News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանության առաջին խնդիրը անկախ դատական իշխանություն, անկախ դատաիրավական համակարգ ունենալն է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նրա խոսքով, մարդու իրավունքների, այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարի, ընտրությունների արդար անցկացման մասին խոսելիս հաճախ ասում են, որ պետք է ունենալ քաղաքական կամք, բայց դա վիճելի հարց է. «Իմ դիտարկումը ցույց է տվել, որ քաղաքական կամք ունենալ, նշանակում է՝ կարողանալ իշխանությունից հեռանալ: Աշխարհում այդպիսի գործիչներ եղել են, բայց նրանք եղել են հզորություններ: Իշխանությունները մեծ մասամբ կամովին բարեփոխումների չեն գնում, բարեփոխումները կատարվում են հասարակության ճնշման արդյունքում»:

Հարցին, թե որտեղի՞ց պետք է սկսել եւ ինչ քայլեր պետք է անել՝ այս ոլորտում իրական փոփոխությունների հասնելու համար, իրավապաշտպանը պատասխանեց. «Եթե մենք հասնենք նրան, որ ոստիկանությունը գործի ոչ թե իշխանության ցուցումով, այլ օրենքով, դատական համակարգի ներկայացուցիչները գործեն օրենքով, եթե դատարաններն անկախ լինեն ցանկացած մարմնից, այդ ժամանակ մարդու իրավունքները կսկսեն պաշտպանվել այս երկրում: Իսկ երբ այդ  բոլորը մի կաթսայի մեջ են, ունեն շահերի բախում, ի՞նչ մարդու իրավունքների պաշտպանության մասին խոսք կարող է լինել: Այս իրավիճակում խոսել, որ հաջորդ տարի հնարավոր է մարդու իրավունքների պաշտպանության համակարգն ավելի բարելավել, ընդամենը մոլորություն է»:

Անդրադառնալով Հայաստանում քաղբանտարկյալների առկայության խնդրին, Իշխանյանն ասաց. «Քաղբանտարկյալներ կան բռնապետական երկրներում եւ աշխարհում որեւէ բռնապետական երկիր չի ընդունում, որ ունի քաղբանտարկյալներ: Այդպես էր Խորհրդային Միությունում, այդպես է Հյուսիսային Կորեայում, Ուզբեկստանում, Ադրբեջանում եւ այլն: Ո՞րն է պատճառը քաղաքական բանտարկյալներ ունենալու՝ ամեն գնով իշխանությունը պահպանելու եւ դատական համակարգի միջոցով պատժել, այն մարդկանց, որոնք ըմբոստ են, չեն ենթարկվում այն խաղի կանոններին, որոնք դրել են Հայաստանի իշխանությունները»:

Իսկ որքանով է կայացած եւ արդյունավետ գործում Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, հարցին էլ արձագանքեց. «Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը ներդրվել է որպես օժանդակ կառույց: Եվ երբ որեւէ պետության մեջ գործում է անկախ դատական իշխանություն, այդ երկրներում այս ինստիտուտը արդյունավետ է գործում: Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը դատարանի դեր չի կատարում, այլ դատարանի հոգսը թեթեւացնելու: Այն երկրում, երբ չկա անկախ դատական իշխանություն, չի կարող այս ինստիտուտն արդյունավետ գործել: Հայաստանում, ի տարբերություն, այլ բռնապետական երկրների, գոյություն ունի հասարակական կարծիք: Օրինակ՝ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանը միշտ գովաբանում է իշխանություններին, բայց Հայաստանում, քանի որ կա հասարակական կարծիք, մարդու իրավունքների պաշտպանը երկու ճանապարհ ունի՝ կամ վարկաբերկվել՝ պաշտպանելով իշխանությանը, կամ բարձրացնելով իսկապես լուրջ հարցեր, հալածվել իշխանության կողմից, շրջափակվել եւ չկարողանալ շարունակել իր գործունեությունը: Հայաստանում Մարդու իրավունքների 3 պաշտպաններն էլ անցել են երկրորդ ճանապարհով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ