ժամանակ կասկածանքով հայտնելով, որ Յուրի Հակոբյանը նման է այն տղային, որը եղել է իր որդուն սպանած առաջին եռյակի մեջ, հետագայում կատարված առերեսման ժամանակ հաստատապես հայտնել է, որ վերջինս եղել է իր որդուն հարվածած անձանց մեջ, այն դեպքում, երբ դեպքի պահին Յուրի Հակոբյանի` «Լիդո» ռեստորանային համալիրում լինելու հանգամանքը հաստատել են նշված համալիրի աշխատակիցներն ու նրա ընկերներ Ռաֆայել Պետրոսյանն ու Գեւորգ Սարգսյանը, իսկ դեպքի վայրում եղած եւ քրեական գործով հարցաքննված անձանցից որեւէ մեկը Յուրի Հակոբյանի` դեպքի վայրում լինելու մասին տվյալ չի հայտնել, տուժող Էմմա Աբրահամյանն ակնհայտորեն խուսափել է պատասխանել, հերթական անգամ զուտ վերացականորեն նշելով, թե պնդում է, որ Յուրի Հակոբյանը սկզբից Արտաշի եւ Արա-րատի հետ հարվածել է իր տղային եւ մինչեւ վերջ մասնակցել է ծեծկռտուքին ու սպանել նրան:

Հատկանշական է, որ քննիչի վերոհիշյալ հարցադրումից էլ է միանշանակ հետեւում, որ վերջինս իր հերթին հաստատել է, որ, բացի Էմմա Աբրահամյանից, դեպքի վայրում եղած եւ քրեական գործով հարցաքննված անձանցից եւ ոչ մեկը Յուրի Հակոբյանի` դեպքի վայրում լինելու մասին որեւէ տվյալ չի հայտնել:

Վերոգրյալի հետ մեկտեղ պետք է փաստել, որ պաշտպանության կողմի այն կասկածը, որ վկա Էմմա Աբրահամյանը, ելնելով իր հուզական հոգեվիճակից, պարզապես շփոթել է իրեն ճանաչման ներկայացված անձանց` փարատվել եւ մեղադրյալ Յուրի Հակոբյանի ներկայացրած այլուրեքությունը հաստատվել է կատարված նախաքննությամբ ձեռք բերված բազմաթիվ ապացույցներով:

Պարոն Նադիրյան, արդյոք ցուցմունքներ տվել են վկաներն ու մեղադրյալները:

Վկա Մարիամ Գրիգորյանը եւ մեղադրյալներ Արտաշես Չիչոյանն ու Արարատ Նիկողոսյանն իրենց ցուցմունքներում հայտնել են, որ 2016թ. հունիսի 4-ին երեկոյան Յուրի Հակոբյանի հետ եղել են «Լիդո» ռեստորանային համալիրում, այնուհետեւ վերջինս մնացել է նշված ռեստորանում, իսկ իրենք երեքով դուրս են եկել եւ վերջինիս ավտոմեքենայով գնացել: Նշված անձինք միանշանակ հաստատել են, որ նշված օրը հիշյալ ռեստորանից դուրս գալուց հետո Նուբարաշենի խճուղում Եղիշե Խաչատրյանի հետ տեղի ունեցած միջադեպին Յուրի Հակոբյանը ներկա չի եղել եւ դրան որեւէ առնչություն չի ունեցել:

Վկա Ռաֆայել Պետրոսյանն իր ցուցմունքներում նույնպես հաստատել է, որ 2016թ. հունիսի 4-ին երեկոյան Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանն ու Մարիամ Գրիգորյանը «Լիդո» ռեստորանային համալիրից գնացել են Յուրի Հակոբյանի ավտոմեքենայով, իսկ վերջինս նրանց հետ չի գնացել, այլ տեւական ժամանակ իր հետ գտնվել է այդ ռեստորանում, որից հետո ինքն ու Յուրի Հակոբյանն իրենց ընկերոջ` Գեւորգ Սարգսյանի հետ` վերջինիս «Օպել» մակնիշի ավտոմեքենայով գնացել են ռեստորանի մոտակայքում գտնվող «Վիվառո»-ի գրասենյակի մոտ:

Մեղադրյալ Յուրի Հակոբյանի եւ վկա Ռաֆայել Պետրոսյանի հայտնած տեղեկությունները հաստատել են նաեւ վկա Գեւորգ Սարգսյանի ցուցմունքով:

«Լիդո» ռեստորանային համալիրի տնօրեն Կարեն Մանուկյանը եւ մատուցող Արթուր Բաբոյանն իրենց ցուցմունքներում միանշանակ հաստատել են, որ 2016թ. հունիսի 4-ին երեկոյան Արտաշես Չիչոյանի, Արարատ Նիկողոսյանի եւ Մարիամ Գրիգորյանի` նշված ռեստորանից գնալուց հետո Յուրի Հակոբյանը նրանց հետ չի գնացել, այլ տեւական ժամանակ գտնվել է այդ ռեստորանում: Ավելին, վկա Կարեն Մանուկյանը հայտնել է, որ երբ նշված օրը` ժամը 22:30-ի սահմաններում, իր ավտոմեքենայով դուրս է եկել ռեստորանի տարածքից` Յուրի Հակոբյանի ավտոմեքանան կանգնած է եղել ռեստորանի բակում, իսկ երբ մոտ 10 րոպե անց վերադարձել է` Յուրի Հակոբյանը եղել է ռեստորանում, սակայն վերջինիս ավտոմեքենան, ինչպես նաեւ Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանն ու Մարիամ Գրիգորյանը այդտեղ չեն եղել: Այսինքն` վկա Կարեն Մանուկյանի ցուցմունքով հաստատվել է, որ Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանն ու Մարիամ Գրիգորյանը ռեստորանից դուրս են եկել Յուրի Հակոբյանի ավտոմեքենայով, իսկ վերջինս` նրանց գնալուց հետո մնացել է ռես-տորանում:

Բացի այդ, մեղադրյալ Յուրի Հակոբյանի ներկայացրած այլուրեքությունը հաստատվել է նաեւ «Վիվառո Բեթինգ» ՍՊ ընկերության աշխատակից Հայկ Փիլոյանի եւ «Լիդո» ռեստորանային համալիրի պահակ Վարդան Սանամյանի ցուցմունքներով:

Վերոգրյալի հետ մեկտեղ, մեղադրյալ Յուրի Հակոբյանի ներկայացրած այլուրեքությունը հաստատվել է նաեւ «Վիվառո Բեթինգ» ՍՊ ընկերության` Երեւան քաղաքի Տիտոգրադյան փողոցում գտնվող թիվ 74 գրասենյակի տեսանկարահանման սարքով, ինչպես նաեւ վերջինիս անմիջական հարեւանությամբ գտնվող` «Խաչատուր Մկրտչյան» ԱՁ-ին պատկանող խանութ-սրահի արտաքին տեսանկարահանման սարքով կատարված տեսագրությունները պարունակող կրիչներով, որոնց զննությամբ պարզվել է, որ Յուրի Հակոբյանը, ինչպես նա հայտնել է իր ցուցմունքներում, իրոք 2016թ. հունիսի 4-ին` ժամը 23:41-ին, (այսինքն` Արտաշես Չիչոյանի, Արարատ Նիկողոսյանի եւ Մարիամ Գրիգորյանի գնալուց 30-40 րոպե հետո) Ռաֆայել Պետրոսյանի եւ Գեւորգ Սարգսյանի հետ` վերջինիս «Օպել» մակնիշի ավտոմեքենայով դեպքի վայրին` Նուբարաշենի խճուղուն հակադարձ ուղղությամբ գտնվող «Լիդո» ռեստորանային համալիրի կողմից եկել են «Վիվառո Բեթինգ» ՍՊ ընկերության գրասենյակի մոտ, այնտեղ հանդիպել են Յուրի Հակոբյանի համածառայակից Հայկին եւ այլ երիտասարդ տղաների, տեւական ժամանակ գտնվել են այդ գրասենյակի հարակից տարածքում, մշտապես եղել տեսանկարահանող սարքերի դիտարկման ներքո եւ այդտեղից նույն ավտոմեքենայով հեռացել միայն 2016թ. հունիսի 5-ին` ժամը 01:14-ին:

Բացի այդ, մեղադրյալ Յուրի Հակոբյանի այլուրեքությունը հաստատվել է նաեւ վերջինիս կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարներից կատարված հեռախոսազանգերի վերծանումներով, համաձայն որոնց` հանցագործության պահից ընդամենը րոպեներ անց ժամը 23:24:49-ին եւ 23:25:52-ին, Յուրի Հակոբյանը ելքային հեռախոսազանգեր է կատարել գործով մյուս մեղադրյալ Արարատ Նիկողոսյանի հեռախոսահամարին, եւ այդ զանգերը կատարելիս Յուրի Հակոբյանը գտնվել է մեկ, իսկ Արարատ Նիկողոսյանը` միանգամայն այլ վայրում, որպիսի հանգամանքը հաստատում է, որ Յուրի Հակոբյանն Արարատ Նիկողոսյանի հետ չի եղել:

Փորձաքննություններով ապացուցվե՞լ է, որ Յուրի Հակոբյանը դեպքի վայրում է եղել:

Յուրի Հակոբյանի հագուստների վրա մեխանիկական վնասվածքներ եւ հետքեր չեն հայտնաբերվել: Փորձաքննությանը ներկայացված Յուրի Հակոբյանի` մանուշակագույն վերնազգեստի, ջինսե տաբատի վրա մանրակրկիտ զննությամբ կասկածելի հետքեր չեն հայտնաբերվել: Փորձաքննությանը ներկայացված Յուրի Հակոբյանի, ինչպես նաեւ տուժող Եղիշե Խաչատրյանի աջ եւ ձախ ձեռքերի եղնգային կտրվածքների վրա եւ դրանց տակի պարունակություններում հետազոտության պահին որեւէ գործվածքի մանրաթել չկա:

Վերը շարադրվածից ակնհայտ է, որ տվյալ դեպքում Յուրի Հակոբյանին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքում դրված են անթույլատրելի ապացույցները, եւ, ընդհակառակը` ձեռք բերված բազմաթիվ ապացույցներով լիովին հաստատվել է մեղադրյալ Յուրի Հակոբյանի անմեղությունը, որպիսի պայմաններում բացակայում են վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքերը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ