News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում հարցված տղամարդկանց 90 տոկոսը մերժում է այն պնդումը, որ կնոջը կարելի է ֆիզիկական բռնության ենթարկել սեռական հարաբերությունից հրաժարվելու դեպքում: Այս մասին այսօր` դեկտեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը` ներկայացնելով «Տղամարդիկ և գենդերային հավասարության հիմնախնդիրը Հայաստանում» սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:

«Հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ հավասար կրթություն եւ պրոֆեսիոնալ մակարդակ ունեցող կինն ու տղամարդը կարող են հավասար աշխատել: Զույգերի մեծամասնությունն իրենց ազատ ժամանակն անցկացնում են միասին` գնումներ կատարելով կամ երեխաների հետ զբաղվելով: Կնոջ մասնակցությունը քաղաքականության մեջ 56 տոկոսի համար ընդունելի է, 90 տոկոսը մերժել է այն պնդումը, որ կնոջը կարելի է ֆիզիկական բռնության ենթարկել սեռական հարաբերությունից հրաժարվելու համար»,- ասաց նա:

Փորձագետ Ջինա Սարգիզովան էլ նշեց, որ հարցվողները կարծում են` տալով կնոջն իրավունք եւ հնարավորություն` տղամարդուն զրկում են այդ իրավունքրից. «Մենք դեռ կարծում ենք` եթե այս հնարավորությունը տրվում է կնոջը, ուրեմն զրկվում է տղամարդը: Մինչդեռ մենք կնոջն ու տղամարդուն պետք է դիտենք հավասար պայմաններում: Ինչ վերաբերում է բռնություններին, ապա հետազոտությամբ պարզվում է, որ տղամարդկանց ավելի մեծ տոկոսն է խոստովանել, որ կնոջը բռնության են ենթարկում, քան կանայք: Սեռական բռնության վերաբերյալ հարցը տվեցինք միայն տղամարդկանց, նրանց 12 տոկոսը փաստեցին, որ սեռական բռնության ենթարկել իր զուգընկերոջը»:

Հետազոտության փորձագետներն առաջին անգամ նաեւ տղամարդկանց են հարցրել բռնության ենթարկվելու մասին: Փորձագետի ներկայացմամբ` տղամարդիկ առայժմ խոսել են միայն հոգեբանական բռնության ենթարկվելու մասին: Ինչ վերաբերում է սեռական հարաբերություններին, ապա տղամարդկանց 88 տոկոսը գոհ է եղել սեռական հարաբերության քանակից եւ որակից:

Նշենք, որ հարցմանը մասնակցել է 1600 քաղաքացի եւ մայրաքաղաքից, եւ մարզերից: Ըստ Քաղաքական և սոցիալական խորհրդատվությունների ինստիտուտի հետազոտությունների տնօրեն Հասմիկ Առաքելյանի` մարզերի բնակիչներն ավելի ակտիվ են մասնակցել հարցմանը, ավելին մերժել է ընդամենը 33 տոկոսը, մինչդեռ մայրաքաղաքում հարցմանը մասնակցելը մերժել է 73 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ