News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սասնա Ծռերի հուլիսյան գործողությունը եւ դրան հաջորդած համաժողովրդական շարժման ալիքը ցույց տվեցին, որ հայությունը դեռեւս կարող է խափանել Արցախը հանձնելու եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը Ռուսաստանին զիջելու դավադիր ծրագիրը: Այս մասին ասված է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի եւ «Սասնա ծռեր» խմբի հայտարարությունում:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Այդ պատճառով Մոսկվան եւ նրա դրածո հայաստանյան գաղութային վարչակազմը ստիպված եղան հաշտվել այդ իրողության հետ եւ առժամանակ կասեցնել իրենց նկրտումները:

Սակայն աշխարհաքաղաքական պայքարի ներուժը արագ տեմպերով կորցնող ռուսական կայսրությունը կարճատեւ դադարից հետո որոշեց անտեսել այդ իրողությունը, ռիսկի դիմել եւ հնարավորինս շուտ ավարտին հասցնել իր ծրագիրը: Այդ նպատակով Մոսկվան եւ հայաստանյան գաղութային վարչակազմը փորձում են արդյունավետ կերպով օգտագործել իրենց համար նպաստավոր ընդմիջումը, որը Հայաստանի ներսում առաջացել է «Սասնա Ծռեր» շարժման առաջին ալիքի մարման, իսկ աշխարհում՝ ԱՄՆ-ի վարչակազմի փոփոխությամբ պայմանավորված նրա արտաքին քաղաքականության պասիվացման բնականոն պատճառներով:

Գաղութային վարչակազմի պարագլուխ Սերժ Սարգսյանն արդեն հասցրել է անձամբ վերահաստատել, որ պատրաստ է հանձնել ազատագրված յոթը շրջանները, իսկ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Վիգեն Սարգսյանին լիազորել է ստորագրելու Հայկական բանակի ռազմավարական կառավարումը մաս առ մաս Ռուսաստանին զիջելու հերթական (առաջինը ՀՕՊ-ի, հիմա արդեն՝ Թուրքիայի եւ Նախիջեւանի ուղղությամբ տեղակայված ցամաքային զորամիավորումների) պայմանագիրը:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ այդ պայմանագիրն ստորագրելու նպատակով Մոսկվա մեկնած Վիգեն Սարգսյանը, ներգրավելով Ռուսաստանում սովորող հայ զինծառայողներին, գաղութատեր-գաղութ արժեհամակարգային ձեւաչափը հաստատող յուրօրինակ ծիսական արարողություն կատարեց ռուսական գաղութատիրության խորհրդանիշ Կարմիր հրապարակում եւ Կրեմլի պատերի տակ: Եվ սա ընդամենը մի դրվագ է այն ծավալվող քարոզչության, որ զանգվածաբար կատարվում է խորհրդային անցյալը փառաբանելու եւ ռուսական գերակայությունը հայերիս համար ընդունելի դարձնելու նկատառումներով:

Փաստորեն՝ գաղութատերը եւ նրա հայաստանյան խամաճիկները մեր ժողովրդին ներշնչում են Արցախը հանձնելու եւ գաղութ դառնալու դատապարտվածության զգացում ու պարտվողական տրամադրություն եւ, զուգահեռաբար՝ գործնական քայլեր են կատարում մեր երկիրը բոլոր կողմերից օդային, իսկ Թուրքիայի եւ Նախիջեւանի կողմից՝ նաեւ ցամաքային հարձակումներից պաշտպանելու, ինչպես նաեւ հարկ եղած դեպքում Նախիջեւանի ուղղությամբ հակահարձակվելու ինքնուրույն հնարավորություններից Հայկական բանակին զրկելու համար:

Այս ամենը նպատակ ունի երաշխավորելու մեր պարտությունը եւ ռուսաստանահպատակ վարքը առաջիկա հավանական պատերազմում, ինչպես նաեւ բացառելու Նախիջեւանի նկատմամբ հայկական վերահսկողություն հաստատելու եւ Կուր-Արաքսյան միջակայքում Հայկական նոր Հանրապետությունը հաստատելով գործոն դառնալու հեռանկարը, որը շուտով բացվելու է մեր տարածաշրջանի անվտանգային ճարտարապետության փոփոխության շնորհիվ:

Մեզ համար գոյութենական սպառնալիքներ կարող են ստեղծել նաեւ այս ծրագրի ածանցյալ հետեւանքները:

Կորցնելով Արցախը (դրա պատճառով նաեւ՝ մեզ համար կենսական նշանակություն ունեցող հայ-իրանական սահմանի մեծ մասը) եւ պետական ու ռազմական ինքնուրույնությունը եւ դառնալով Ռուսաստանի կցորդ, մենք կորցնելու ենք նաեւ գործընկեր լինելու եւ այլընտրանք ունենալու հույսն ու հեռանկարը, դառնալու ենք թիրախ Ռուսաստանի հակառակորդների համար, ինչի հետեւանքով տարածաշրջանային դերակատարների, առաջին հերթին՝ նույն Ռուսաստանի եւ Թուրքիայի համար վերածվելու ենք մեր հաշվին դաշինքներ կազմելու եւ առեւտուր անելու հնարավորությունների եւ հավանականությունների ասպարեզի:

Մասնավորապես, Ռուսաստանը կարող է Հայկական բանակի ՀՕՊ-ի եւ նշված զորամիավորումների նկատմամբ ռազմավարական կառավարման լծակներն օգտագործել Թուրքիայի հետ իր պարբերական սիրախաղերին գրեթե նույնքան պարբերաբար հաջորդող հակամարտությունների մեջ մեզ ներքաշելու եւ, ինչպես միշտ՝ մեր տարածքի վրա ու մեր հաշվին նրա հետ նորից սիրախաղի մեջ մտնելու նպատակով: Իր հերթին՝ Թուրքիան կարող է օգտվել առիթից եւ հնարավորություն ստանալ միջամտելու հայ-ադրբեջանական հավանական պատերազմին:

Երկարաժամկետ հեռանկարի առումով ակնհայտ է, որ Ռուսաստանը հեռանալու է Հարավային Կովկասից, սակայն մինչ այդ դեռ շատ ջրեր են հոսելու, որոնք կարող են ավելի աղետալի լինել մեզ համար, քան եղավ հարյուր տարի առաջ:

Այս անգամ եւս թուլանալու պատճառով ռուսական կայսրությունը վտանգավոր ու անկանխատեսելի է դառնում: Սակայն նա ոչինչ չի կարող անել առանց գաղութային վարչակազմի, այդ պատճառով պետք է նրա՛ն դարձնել պայքարի թիրախ: Եթե մենք չկանգնեցնենք Սերժ Սարգսյանին ու նրա գլխավորած ազգային դավաճանների խմբին, նրանք իրենց կամքով կանգ չեն առնելու եւ կարող են մեզ համար ցեղասպանության կրկնության ու իսպառ հայրենազրկման սպառնալիք ստեղծել:

Սասնա Ծռեր շարժման առաջին ալիքը խորքերն է գնացել ու թափ է հավաքում եւ նրա երկրորդ ու վճռական ալիքը դեռ առջեւում է:

Սակայն ժամանակը սուղ է եւ օրհասական, ինչը պահանջում է այսօր իսկ շարունակել դիմադրությունը եւ ամեն գնով ու ձեւով հակաքայլեր կատարել: Այս հրամայականը պետք է նկատի ունենան առաջամարտիկները եւ ըստ այդմ գործեն:

Իսկ մեր ժողովրդին ու զինվորականությանը կոչ ենք անում պահպանել ոգու կորովը, չմոլորվել նույն դավադիր ծրագրի մաս կազմող «ընտրություններով», նորանոր Սասնա Ծռեր ծնել, բոլոր հնարավոր ձեւերով մասնակցել ազատագրական պայքարին ու սնուցել Շարժման երկրորդ ալիքին եւ, երբ պահը գա, հուժկու ընդվզմամբ կանխել աղետը ու սկիզբ դնել ազգային-պետական վերածննդին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է. Արմեն Խաչատրյան
Այսինքն վերականգնվում են Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած սահմանները...
Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
Այս պնդումը հիմնված է այն գաղափարի վրա, որ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է պահպանել և փոխանցել քաղաքական...
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Նիկոլ Փաշինյանն անցել է բացարձակ պետական ահաբեկչության․․․
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
Այսպես, իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է դարձնում լրագրողական հետաքննությունների...
Ամենաշատ