News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Արտակարգ դեպք Արցախի զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ մեկ զոհով եւ մեկ վիրավորով: Հրազենային վիրավորումից մահացել է 20-ամյա ժամկետային զինծառայող Ալբերտ Պոստոլոկյանը: Նա Դիլիջանից էր, ընտանիքի կրտսեր զավակը, բանակ էր զորակոչվել հուլիսին: Նույն զորամասի մեկ այլ շարքային Գառնիկ Տերտերյանը բեկորային վիրավորում է ստացել: Նախնական տվյալներով՝ Ալբերտ Պոստոլոկյանը ծառայողական նպատակով իրեն տրամադրված նռնակը նետել է գետնատնակի մուտքի ուղղությամբ, որի պայթյունից Գառնիկ Տերտերյանը վիրավորվել է: Դրանից հետո Պոստոլոկյանն ինքնասպան է եղել: Վիրավորված Տերտերյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Քրեական գործ է հարուցվել:

Գորիսում ավտովթարի հետեւանքով պաշտպանության նախարարի անվտանգության աշխատակիցներ են զոհվել: Գորիսի «Գոմեր» կոչվող տարածքում պաշտպանության նախարարության համարանիշերով Lexus մակնիշի ավտոմեքենան ձորն է գլորվել: Վարորդն ու ուղեւորը մահացել են: Վթարի է ենթարկվել նախարար Վիգեն Սարգսյանին սպասարկող ավտոմեքենաներից մեկը, իսկ զոհվածներն են պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արմեն Մուսիկյանը եւ անվտանգության աշխատակից, կապիտան Ալեքսան Սիմոնյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եղել է հանրապետության հարավ-արեւելյան զորամասերից մեկում: Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը ծանոթացել է զորամասի մարտական պատրաստականությանը, շփվել զինվորների հետ, շրջայց կատարել շահագործման հանձնված նորակառույց զինավանում, զինվորական ճաշարանում էլ ճաշել զինվորների հետ: Նախագահը նաեւ խրախուսել է ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների: Դրանից հետո Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ԼՂՀ Կենտրոնական շրջանում տեղակայված զորամասերից մեկում մասնակցել են նոր զորանոցի բացման արարողությանը: Իսկ պաշտպանության բանակի շտաբում խորհրդակցության ժամանակ քննարկվել են բանակաշինությանը, բանակը սպառազինությամբ եւ նոր տեխնոլոգիաներով համալրելուն առնչվող հարցեր:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպումը կայացել է Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակում: Կողմերը խոսել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ: Նալբանդյանն ընդգծել է, որ Ադրբեջանը մի քանի ամիս է՝ մերժում է իրականացնել Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ խոչընդոտելով բանակցային գործընթացի առաջ մղման նպատակով պայմանների ստեղծմանը:

Կառավարության անդամներն այսօր հերթական նիստին էին հավաքվել: Նախ՝ վարչապետի հանձնարարականների մասին: Մաքսային ծառայությունը նաեւ տոնական օրերին կաշխատի: Կարեն Կարապետյանն ասել է՝ արդեն ծառայության աշխատանքից դրական արձագանքներ կան. օրինակ՝ 25 օրվա փոխարեն ձեւակերպումները 5 օրում են արել: Տոնական օրերին նաեւ բանկերը պետք է աշխատեն: Կենտրոնական բանկի նախագահին հանձնարարվել է կարգավորել խնդիրը:

Ամանորից առաջ անհիմն թանկացումներ չպետք է լինեն: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահին հանձնարարվել է առավել ուշադիր լինել ապրանքների գների արհեստական բարձրացման եւ հակամրցակցային գործողություների կանխարգելման հարցում: Միաժամանակ, սակայն, չպետք է խախտվեն տնտեսվարողների իրավունքները: Կարեն Կարապետյանն ուզում է հանդիպումների շարքում ընդգրկել նաեւ խոշոր բիզնեսի, ներկրողների, արտահանողների, խոշոր բանկերի ներկայացուցիչներին: Պետք է հասկանալ եւ քննարկել նրանց գործունեության ընթացքում առաջացող խնդիրները:

Նիստի ընթացքում զավեշտալի երկխոսություն է տեղի ունեցել վարչապետի եւ տարածքային կառավարման նախարարի միջեւ: Չնայած նիստից առաջ Կարեն Կարապետյանն ասել էր, որ ժամը 12:00-ին Ազգային ժողովում տեղի է ունենալու բյուջեի նախագծի քվեարկությունը եւ պետք է այսօր առավելագույնս հակիրճ լինել, Դավիթ Լոքյանը սկսել է ամենայն մանրամասնությամբ ներկայացնել կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությունը: Հետո անդրադարձել է, որ երկար է խոսում: «Հիմա շարունակե՞մ, թե՞ չշարունակեմ, պարոն վարչապետ, որովհետեւ երկար է»: Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցին հումորով է մոտեցել. «Դուք հաճույք ինչի՞ց եք ստանում, շարունակելո՞ւց, ուրեմն դա արեք»:

Ազգային ժողովն այսօր ձայների 83 «կողմ», 24 «դեմ» եւ 1 «ձեռնպահ» հարաբերակցությամբ ընդունել է 2017 թվականի պետբյուջեի մասին օրինագծի լրամշակված տարբերակը: Մինչ քվեարկությունը Տիգրան Ուրիխանյանն առաջարկել է «դրայվով» դեմ արտահայտվել բանաձեւին: Դեմ քվեարկելու մասին հայտարարել են ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը:

Իսկ խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր ոստիկանների պաշտպանի դերն էր ստանձնել: «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ Շարմազանովը նախ արձանագրել է, որ 5, 10 տարի առաջվա իրավիճակը համեմատելի չէ ոստիկանության այժմյան աշխատանքի հետ, հետո հայտարարել, որ դեմ է ինքնանպատակ փոփոխություններին: Շարմազանովի համոզմամբ՝ պետք է հրաժարվենք կարծրատիպերից, ոստիկանների հանդեպ վատ վերաբերմունքից: Ասում է՝ երբ տուն գող է մտնում, անմիջապես ոստիկանություն են զանգահարում, երբ ինչ-որ մեկն օգնության կարիք է ունենում, բոլորը հիշում են «1-02» ծառայության մասին, բայց երբ ոստիկանության աշխատանքը գնահատելու պահն է գալիս, բոլորը մոռանում են սրա մասին: Փոխխոսնակն ընդհանրապես այսօր բավական ակտիվ է եղել: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ էլ համայնքի ղեկավարներին ակտիվության կոչ է արել:

Եվ երեկ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի մասին: Հիշեցնենք, որ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հայհոյել եւ հարվածել էր լրագրող Վահե Մակարյանին: Լրագրողական մի շարք կազմակերպություններ այսօր պահանջել են, որ պատգամավորը ներողություն խնդրի լրագրողից: Ռուբեն Հակոբյանը ներողություն է խնդրել, բայց՝ խորհրդարանից, որ «այդ տհաճ միջադեպի պատճառով ոչ դրական գնահատականներ են հնչել խորհրդարանի անվան հետ կապված»:

Հավելենք, որ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանն ավարտվեց. սա խորհրդարանի վերջին քառօրյան էր:

Արարատի Քաղցրաշեն գյուղի խաղողագործները, որոնք մեկ տարի է` չեն կարողանում ստանալ մթերված խաղողի գումարը, այսօր կրկին Կառավարության շենքի առջեւ էին: Գյուղացիները հանդիպում էին պահանջում վարչապետի հետ, բայց նրանց է մոտեցել գյուղատնտեսության փոխնախարարը: Ռոբերտ Մակարյանն ապարդյուն փորձել է քաղցրաշենցիներին համոզել` մինչեւ նոր տարի սպասել, խաղողագործները, սակայն, չեն հանձնվել: Մի պահ իրավիճակն այնքան է լարվել, որ հունից դուրս եկած Մակարյանը սկսել է գոռգոռալ: Գյուղնախարարությունը քաղցրաշենցիներին խոստացել էր գումարը փոխանցել մինչեւ դեկտեմբերի 1-ը, իսկ այժմ հայտարարում է, թե հարկավոր է եւս մի քանի շաբաթ սպասել, քանի որ գնորդը հրաժարվել է կոնյակի հումքից: Քաղցրաշենցիները կարծում են` «Վինար» ընկերությունը, որն իրենց պարտք է, կաշառք է տվել նախարարին: Հակառակն ապացուցելու՝ Մակարյանը փորձերը հաջողությամբ չեն պսակվել:

Դեկտեմբերի 8-ին դոլարը կայուն կերպով շարունակել է աճել, եվրոն կրկին կտրուկ թռիչք է գործել: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 521, ռուբլունը՝ 7 դրամ 62 լումա, ֆունտինը՝ 612 դրամ։

Դեկտեմբերի 9-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի 6-8 աստիճանով: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ