News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելը մեծ նվաճում էր: Այս մասին, NEWS.am-ի հետ զրույցում նշել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի 14-րդ աշխարհի առաջնության կազմակերպչական թիմի անդամ, մարմարե արծվի կրկինակի դափնեկիր,  Իրավաբանական գիտությունների թեկնածու, գիտակ Հայկ Ղազազյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 12-13-ին Ծաղկաձորում անցկացված «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի աշխարհի առաջնությանը:

Նոյեմբերին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց  «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի աշխարհի առաջնությունը: Սա, իհարկե, մեծ նվաճում է: Ինչպե՞ս հաջողվեց մրցաշարը բերել Հայաստան:

Այո, «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի ամենախոշոր եւ հեղինակավոր մրցաշարն աշխարհի առաջնությունն է, եւ մենք պատիվ ունեցանք աշխարհի 14-րդ առաջնությունը անցկացնել Հայաստանում: Սա, իհարկե, մեծ նվաճում էր մեր երկրի համար:  Առաջնությունը տեղի ունեցավ նոյեմբերի 12-13-ին Ծաղկաձորում: Եթե զուգահեռներ անցկացնենք, օրինակ, ֆուտբոլի հետ, պատկերացրեք՝ ինչպիսի հեղինակավոր մրցաշար է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղը իհարկե մի քիչ այլ է, բայց աշխարհի առաջնությունը այս խաղում նույնպես հանդիսանում է մեծագույն մրցաշար, որի անցկացման իրավունքը տրամադրվում է այն երկրներին, որոնք ցույց են տալիս, որ ունակ են կազմակերպելու նման կարգի միջոցառումներ:

Իմ կարծիքով մի քանի գործոն նպաստեց աշխարհի առաջնության անցկացմանը Հայաստանում: Առաջինը պետության աջակցությունն էր: Պետությունը ամենաբարձր մակարդակով երաշխավորեց աշխարհի առաջնության անցկացումը Հայաստանում: Առաջնությունը անցնում էր ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո: Կարելի է հպարտանալ, որ պետությունն այսկերպ կարեւորում է ինտելեկտուալ խաղերը Հայաստանում: Մյուսը նախկինում Հայաստանում «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» միջազգային մրցաշարերի անցկացման հաջող փորձն էր: Եվ իհարկե, դա մի շարք նախաձեռնող, նվիրված, պատասխանատու անձանց առկայությունն էր, որոնք հանձն առան աշխարհի առաջնության կազմակերպման մեծագույն պատասխանատվությունը եւ իմ կարծիքով մեծ հաջողությամբ կատարեցին այդ աշխատանքը:

Իհարկե պետք է նշել նաեւ մասնավոր գործընկերներին, որոնք մեծապես աջակցեցին առաջնության անցկացմանը:

Մի քիչ ավելի մանրամասն կպատմե՞ք մասնակից թիմերի մասին:

Մասնակիցների քանակով եւ աշխարհագրական ներկայացուցչությամբ այս առաջնությունը պատմության մեջ ամենախոշորներից էր: Հայաստան էին եկել 23 երկիր ներկայացնող 56 թիմեր: Եթե նորից զուգահեռներ տանենք ցանկացած այլ սպորտաձեւի աշխարհի առաջնությունների հետ, ապա այստեղ նույնպես մասնակցում էին աշխարհի ուժեղագույն թիմերը եւ խաղացողները,  հայտնի եւ շատերի կողմից սիրված գիտակներ, որոնց կարելի է տեսնել խաղի հեռուստատեսային տարբերակում: Օրինակ, Մաքսիմ Պոտաշեւ, Ալեքսանդր Դրուզ, Ելենա Պոտանինա եւ այլն:

Ժամանել էին թիմեր ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտայիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից եւ մի շարք այլ երկրներից: Հայաստանը ներկայացնում էին 5 թիմեր:

Ինչպիսի՞ արդյունքներ գրանցվեցին:

Աշխարհի չեմպիոն դարձավ Ռուսաստանը ներկայացնող Միխայիլ Սավչենկովի թիմը, որը օբյեկտիվորեն համարվում է աշխարհի ուժեղագույն թիմերից մեկը, եւ այդ թիմի հաղթանակը կարծում եմ ոչ ոքի չզարմացրեց: Այդ թիմն առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն եւ Հայաստանում անցած աշխարհի առաջնություն, իհարկե, հատուկ տեղ կզբաղեցնի այդ ուժեղագույն թիմի կենսագրության մեջ: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրեցին նույնպես Ռուսաստանը ներկայացնող թիմերը: Բավականին մեծ անակնկալ էր Աշխարհի առաջնությունում չորրորդ տեղը զբաղեցրած Ֆինլանդիայի հավաքականի արդյունքը:

Ինչպե՞ս հանդես եկան հայկական թիմերը:

Անկեղծ ասած, հայկական թիմերի արդյունքները այդքան էլ գոհացնող չէին: Առաջնությունից առաջ ես անձամբ ակնկալում էի առնվազն մեկ հայկական թիմի մասնակցություն առաջնության եզրափակչում, որտեղ մասնակցում էին 17 թիմեր: Ցավոք, չստացվեց: Բայց սա անգնահատելի փորձ էր մեր թիմերի համար, որոնք միշտ չէ, որ սովոր են խաղալ նման ինտենսիվությամբ բարդ մրցաշարերում: Կարծում եմ՝ ճիշտ եւ հետեւողական աշխատանքի շնորհիվ առաջիկա տարիներին կունենանք ավելի լավ արդյունքներ, որովհետեւ հայկական թիմերը իրենց ներուժով հաճախ չեն զիջում առաջնության եզրափակչում հայտված թիմերին:

Իմ կարծիքով՝ ամենակարեւոր նպատակը եւ մարտահրավերը մեզ համար առաջնության հաջող անցկացումն էր, իսկ մարզական արդյունքները կարելի է եւ պետք է բարելավել արդեն գալիք խոշոր մրցաշարերում: Ի դեպ աշխարհի հաջորդ առաջնությունը տեղի է ունենալու Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում:

Ինչպե՞ս կգնահատեք Աշխարհի առաջնության կազմակերպչական մակարդակը:

Որպես հյուրընկալող կողմի ներկայացուցիչ երեւի ամենաօբյեկտիվը չեմ լինի այդ հարցում: Իմ կարծիքով, ամենակարեւոր չափանիշը մասնակիցների եւ հյուրերի տպավորություններն են, եւ այս առումով կարող եմ ասել, որ իրենք շատ մեծ տպավորություններ ստացան թե Աշխարհի առաջնությունից, թե ընդհանրապես Հայաստանից: Հյուրերից շատերը նախապես էին ժամանել Հայաստան եւ ճանապարհորդում էին երկրով: Այս օրերին սոցիալական ցանցերը հեղեղվում էին գիտակների՝ Հայաստանում արված գեղեցիկ նկարներով եւ գրառումներով: Դատելով այդ ամենից կարելի է վստահորեն ասել, որ Հայաստանը եւ Աշխարհի առաջնությունը իրոք տպավորել են հյուրերին:

Կարծում եմ, որ կազմակերպիչները արեցին առավելագույնը, որպեսզի առաջնությունն անցնի շատ բարձր մակարդակով, որպեսզի յուրաքանչյուր մասնակից իրենց զգա հանգիստ եւ հարմարավետ:

Դիլիջանում արդեն քանի տարի է հաջող է անցնում «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են տարբեր երկրների գիտակներ: Մի փոքր պատմեք այդ մրցաշարի մասին:

Այո, արդեն 5 տարի է ինչ Հայաստանում անցկացվում է միջազգային մրցույթ՝ Դիլիջանյան խաղեր, որին մասնակցում են բազմաթիվ գիտակներ տարբեր երկրներից: Այդ մրցաշարի անցկացման գաղափարը առաջացավ մի քանի տարի առաջ եւպետության, մասնավոր գործընկերների եւ մի շարք նվիրված նախաձեռնող գիտակների ակտիվ մասնակցությամբայն կյանքի կոչվեց: Դիլիջանյանի խաղերը 2013թ. ստացան «Տարվա մրցաշար»միջազգային հեղինակավոր մրցանակ: Կարող ենք վստահորեն ասել, որ Հայաստանը ունի իր կայացած միջազգային մրցաշարը, որին ուրախությամբ մասնակցում են թիմեր տարբեր երկրներից: Հուսով եմ, կհաջողվի անցկացնել դիլիջանյան խաղերը նաեւ 2017 թվականին:

Հայկ, եթե չեմ սխալվում, Դուք վերջին տարիներին Հայաստանից միակ մասնակիցն եք Մոսկվայի «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հեռուստանախագծում: Որքանո՞վ է ավելի դժվար այդ նախագծին մասնակցելը Ռուսաստանում:

Այստեղ հեշտ եւ դժվար ասելը երեւի այդքան էլ ճիշտ չէ, ուղղակի յուրաքանչյուր նախագիծ ունի իր յուրահատկությունները, որոնք պետք է հաշվի առնես եւ ընտելանաս: Իսկ այդ յուրահատկությունները եւ տարբերությունները իհարկե շատ են: Նախ, ռուսական նախագծում հանդես եմ գալիս որպես գիտակ, Հայաստանում՝ որպես թիմի ավագ: Այստեղ մի թիմակիցների հետ ես խաղում, Ռուսաստանում՝այլ: Տարբեր են հարցերի խմբագիրները, հարցերի ձեւակերպման նկատմամբ մոտեցումները: Ռուսաստանում խաղում ես ուղիղ եթերում, այստեղ խաղերը նկարահանվում են նախապես: Այսինքն տարբերություններն ահռելի էն: Սակայն կարեւորագույն ընդհանրությունը այն է, որ մեծագույն հաճույքով ես խաղում թե ռուսական, թե հայկական ակումբներում: Թիմակիցների առումով բախտս բերել է, ոչ միայն չափազանց ուժեղ գիտակներ են, այլ նաեւ շատ հաճելի մարդիկ, որոնց հետ հաճույքով շփվում եմ ոչ միայն խաղի սեղանի շուրջ: Իսկ ռուսաստանյան թիմիս ավագից՝ Ելենա Պոտանինայից, ինքս որպես ավագ շատ բան եմ սովորում:

Ի դեպ, արդեն միակ հայ գիտակը չեմ ռուսաստանյան նախագծում, քանի որ այժմ այնտեղ հանդես է գալիս նաեւ Կիմ Ղալաչյանը, որը իմ կարծիքով շատ ուժեղ խաղացող է:

Նշեցիր, որ Հայաստանում թիմի ավագ ես, իսկ Ռուսաստանում հանդես ես գալիս որպես գիտակ: Ի՞նչ տարբերություններ կան, քեզ համար ո՞րն է ավելի նախընտրելի:

Այդ կարգավիճակների միջեւ տարբերությունները շատ են եւ կարելի է երկար դրանց մասին խոսել: Եթե հակիրճ ներկայացնեմ, ապա խաղացողը ավելի շատ պետք է խոսի մեկ րոպեի ընթացքում, ցանկալի է արդյունավետ, իսկ ավագը ավելի շատ լսի, ուղղորդի քննարկումը եւ ընտրի պատասխանի տարբերակը: Իհարկե, սրանք պարտադիր կանոններ չեն, բայց հիմնականում պատկերը այդպիսին է:

Ինչ վերաբերում է նախընտրություններին, ապա իմ միակ նախընտրությունը խաղալն է, անկախ կարգավիճակից: Ես ինձ հարմար եմ զգում թե ավագի, թե, այսպես ասած, շարքային խաղացողի դերում: Բայց եթե պատկերացնենք, որ մի օր ես ստիպված լինեմ ընտրել այդ երկուսից մեկը, երեւի կնախընտրեմ խաղացողի կարգավիճակը:

Ինչպե՞ս է թիմը պատրաստվում խաղերի: Արդյոք անցկացնո՞ւմ եք ինչ-որ պարապմունքներ:

Այո, շատերը չեն պատկերացնում, որ այս խաղում գոյություն ունեն պարապմունքներ: Սպորտում պարապելը բնական եւ անհրաժեշտ գործընթաց է եւ «Ի՞նչ Որտե՞ղ Ե՞րբ» խաղն այս առումով բացառություն չէ: Պարապմունքները միտված են զարգացնելու արագ մտածելու, կողմնորոշվելու ունակությունը, այսինքն արագորեն հիշել անհրաժեշտ տեղեկատվությունը կամ կատարել տրամաբանական քայլը: Դա պահանջում է մշտական պարապմունքներ:

Բացի դրանից. թիմում խաղում են վեց գիտակներ, վեց անհատականություններ են, յուրաքանչյուրն իր բնավորությամբ եւ խաղային ոճով: Այդ առումով պարապմունքները միտված են նաեւ այս գործոնները կարգավորել, բերել հավասարակշռության՝ ի օգուտ թիմային խաղի, ամրապնդել թիմային կապերը:

Հայկական թիմի հետ մենք սկսում ենք պարապունքները նկարահանումներից մոտ մեկ ամիս առաջ, շաբաթը մեկ կամ երկու անգամ: Ռուսական թիմի հետ պարապմունքները ունեն մշտական բնույթ՝ շաբաթը մեկ անգամ:

Ինչպե՞ս եք տեսնում «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» զարգացման հեռանկարները Հայաստանում:

Ես լավատեսորեն եմ տրամադրված, հաշվի առնելով վերջին 5 տարիների նվաճումները եւ արդյունքները: Իհարկե լավատեսության առիթ է պետության մշտական ուշադրությունը եւ աջակցությունը, հավատարիմ գործընկերների առկայությունը, երիտասարդների հետ աշխատող մարզիչների անգնահատելի աշխատանքը, նվիրված եւ պատասխանատու գիտակների առկայությունը: Իհարկե կան նաեւ խնդիրներ, բայց առանց խնդիրների հաղթահարման որեւէ հաջողության չես հասնի:

Աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելուցհետո, ո՞րն է լինելու հաջորդ նպատակը այս ուղղությամբ:

Այս ասպարեզում կարծում եմ յուրաքանչյուրը ունի իր նպատակը: Բայցեթե փորձեմ մի փոքր ընդհանրացնել, երեւի առաջնային նպատակն է պահել այս բարձր նշաձողը, որը սահմանվել է վերջին տարիներին: Դա վերաբերում է թե միջազգային մրցաշարերի անցկացման շարունակականությունը թե հայկական թիմերի ելույթներին միջազգային ասպարեզում: Ես վստահ եմ, եթե կա աշխատասիրություն, վճռականություն եւ ուժերիդ նկատմամբ հավատ, ցանկացած նպատակին կարելի է հասնել: Դա արդեն ապացուցված է:

Տպել
Ամենաշատ