News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նամակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները Ռուսաստանին փոխանցելու անօրինական գործընթացը:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի՛ պարոն Կարապետյան,

Ինձ է դիմել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նա հայտնում և հիմնավորում է, որ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը հասանելիություն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնական տվյալների բազային: Մասնավորապես Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի էլեկտրոնային շտեմարաններում են պահվում Հայաստանի պետական սահմանը հատող անձանց անձնագրերի ու տեխնիկական անձնագրերի սքանները, սահմանը հատելու օրվա, ժամի, ուղղության և ուղեկցող անձանց մասին, ինչպես նաև այլ տեղեկություներ, որոնք պահպանվում են առնվազն 7 տարի:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի թիվ 884-Ն որոշման 2-րդ հավելվածով սպառիչ թվարկվում է, թե որ մարմինները կարող են օգտվել ՍԷԿՏ համակարգից: Մինչդեռ, «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը բացահայտել է, որ Հայաստանի ՍԷԿՏ համակարգից օգտվելու հնարավորություն ունի նաև Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը:

Պատասխանելով կազմակերպության հարցմանը՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությանը տրամադրվել է ՍԷԿՏ-ից օգտվելու հասանելիություն՝ ընդհանուր հղում կատարելով 1992 թվականին կնքված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց գործունեության պայմանների մասին» պայմանագրին՝ չնշելով դրա որևէ կոնկրետ դրույթ: Մինչդեռ, նշված պայմանագրում որևէ կետ չկա և չի կարող լինել 2006 թվականին ստեղծված էլեկտրոնային համակարգի մասին (ինչպես նշվեց, այն կնքվել է 1992 թվականին):

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պետական մարմինների տնօրինության տակ գտնվող անձնական տվյալները կարող են փոխանցվել օտարերկրյա պետական մարմիններին միայն միջպետական պայմանագրերի շրջանակներում (…): Քանի դեռ չկա որևէ միջպետական պայմանագիր, որով Հայաստանը Ռուսաստանին պետք է փոխանցի Հանրապետության պետական սահմանը հատած անձանց անձնական տվյալները, տվյալների փոխանցումն անօրինական է:

Որպես ՍԷԿՏ-ը համակարգող մարմին՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից քաղաքացիների անձնական տվյալների հասանելիությունն այլ երկրի պետական մարմնին տրամադրելը զանգվածային կերպով խախտում է անձանց անձնական տվյալների պաշտպանության սահմանադրական իրավունքը՝ ամրագրված Սահմանադրության 34-րդ հոդվածով:

Հաշվի առնելով վերոշարադրյալը և հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի (ը) կետը՝ խնդրում եմ հայտնել, թե արդյոք կառավարությունը տեղյակ է շարադրված փաստերի մասին, եթե այո, ապա ինչ դիրքորոշում ունի նշվածի վերաբերյալ, ինչպես նաև առաջարկում եմ անհապաղ դադարեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և այլ անձանց իրավունքների նմանօրինակ զանգվածային խախտումը:

Տպել
Ամենաշատ