News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում ստեղծվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք: Այս մասին, Փարիզում «Բաց կառավարման գործընկերության» (ԲԿԳ) համաշխարհային գագաթնաժողովի ժամանակ նշել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառման ընթացքում Սուրեն Քրմոյանը ներկայացրել է մի շարք հարցեր, որոնք վերաբերել են ՀՀ կառավարության լավագույն փորձին՝ ուղղված քաղաքացիների եւ քաղաքացիական հասարակության համար կառավարումն առավել թափանցիկ դարձնելուն, մասնակցային կառավարման համակարգ ներդնելու ուղղությամբ ձեռնարկված եւ մոտ ապագայում սպասվելիք քայլերին:

Նախարարի տեղակալը  ներկայացրել  է նաեւ ԲԿԳ-ի շրջանակում մշակված նախարարներին կից Հանրային խորհուրդների եւ քաղաքացիական հասարակության հետ համատեղ իրականացվող ծրագրերն ու էլեկտրոնային կառավարման ոլորտում գրանցված հաջողությունները:

Համաշխարհային գագաթնաժողովի ընթացքում Սուրեն Քրմոյանը նշել է, որ ՀՀ-ում ստեղծվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք (www.e-draft.am): Այն  ապահովում է գերատեսչությունների կողմից իրավական ակտերի նախագծերը հանրությանը ներկայացնելու, առցանց տարբերակով հանրային քննարկումներ կազմակերպելու հնարավորությունը՝ երաշխավորելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը իրականացվող օրինաստեղծ աշխատանքներին:

Կայքը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ տեղադրված նախագծերին, որոնել նախագծեր, հետեւել դրանց հետագա ընթացքին, ծանոթանալ ներկայացված առաջարկություններին,  իսկ կայքում գրանցվելու դեպքում նաեւ ներկայացնել առաջարկություններ, ծանոթանալ նախագծերի վերաբերյալ առաջարկությունների ամփոփաթերթին, ընդունված առաջարկություններին կամ դրանք չընդունելու հիմնավորումներին:  

ԲԿԳ-ն մեկնարկել է դեռեւս 2011 թվականին եւ համախմբում է 70 մասնակից երկրների կառավարության, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, նպաստում  վերջիններիս մասնակցության միջոցով բաց եւ թափանցիկ կառավարման սկզբունքների խթանմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաեւ նոր տեխնոլոգիաների միջոցով ժողովրդավարության ոլորտում առաջընթացի գրանցմանը:

Տպել
Ամենաշատ