News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մոսկովյան շապիտո կրկեսը Երեւանում կմնա մինչեւ Երեւանի պետական կրկեսի շենքի կառուցումը, որը նախատեսված է ավարտել մինչեւ հաջորդ տարեվերջ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է պետական կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը։

Նրա խոսքով, մոսկովյան շապիտո կրկեսի հյուրախաղերը նվիրված են լինելու հայկական կրկեսային կոլեկտիվի ստեղծման 60-ամյակին. կրկեսային հարթակը տեղադրված է լինելու Կոմիտասի այգու հարեւանությամբ՝ նախկին դելֆինարիումի տեղում։

«Մեր ժողովուրդը կրկես շատ է սիրում ու հենց այդ պատճառով որոշեցինք այստեղ հրավիրել մոսկովյան կրկեսը։ Մեր մեծ անակնկալներից է աշխարհահռչակ ծաղրածու Չառլին՝ Գագիկ Ավետիսյանը, որը ելույթներ է ունենում եվրոպական բազում կրկեսներում եւ համաձայնել է գալ եւ իր հայրենակիցներին նույնպես ուրախացնել ելույթներով»,– ասաց Սոս Պետրոսյանը։

Հարցին՝ ինչո՞վ են զբաղվում հայ կրկեսային արտիստները, մինչ կրկեսը կառուցվում է, Սոս Սարգսյանը պատասխանեց, որ նրանք մարզվում են կրկեսի անավարտ շենքի մոտ գտնվող Լ. Ենգիբարյանի անվան ստուդիայում, եւ որ այսօր չկա մի արտիստ, որը որեւէ կրկեսում ելույթ չի ունենում, բոլորը անխտիր աշխատում են։

 Չառլին վերջին անգամ Երեւան է եկել 1995 թվականին՝ որպես Սոս Պետրոսյանի աշակերտ, իսկ այժմ՝ որպես հյուր. «Ես հայ եմ՝ Մոսկվայի գրանցումով, որը աշխատում է Գերմանիայում։ Ես հրաժարվել եմ չորս պայմանագրից, գերմանական կրկեսների հրավերներից, իրենց ամանորյա ծրագրերի համար, եւ ես նորից Հայաստանում եմ։ Երբ ստացա առաջարկը Սոս Պետրոսյանի եւ Վալերի Բերոյեւի կողմից, առանց մտածելու համաձայնեցի»,– ասաց Գագիկ Ավետիսյանը։

Կրկեսը իր ամանորյա ծրագրով կներկայանա ամեն օր՝ հունվարի 3– ից մինչեւ հունվարի 15–ը։

Տպել
Ամենաշատ