News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել վերևից, կաշառք վերցնողը պետք է վախենա պատժից, իսկ հասարակությունն էլ, իր հերթին, հոգեբանորեն պետք է ճնշի կոռուպցիայի դիմած պաշտոնյային: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:

Հոգեբանի կարծիքով՝ կոռուպցիան շատ դեպքերում իսկապես բարոյական, հոգեբանական հիմքեր ունի: Այս տեսանկյունից հոգեբանության մեջ առանձնացնում են մի քանի հասկացություն, որոնք բնութագրում են կոռուպցիան հոգեբանական տեսանկյունից. կոռումպագեն հասարակություն, որը պատրաստականություն է ձևավորում կոռուպցիան տալու և վերցնելու համար (այս հասարակությունում կոռուպցիան չի դիտվում որպես սարսափելի բան), կոռումպագեն կառավարման համակարգ, որը նպաստավոր պայմաններ է ստեղծում կոռուպցիայի համար (օրինակ՝ մեղմ օրենսդրական համակարգ և այլն), կոռումպագեն անձ, որը պատրաստ է կաշառք վերցնելու և տալու:

Ըստ հոգեբանի՝ մեր հասարակությունը կոռումպագեն հասարակություն է։

«Ընդհանրապես, բոլոր ավտորիտար հասարակություններն ունեն կոռուպցիոն ռիսկեր: Մեր հասարակությունում գոյություն ունի «քյալամ պաշտոն» հասկացությունը, որը ստանալու համար պետք է կաշառք տալ»,– ասաց նա։

Հոգեբանի խոսքով՝ այս համատեքստում կոռուպցիան Հայաստանում շատ դեպքերում համարվում է ներդրում. «Պաշտոնյան կաշառք է տալիս, նստում է պաշտոնի, սկսում է հետ բերել փողերը»։

Հոգեբանը մտավախություն է հայտնում նաև, որ պաշտոնյաները կաշառք վերցնելով և չպատժվելով վատ օրինակ են ծառայում հասարակությանը։ Երբ պատժողն ինքն է կաշառք վերցնում, չի կարող արգելել մյուսներին. «Գողը ո՞նց կարա գողին ասի՝ դու գող ես, չի էլ կարա ասի՝ արի ստեղից խաղի կանոնները փոխենք, կասեն՝ դու հարստացար, մենք չէ՞»:

Խուդոյանի խոսքով՝ կոռուպցիան բացահայտելու դեպքում պաշտոնյան ոչ միայն պետք է դատապարտվի, այլ նաև պետք է զրկվի հետագայում որեւէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ «Պայմանական են տալիս ու նշանակում նույն պաշտոնին, էդ մարդը նորմալ երկրում ընդհանրապես ղեկավար պաշտոն պիտի չունենա»։

Կոռուպցիայի խնդիրը վերևից չլուծելու դեպքում այլընտրանք կարող են լինել ներքևից շատ ուժեղ ճնշումները, որտեղ մեծ դեր ունեն հասարակական կազմակերպությունները, լրատվամիջոցները, միջազգային հանրության միջամտությունը:

«Պաշտոնյաները շատ են վախենում, որ ինֆորմացիան իրենց մասին հասանելի կդառնա, «Ֆեյսբուքը» քիչ բան չի անում, բացեիբաց մարդուն ասում են՝ դու կաշառք ես վերցնում»,- ասաց հոգեբանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ