News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը մեկնաբանել է քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Ա.Ա.-ի կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալման փաստը:

Տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Ինչպես տեղեկանում ենք քաղաքապետարանի պաշտոնական կայքից՝ Տարոն Մարգարյանը ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել նշված վարչության աշխատակիցների հետ, իր դժգոհությունը հայտնել աշխատանքների կազմակերպման եւ պարտականությունների կատարման հարցում առկա թերացումների վերաբերյալ եւ վարչության աշխատանքը համարել անբավարար:

«Այս տարվա ընթացքում 15 աշխատակիցներ արդեն հեռացվել են աշխատանքից, քանի որ չարաշահել էին մեր եւ մեր համաքաղաքացիների վստահությունը: Սահմանված սկզբունքները խախտողները միանշանակ պե՛տք է ազատվեն աշխատանքից, այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել: Բայց միայն աշխատանքից ազատումը խնդրի լուծում չէ: Մշակեք վերահսկողության կանխարգելիչ այնպիսի մեխանիզմներ, որոնք առավելագույնս կբացառեն կոռուպցիոն բոլոր ռիսկերը: Կարճ ժամանակահատվածում ակնկալում եմ այնպիսի արդյունքներ, որոնք արմատապես կլուծեն ոլորտում առկա խնդիրները»,- ասել է քաղաքապետը:

Սա, մեղմ ասած, բարի ցանկությունների էջից է: Իսկ ո՞վ է պատասխան տալու երեւանցիների մեջ արմատացած այն անվստահությանը, երբ բոլորն ասում են, որ քաղաքապետարանը դարձել է կոռումպացված մի կուռ համակարգ, որտեղ գործում է «Մեր դեմ խաղ չկա» սկզբունքը: Ձերբակալված բաժնի պետն ընդամենը քավության նոխազ է, եւ նրա ձերբակալմամբ հարց չի լուծվի. ինչպես ասում է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը՝ «Ձուկը գլխից է հոտած»: Դրա խոսուն վկան է այն, որ «Բարեւ Երեւան» խմբակցության անդամները գործի բերումով բազմիցս դիմել են տվյալ վարչության աշխատակիցներին եւ ստացել հետեւյալ պատասխանը. «Թող ինձ վերեւներից հրահանգ տան, անեմ»: Այնպես որ, փաստը մնում է փաստ՝ կոռումպացվածներին եւ համաքաղաքացիների վստահությունը չարաշահողներին մատնացույց անող սլաքն այնքան էլ ճիշտ ուղղության վրա չէ»:

Տպել
Ամենաշատ