News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանը կարող է հպարտանալ իր քաղաքացիական հասարակությամբ, ինչը բացակայում է հարեւան երկրներից շատերում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ (դեկտեմբերի 10) իր հայտարարությունում նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Նա, մասնավորապես, նշել է.

«1948թ. այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց Մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագիրը՝ շրջադարձային փաստաթուղթ, որտեղ առաջին անգամ առանձնացվեցին մարդու հիմնարար իրավունքները, որոնք պետք է պաշտպանվեն բոլոր երկրներում, բոլոր պետությունների կողմից: Չնայած հռչակագրի ստորագրմանը հաջորդած 68 տարիների ընթացքում արձանագրված հսկայական առաջընթացին, դեռեւս շատ անելիք կա, քանի որ աշխարհի շատ քաղաքացիների դեռեւս մերժվում են այն հիմնարար ազատությունները, որ առաջ են քաշված այս ոգեշնչող փաստաթղթում: Հռչակագրում առաջ քաշված իրավունքների ու ազատությունների համընդհանուր ճանաչումն ու կիրառումը Միացյալ Նահանգների համար շարունակում է մնալ որպես մի նպատակ, որի ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում ամեն օր: Ամեն տարի, դեկտեմբերի 10-ին, տոնելով Մարդու իրավունքների միջազգային օրը, միջազգային հանրությունը հնարավորություն է ունենում լրջորեն ու ազնվորեն դիտարկել առաջընթացն ու առկա մարտահրավերները, վերահաստատել հասարակության  բոլոր անդամների համար հավասար անօտարելի իրավունքների պաշտպանության հանձնառությունը եւ կրկնապատկել ջանքերն ուղղված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով նախատեսված  առավել կատարյալ աշխարհի կայացմանը, որտեղ ցանկացած բանական էակ ապրում է ազատ ու արժանապատիվ կերպով:

Մարդու իրավունքների խթանումը ԱՄՆ կառավարության արտաքին քաղաքականության առանցքային տարրերից է, եւ մենք ամեն օր աշխատում ենք առաջ մղել հիմնարար իրավունքներն ու ազատությունները բոլորի համար: Ամեն տեղ մենք այդ նպատակին միտված քաղաքացիների, ակտիվիստների, պետությունների կողքին ենք: Մենք նաեւ դիտարկում ենք մարդու իրավունքներին ուղղված գործելակերպերն ամբողջ աշխարհում, եւ ԱՄՆ պետքարտուղարությունը ՝ ԱՄՆ  կոնգրեսի պահանջով, ամեն տարի պատրաստում է զեկույց ՄԱԿ-ի անդամ եւ ԱՄՆ աջակցություն ստացող երկրներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ:

Այսօր, երբ մենք նշում ենք Մարդու իրավունքների միջազգային օրը, կուզենայի անդրադարձ կատարել մարդու իրավունքների իրավիճակին Հայաստանում: Նախ, ուզում եմ գովեստով արտահայտվել այս հարցում Հայաստանի կառավարության ունեցած առաջընթացի մասին: Հայաստանը կարող է հպարտանալ իր ակտիվ քաղաքացիական հասարակությամբ, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում. սա կայացած իրողություն է Հայաստանում, ինչը, ցավոք, բացակայում է Հայաստանի հարեւան երկրներից շատերում: Ես ուզում եմ առանձնակի ողջունել Հայաստանի կառավարության ու քաղաքացիական հասարակության միջեւ համագործակցության մեծացումը: Օրինակ՝ Պաշտպանության նախարարության նորաստեղծ Մարդու իրավունքների ու բարեվարքության կենտրոնը քաղաքացիական հասարակությանը ներգրավել է զինված ուժերում մարդու իրավունքների, էթիկայի, բարեվարքության ու կոռուպցիայի դեմ  պայքարին միտված աշխատանքներում:

Քննչական կոմիտեն ընտանեկան բռնությանն ուղղված հարցերում համագործակցում է հասարակական կազմակերպությունների հետ եւ իրականացրել է լուրջ ներքին ուսումնասիրություն, որի միջոցով ապահովվում են ընտանեկան բռնության դեպքերի ու իրավապահների կողմից այդ գործերի վարման վերաբերյալ անչափ անհրաժեշտ տվյալները:

Երրորդն ուզում եմ նշել այն անգնահատելի  աշխատանքը, որ կատարում է  Մարդկանց թրաֆիքինգի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը, որը թրաֆիկինգի կրճատման նպատակով հաջողությամբ մեկտեղում է քաղաքացիական հասարակության, կառավարության ու  իրավապահ կառույցների ջանքերը: Այս ջանքերն ուղղակիորեն հագեցրել են նրան, որ ԱՄՆ պետքարտուղարության ամենամյա գնահատումներում Հայաստանն արդեն 4 տարի անընդմեջ տեղ է գտնում 1-ին խմբի երկրների շարքում, ինչն ուշագրավ ձեռքբերում է:

Որպես Հայաստանի բարեկամ կուզենայի խրախուսել Հայաստանի կառավարությանը կրկնապատկել ջանքերը մարդու իրավունքներին առնչվող այն հարցերում, որոնք շարունակում են խորապես մտահոգել տարբեր մարդկանց Հայաստանում (ում հետ ես առիթ եմ ունենում խոսել), իրավապաշտպան կազմակերպություններին եւ ԱՄՆ կառավարությանը եւ որոնք մանրամասնորեն ներկայացվում են Մարդու իրավունքների մասին մեր ամենամյա զեկույցի հայաստանյան բաժնում: Այստեղ ես կուզենայի հատկապես առանձնացնել մեր մտահոգությունները Հայաստանի իրավական համակարգում նախնական կալանքի կիրառման ու ընտանեկան բռնության դեմ պայքարի մասով:

Նախնական կալանք. Իրավունքի գերակայության ու դատաիրավական համակարգի ամրապնդման հարցում անկախացումից ի վեր Հայաստանը նշանակալի քայլեր է ձեռնարկել, սակայն նախնական կալանքի կիրառման հարցը շարունակում է մնալ մտահոգիչ: Դատաիրավական գործընթացում նախնական կալանքը կարեւոր նշանակություն ունի, բայց ժողովրդավարական հասարակարգում այն պետք է ավելի շատ կիրառվի որպես բացառություն եւ ոչ որպես կանոն եւ միայն որպես ծայրահեղ միջոց այն դեպքերում, երբ կիրառելի կամ նպատակահարմար չեն խափանման մյուս այլընտրանքները, որոնք կկանխեն մեղադրյալի փախուստը, վերջինս կողմից այլոց վնաս պատճառելը եւ քննության ընթացքին խոչընդոտելը: Նախնական կալանքը չպետք է կիրառվի որպես պատժիչ գործիք, որով քաղաքացիներին թույլ չի տրվի իրացնել խոսքի ու հավաքների իրենց ազատությունը:

Նախնական կալանքի մասին ցանկացած որոշում պետք է լինի ամբողջովին թափանցիկ, եւ բոլոր որոշումները պետք է ամուր իրավական հիմնավորումներ ունենան, ինչպես պահանջվում է միջազգային չափանիշներով, եւ դա հատկապես կարեւորվում է քաղաքական առումով զգայուն գործերի դեպքում կամ այն ժամանակ, երբ կալանքի մասին որոշմամբ երկար ժամկետով անազատության մեջ են հայտնվում կառավարության ընդդիմադիրները կամ քաղաքացիական ակտիվիստները: Կալանքի բոլոր դեպքերում կառավարությունը պարտավոր է հոգ տանել այդ անձանց մարդու իրավունքների պաշտպանության համար: Այն պարագայում, երբ նախնական կալանքի կիրառումն արդարացված է, մենք իշխանությունների ուշադրությունը կուզեինք հրավիրել մարդասիրական հետեւանքներին եւ ընտանիքի անդամների ու փաստաբանների հետ ստանդարտ ընթացակարգային պահանջների հիման վրա տեսակցություն պահանջելու ու ստանալու իրավունքի երաշխավորմանը:

• Ընտանեկան բռնություն. 16-օրյա ակտիվության ամենամյա արշավը, որն ավարտվում է այսօր, ակնառու հիշեցում է ընտանեկան բռնության դեմ պայքարի ասպարեզում առկա անելիքների վերաբերյալ: Ուզում եմ գովեստով արտահայտվել այս ուղղությամբ Քննչական կոմիտեի իրականացրած մեծ աշխատանքի վերաբերյալ, սակայն անելիք դեռեւս շատ կա՝ ողջ հասարակության կողմից: Կանանց դեմ ուղղված ամուսնական ոտնձգությունների ու բռնությունների մասին դեպքերով հաղորդումներ ոչ միշտ են ներկայացվում՝ պայմանավորված հավելյալ վնաս հասցնելու, բարի անունը արատավորելու, «տուժողին մեղավոր համարելու» վախով, իսկ որոշ դեպքերում նաեւ ոստիկանության կողմից քայլեր ձեռնարկելու դժկամության կամ այդ հարցում բավարար պատրաստվածություն չունենալու պատճառով: Պետական կառույցները, իրավապահ մարմինները եւ քաղաքացիական հասարակությունը պետք է համագործակցեն՝ կոտրելու կարծրատիպերը ու առաջընթաց ապահովելու այնպիսի օրենսդրության ձեւավորման հարցում, որը լիարժեք պաշտպանություն է ապահովում Հայաստանի տղամարդկանց, կանանց եւ երեխաների համար:

Մարդու իրավունքների  միջազգային օրն այն պահն է, երբ պետք է անդրադարձ կատարել այն  ձեռքերումներին , որոնցով ամրապնդվել է հարգանքը մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ Հայաստանում, Միացյալ Նահանգներում եւ աշխարհում այլուր: Սա նաեւ այն պահն է, երբ պետությունները եւ անհատները պետք է վերահաստատեն իրենց հանձնառությունը երկրում երաշխավորելու մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքը եւ ընդունեն, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի կենսագործման ճանապարհին դեռ անելիքներ կան, լինի դա Հայաստանում, թե Միացյալ Նահանգներում: ԱՄՆ դեսպանությունը կշարունակի աշխատել հայաստանյան իր գործընկերների, քաղաքացիական հասարակության ու կառավարության հետ Մարդու իրավունքների  մասին մեր ամենամյա զեկույցում ներկայացված մտահոգիչ հարցերի շուրջ՝ ամրապնդելու մարդու իրավունքների պաշտպանությունն ու ժողովրդավարական արժեքները, որոնց հետամուտ են մեր երկու հզոր երկրները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
ՄԻՊ-ը Թոդ Էդինսին է ներկայացրել բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվորեն...
Ամենաշատ