News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Սփյուռքահայ գործիչների «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության մասին, Հայաստանի ներքաղաքական կյանքի սփյուռքի նախարարության մասնակցության մասին NEWS.am–ը զրուցել է կանադահայ դերասանուհու, ռեժիսոր Արսինե Խանջյանի հետ։

Արսինե, ՀՀ ոստիկանության աշխատակիցները հուլիսի 27-ին Խորենացի փողոցից անհեթեթ և ապօրինի հիմնավորմամբ Ձեզ բերման ենթարկեցին: Այդ դեպքից հետո Դուք առավել հաճախ սկսեցիք հրապարակային ներկայանալ ԶԼՄ-ների առջև՝ բարձրաձայնելով իշխանությունների կողմից իրականացվող ապօրինությունների, Հայաստանին և հայ ժողովրդին սպասվող վտանգների և, առհասարակ, այն անարդար վիճակի մասին, որում գտնվում է Հայաստանում ապրող քաղաքացին: Արդյո՞ք հենց այս դեպքն էր որ Ձեզ դրդեց ավելի ակտիվ ներգրավվել Հայաստանի ներքաղաքական իրականությանը: Ի՞նչ պատկերացում ունեիք Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին նախկինում և հուլիսի 27-ից հետո։

Նախ ասեմ, որ այն, ինչ պատահեց հուլիսին, ոչ միայն իմ, այլև ամբողջ հայ ժողովրդի համար առանձնահատուկ դժվար շրջան էր: Ես նաև տեղյակ եմ եղել, որ նախկինում նույնպես եղել են դժվար շրջաններ Հայաստանում, բայց կարծում եմ, որ հատկապես հուլիսն առանձնահատուկ կարևոր անցման ժամանակաշրջան էր: Որքանով էի տեղյակ Հայաստանում տիրող իրավիճակին, ասեմ, որ ինձ համար միշտ հստակ էր, որ Հայաստանում տարիներ շարունակ անկախությունից ի վեր առկա են լուրջ ներքին խնդիրներ՝ կապված կոռուպցիայի, ընտրությունների, ապօրինությունների հետ: Այդ ամենի մասին մենք սփյուռքում տարիներ շարունակ տեղյակ եղել ենք: Բոլորս էլ միշտ կարծել ենք, որ Հայաստանին ժամանակ է պետք, որպեսզի ինքն իրեն գտնի, նոր պետությանը, նոր իշխանությանը պետք է հնարավորություն տալ ձևավորվելու, սակայն 25 տարվա ընթացքում, ցավոք, այդ ձևավորումները տեղի ունեցան ոչ լավագույն պայմաններում և շատ անգամ չարաշահվեց այն կարծիքը, որ Հայաստանի նկատմամբ այնքան շատ են ճնշումները դրսից, հատկապես հարևան երկրներից, որ այս դասավորումները որոշ չափով հնարավոր է, որ ճիշտ լինեն Հայաստանի համար: Մեզ համար սփյուռքում երազ էր, երբ Հայաստանը անկախացավ, որովհետև Հայաստանը մեզ համար ազգի պատկանելություն է նշանակում: Մեր սփյուռքի հաստատությունները, որոնք ձևավորվեցին Ցեղասպանության հետեւանքով և գոյություն ունեն 1918-ից ի վեր ամբողջ աշխարհում, այն, որ մենք այնտեղ ենք ապրում, այդ ամենը մեր որոշած պայմաններով չէր։ Մենք միշտ կարծել ենք, որ այն օրը, երբ Հայաստանն անկախանա, այդ պետությունը նաև կներկայացնի մեր ազգին, այսինքն` մեզ, որովհետև մենք քաղաքացի չենք, բայց ազգի մաս ենք կազմում որպես հայ:

Հուլիսի դեպքերն առավել բարդացրին վիճակը, և ես հասկացա, որ դիրքորոշում է պետք, որովհետև նաև ապրիլյան զոհերը, որ նահատակվեցին այդ պատերազմի և բանակային ահավոր պայմաններում, զոհվեցին ոչ թե բնական պայմաններում, այլ հենց ապրիլի դեպքերը այն ճիշտ պատերազմական պայմանները չէին, որ մենք պետք է այդքան զոհ տայինք: Այդ զոհերն անտեղի զոհեր էին: Այս երկու դեպքերի պատճառով էր, որ ինձ համար հստակ դարձավ, որ ես պարտականություն ունեմ, որպես սփյուռքի անդամ, որ գոնե արձագանքեմ և հասկանամ, թե ինչ է վիճակում է գտնվում Հայաստանն իրականում: Եվ այդ ժամանակ արդեն հստակ դարձավ, որ սա ընդամենը հետևելու հարց չէ, այլև մասնակցելու հարց է: Ես ՀՀ քաղաքացի չեմ, բայց կարծեցի, որ դա իմ իրավունքն է, որպես հայ, և ինձ համար Հայաստանը ամենակարևոր տեղն է: Ես իմ կյանքի ընթացքում տարբեր երկրներում գործունեություն եմ ծավալել, բայց որպես հայ Հայաստանը ինձ համար առաջնային մտահոգությունն է այս շրջանում:

Հուլիսյան դեպքերից ամիսներ անց Դուք մի խումբ հայտնի սփյուռքահայ մտավորականներով հանդես եք գալու «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությամբ, որի շրջանակում պատրաստվում եք ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին հանդես գալ դիտորդական առաքելությամբ: Ինչպես արդեն նշեցիք, լինելով սփյուռքում, Դուք էլ էիք տեղյակ, որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են, և անկախ տարբեր դիտորդական առաքելության փորձերից՝ իրավիճակը Հայաստանում չի փոխվել: Ինչու՞ ընտրեցիք հենց այս ճանապարհը Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին նպաստելու համար:

Կարծում եմ՝ դա ամենաճիշտ քայլն էր, որով կարող էինք բերել մեր սփյուռքի օժանդակությունը: Իմ և շատ սփյուռքահայերի դիրքորոշումը այս պահին Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների նկատմամբ սադրանքի հարց չէ: Բնավ չենք ցանկանում արդեն բարդ մթնոլորտը ավելի բարդացնել: Հստակ է, որ Հայաստանում ժողովրդավարության հարցը, մեծ խնդիր է: Պետությունը և իշխանությունը իրար խառնված մի ոլորտ են, և ժողովրդավարությունը ողջ պատմության ընթացքում բացակայել է Հայաստանում: Ժողովրդավարության առաջին պայմանը քվեարկությունն է. այսինքն՝ եթե քաղաքացին ունի ազատ քվեի իրավունք, մասնակցելու կարողություն ու իր հստակ դիրքորոշումն ունի  ցանկացած կուսակցության վերաբերյալ։ Այժմ Հայաստանում իշխանության և ժողովրդի միջև կապ չկա, և այս հարցը շատ բարդ հարց է: Սփյուռքը մասնակցություն չունի այդ գործընթացներին, չնայած որ կա սփյուռքի նախարարություն, որը ճիշտ ձևով չկարողացավ մշակել սփյուռքի և Հայաստանի լուրջ մասնակցային հարաբերությունը: Իշխանությունները նույնպես նույն դիրքը բռնեցին սփյուռքի հանդեպ, որը միայն սահմանափակվեց սփյուռքից նյութական օժանդակությամբ, կամ խմբերով, որոնք եկան սփյուռքից մասնակցելու Արցախի առաջին պատերազմին: Այս հարցերից զատ, մեզ առիթ չի տրվել մասնակցելու և այժմ էլ, կրկնում եմ, իշխանությունները չուզեցին ընդունել սփյուռքին որպես մասնակից դեռ անկախության առաջին օրերին, որ միասին ձևավորենք երկիրը, որը հնարավորություն էր, որ տեղի չունեցավ, սփյուռքը քաշվեց մի կողմ, որովհետև ինքը հասկացավ, որ կարևորը Հայաստանի պետությունն է, և այս երկու տարբերակներում հարաբերությունը սփյուռքի հետ տեղի չունեցավ: Օժանդակությունը ուղարկվեց, և համաձայն եմ, որ դեռ էլի կուղարկվի, եթե ճիշտ օգտագործվի, բայց մի բան, որ կարող է անել սփյուռքը այս պահին, կապն է, որ ուզում ենք հաստատել Հայաստանի հետ՝ թիկունք կանգնելով ժողովրդին: Ժողովրդի թիկունք լինել չի նշանակում պետության կամ իշխանության դեմ աշխատել: Այս հստակ գաղափարը իմ մեջ հասունացել է, որ եթե ժողովուրդն իր ազատ կամքով, իր ինքնավստահությամբ չկարողանա մասնակից դառնալ երկրի բարեկարգմանը, այդ երկիրը իմաստ չունի: Երկիրը դա միայն հողը չէ և առանց իր ժողովրդի ոչինչ է: Անկախությունից ի վեր Հայաստանում հայության թիվը ավելի պակասեց մեծանալու փոխարեն: Սա նորմալ չէ: Պետք է անդրադառնանք այն պատճառներին, որոնք ստիպեցին Հայաստանի բնակչությունը կիսով չափ պակասել: Հստակ է, որ այսօրվա նոր սփյուռքը հետաքրքրություն չունի. ինչու՞, դա ինձ համար մեծ հարց է, որովհետև իրենք իրենց քաղաքացիական իրավունքը չունեն, որ քվեարկեն: Ոստիկանության այդ կեցվածքը հուլիս ամսին ցույց տվեց, որ Հայաստանը ոստիկանական պետություն է, դրան այլ բացատրություն չկա: Այս կեցվածքը անընդունելի է՝ կաշառքները, որ անում են ընտրություններին և դրանից առաջ,  հասցնել քաղաքացուն այն վիճակին, որ նա մտածի, թե չի կարող բան փոխել և վերցնի այդ 10.000 դրամը՝ չմտածելով, որ այդ 10.000-ը, որն իր կյանքը մեկ երկու օր է մի քիչ դյուրացնելու, մնացած 4 տարիներին բարդացնելու է ոչ միայն իր, այլև իր զավակի, թոռան կյանքը: Կան ընտանիքների, որտեղ հայրերը մեկնել են այլ երկրներ ընտանիքը պահելու համար, և իրենց զավակներին չեն տեսնում, որ վայելեն իրենց ընտանեկան կյանքը, կան մայրեր, որ մեկնել են աշխատելու, որ նյութապես ապահովեն իրենց ընտանիքները… սա իսկապես ընդունելի վիճակ չէ: Եթե չհասկանանք, որ ունենք սփյուռք, որը կարող է մասնակցել և փոխել իրավիճակը, եթե այս հարաբերությունը չմշակվի, դժբախտաբար ժողովուրդը կկորցնի իր հնարավորությունը:

Վերջին բոլոր ընտրություններից հետո ընդդիոմությունն իշխանությանը մեղադրել է ընտրություններ կեղծելու մեջ՝ չնայած բոլոր ընտրություններին էլ դիտորդական մեծ թվով առաքելություններ են մասնակցել։ Մտավախություն չունե՞ք, որ Ձեր առաքելությունն էլ չի կարող արդյունավետ լինել։

Դիտորդները, որ պետք է մասնակցեն, պետք է ճիշտ պատրաստվեն այդ ուղղությամբ և այդ դիտորդները լինելու են ծագումով հայ, որպեսզի առավել մոտիվացված լինեն:Չնայած վստահ եմ, որ փորձեր լինելու են խախտելու այդ դիտորդական գործընթացը, բայց ասեմ՝ ինչին եմ հավատում: Եթե այդ փորձերը շարունակվեն, ապա մեկ բան հստակ կլինի, որ այս երկրի ձևավորումը ճիշտ այն է, ինչ մենք չենք կարող ընդունել: Անելով առաջին քայլը՝ մենք հնարավորություն կունենանք հասկանալու, թե որն է լինելու մեր 2-րդ, 3-րդ քայլը, և այդպես շարունակ: Փոփոխությունները երկրներում մեկ օրում չեն լինում, եթե նայենք եվրոպական երկրներին, ԱՄՆ-ին, իրենց պատմության մեջ ժողովրդավարությունը մեկ օրում չի հաստատվել, դրա համար ժամանակ է պետք: Ժամանակը մենք կօգտագործենք, եթե կամքը և մասնակցությունը միասին տեղի ունենան, այսինքն՝ չենք հուսահատվի, փորձեր կանենք, երբեմն հաջողություն կարձանագրենք, երբեմն՝ ոչ: Այս պահին ժողովրդի մոտ ցանկություն կա, որ սփյուռքը իր թիկունքին կանգնի։ Մինչև հիմա այս հարաբերությունը տեղի է ունեցել պետության միջոցով, նախարարությունների միջոցով, իսկ հիմա այս երկու քաղաքացիական հասարակությունները սփյուռքում և Հայաստանում պետք է սկսեն իրար հետ ծանոթանալ: Այն դիտորդները, որ մասնակցելու են այս նախաձեռնությանը, անհատներ են, որ տեսնելով այդ ցանկությունը Հայաստանի քաղաքացիների կողմից, առաջարկել են իրենց մասնակցությունը և ես հավատում եմ, որ երբ բոլորը գտնվեն այստեղ, անկախ ընտրությունների արդյունքներից, ամենալավ փորձառությունը կլինի այն, որ այդ սփյուռքի անհատները հարաբերվեն Հայաստանի քաղաքացու հետ։ Այս մասնակցությունը և շփումը տարբերվելու է Հայաստանի մեր մնացած այցելություններից: Սա լուրջ քայլ է, որը մեզ ավելի պետք է մոտեցնի:

Տպել
Ամենաշատ